Սեփականատերն ու քաղաքացին

Սեփականատերն ու քաղաքացին

Մեծ տարբերություն չկա մեր կենցաղի եւ մեր պետության, երկրի հանդեպ վերաբերմունքի մեջ: Տասնամյակներ շարունակ Հայաստան ժամանող հյուրերը զարմանում էին, թե ինչպես է հայ մարդը սիրուն, շքեղ ապարանքներ կառուցում, իր բնակարանը պալատ սարքում, հետեւում դրա մաքրությանն ու բարեկեցությանը եւ որքան անտարբեր է իր իսկ շենքի շքամուտքի, աստիճանավանդակի, բակի, փողոցի նկատմամբ: Տարածքը, որը կոնկրետ մարդու սեփականությունն է, ուղղակի շողշողում է մաքրությունից, շքեղ ու ճաշակով կահավորանք ունի, իսկ շքամուտքը, որտեղ մեկից ավելի համասեփականատեր կա, որքան անխնամ է ու կեղտոտ:

Այո, մեզանում շատ քիչ մարդիկ են հանրային, համատեղ օգտագործման ենթակա տարածքները բարեկարգում, մաքրում` իրենց ուժերով: Այդ պարագայում մենք ինչո՞ւ ենք զարմանում, երբ Բաղանիսի բնակիչներն անտարբեր են Կիրանցի ճակատագրի հանդեպ, եղեգնաձորցիները ոչ մի կերպ հետաքրքրված չեն, թե ինչ է կատարվում Սիսիանում, իսկ վանաձորցիների համար միանգամայն մեկ է, թե Ջերմուկի սարերում ով է այսօր կանգնած: Սրանք նույն մեդալի տարբեր երեսներն են, նույն երեւույթի տարբեր դրսեւորումները: Սա նաեւ մեր ազգի այլեւս անդառնալի թվացող պառակտվածության մասին է խոսում, ինչը հետեւողականորեն իրականացնում են այս իշխանությունները` ներշնչելով, որ ոչինչ սարսափելի տեղի չի ունեցել` ո՛չ Արցախը հանձնելն էր մեծ ողբերգություն, ո՛չ այն, որ Սեւ լճի ու Ջերմուկի բարձունքներում ծվարել է թշնամին, իսկ Կապանի գլխին ծածանվում է ադրբեջանական դրոշը: Կեղծ խաղաղության եւ փայլուն ապագայի մասին ՔՊ-ական հեքիաթները, իշխանական մանիպուլյացիաները մեր ժողովրդի մի մասը դեռ շարունակում է հաճույքով կլանել ու մարսել: Սեւ լիճն իրենց տնից չի երեւում, Կիրանցի ճակատագիրն էլ իրենց չի սպառնում: