Կինոն ոչ միայն արվեստ, այլև քաղաքական նշանակության արդյունավետ գործիք է

Կինոն ոչ միայն արվեստ, այլև քաղաքական նշանակության արդյունավետ գործիք է

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երեկ խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել՝ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով։

Լսումներն ու մտքերի փոխանակումները տեւեցին շուրջ 3 ժամ, որի ընթացքում կինոյի մասին օրենքի եւ ընդհանրապես՝ կինոոլորտի խնդիրների մասին խոսեցին մեկ տասնյակից ավելի բանախոսներ, կինոգործիչներ։ 

Գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն իր խոսքում նկատեց, որ կինոյի օրենսդրական խնդիրը կարգավորելու անհրաժեշտությունը ծագել է դեռ անկախության առաջին տարիներից, սակայն լուծում չի ստացել, մի դեպքում չի գիտակցվել խնդրի կարեւորությունը, մեկ այլ դեպքում եղել է քաղաքական կամքի բացակայության հետեւանք։ 

Ավիրված «Հայֆիլմի» ու կինոժառանգության ֆոնին հաճախ առանձին անհատներ կարողացել են ինքնակազմակերպման ճանապարհով դուրս գալ միջազգային հարթակներ, հանրայնացնել ու միջազգայնացնել հայկական կինոն։ Այս առումով, ըստ Խզմալյանի, առանձնակի կարեւոր է «Ոսկե ծիրանի» դերը, որի շնորհիվ կարողացել ենք ձեւավորել որոշակի կինոմշակույթ, հանդիսատեսին կինոթատրոն վերադարձնել։ «Ակնհայտ է, որ Հայաստանը կունենար շատ ավելի զարգացած կինոարտադրություն, եթե տասնամյակներ առաջ մշակված լիներ հայկական կինոյի զարգացման ռազմավարությունը, ստեղծվեին կինոոլորտը կարգավորող օրենսդրական հիմքեր։ Կինոն ոչ միայն արվեստ է, այլեւ հսկայական քաղաքական նշանակություն ունեցող ոլորտ եւ արդյունավետ գործիք ցանկացած երկրի միջազգային ճանաչման հարցում»,- ասաց Խզմալյանն ու ընդգծեց, որ ոլորտի օրենսդրական կարգավորումները նպատակ են հետապնդում օրենսդրորեն ապահովել կինոոլորտի զարգացումը՝ կինոարտադրությունից մինչեւ կինովարձույթ։ 

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես փաստեց, որ այս տարիների ընթացքում չի եղել քաղաքական կամք, եւ պետության համար եղել են այլ առաջնահերթություններ։ «Չի եղել այն պարզ գիտակցումը, որ եթե այսօր Հայաստանն ունի մրցունակ բրենդ, դա մշակույթն է, որն իսկապես կարող է տնտեսական լուրջ գործոն դառնալ, ինչը մենք չենք հասկանում կամ անգրագետ հաշվարկներ ենք անում։ Լինենք անկեղծ՝ պետական բյուջեն դեռ երկար տարիներ չի կարողանալու իր վրա կրել կինեմատոգրաֆիայի զարգացման դերը, բայց կարողանալու է համաֆինանսավորել։ Կինոյի մասին օրենք ընդունելով՝ արդյոք լուծելո՞ւ ենք ՀՀ-ում կինոարտադրության ամբողջ խնդիրները, արդյոք օրացույցում Կինոյի օր ունենալով՝ մենք լուծելո՞ւ ենք կինոյի խնդիրները։ Ո՛չ։ Մենք պետք է հասկանանք՝ սա համալիր խնդիր է։ Այս խնդիրը կլուծվի, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն, որ մշակույթը բրենդ է»,- ասաց նա ու հավելեց, որ ոլորտի օրենսդրական կարգավորումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ապահովել ՀՀ-ում կինոոլորտի զարգացումը։  

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանն էլ նշեց, որ ««Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի» կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ դեռեւս 2019 թ. հունվարից մշակվում է «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի առաջին տարբերակը շուտով կդրվի հանրային քննարկման: Հայաստանյան կինոհամայնքի բազմաթիվ ներկայացուցիչների, պրոֆեսիոնալ գիլդիաների անդամների, ֆիլմարտադրող եւ այլ ընկերությունների հետ հանդիպումների, ավելի քան 25 ֆոկուս-խմբային քննարկումների արդյունքում պրոֆեսիոնալ մասնագիտական խմբի կողմից ստեղծված օրենքի նախագիծը ներկայացվել է նաեւ առաջին միջազգային փորձագիտական քննարկմանը, որի ընթացքում հանգամանորեն քննարկվեցին օրենքի հայաստանյան նախագծի բոլոր դրույթները: Կինոն դիտարկելով որպես ազգային մշակույթի անքակտելի մաս՝ Մանուկյանը կարծում է, որ օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է փորձել նպաստել հայկական կինոարտադրության զարգացմանը եւ տրվող պետական աջակցությունը ծառայեցնել ոլորտի բարգավաճմանը։ 

«Ոսկե ծիրան» փառատոնի «Գաիֆ պրո» ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանը նկատեց, որ եթե անգամ պետության կողմից կինոյին հատկացվող այդ փոքր գումարն արդարացի եւ թափանցիկ է բաժանվում, իսկ ինֆորմացիան տարածվում է ամբողջական, հնարավոր է հասնել լուրջ նպատակների։ 

«ԼեգալԼաբ» իրավաբանական խմբի ղեկավար Նարեկ Աշուղաթոյանի դիտարկմամբ՝ օրենքում փորձել են ներառել այնպիսի դրույթներ, որոնք ընդհանուր ոլորտը կարգի կբերեն, այլ ոչ թե կոնկրետ անձի կոնկրետ շահեր կսպասարկեն։ Հաշվի են առել տարբեր երկրների դրական փորձը՝ միաժամանակ կարեւորելով, որ այդ փորձն իրատեսական լինի եւ կիրառելի մեր երկրում․ «Առանց պետական աջակցության, այդ ոլորտն ինքնուրույն չի կարող զարգանալ․ սա եղել է օրենքի անկյունաքարը, որի վրա ուշադրություն ենք դարձրել»։ 

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյաննի կարծիքով՝ 4 քայլ է հարկավոր անել, որպեսզի համաշխարհային կինոցուցակում մեր կինոն իր տեղը գրավի․ առաջինը դեբյուտային ծրագիրն է, ըստ որի՝ ամեն տարի պետաջակցությամբ պետք է նկարվի առնվազն 5 կարճամետրաժ ֆիլմ։ Նա ընդգծում է՝ հայկական ֆիլմի ապագան համատեղ գործունեությունն է, ըստ այդմ՝ 2-րդ քայլը պետք է լինի Ռուսաստանի, Վրաստանի հետ համատեղ ֆոնդեր բացելը, ովքեր արդեն պատրաստ են մեծ գումարներ ներդնել։ «Մեր պետության կողմից տրվող 600 մլն դրամն էլ բավարար է՝ զարգացնելու հայկական կինոն․․․։ Քայլ 3-րդ․ այն ֆիլմերը, որոնք պետք է արժանանան պետաջակցությանը, պետք է ունենան մի ուղղություն, նրանք պետք է լինեն համաշխարհային շուկայի համար»,- ասում է նա ու որպես 4-րդ քայլ՝ խնդրում հայկական կինոյի վրայից հանել ԱԱՀ-ն․ «Մեծ ներդրողները չեն գա եւ Հայաստանում գումար չեն ներդնի կինոյի վրա։ ԱԱՀ-ն հանելուց հետո՝ մի քանի տարի հետո նկարվող ֆիլմերի թիվը կկրկնապատկվի»։ 

««Հայֆիլը» ոչ թե չկա, այլ գործում է իր սահմանափակ կարողություններով»,- ասաց «Հայֆիլմի» տնօրեն Դավիթ Կարապետյանը։ Նա առաջարկեց պարզել, թե մինչեւ օրենքը կյանքի կոչելը ով կամ ովքեր են այն համակարգելու։ 

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի կարծիքով՝ «Կինոյի մասին» օրենքն ընդունելուց առաջ նախ պետք է կատարվի կինոյի պետական կառավարման մոդելի կառուցվածքի փոփոխություն, որն անարդյունավետ է այսօր գործում։ Օրենքն ընդունելով՝ կդժվարանա կառուցվածքային փոփոխություններ անելու հանգամանքը, ավելին՝ գործադիրը պետք է նախաձեռնի այդ կառուցվածքային փոփոխությունները։ 

Կինոպրոդյուսեր Հայկ Օրդյանն էլ նշեց, որ պետք է ապակենտրոնացնել նաեւ կինոդաշտը, Երեւանից դուրս գրեթե կյանք գոյություն չունի։ Եթե, օրինակ, կինոգործիչը ցանկանում է նկարել մի ֆիլմ Տավուշի մարզում, տեսնում է, որ ոչ մի ենթակառուցվածք գոյություն չունի։ Ըստ նրա, այնպիսի գործիքակազմ պետք է լինի, որ մարդիկ ցանկանան մարզերում արտադրություն հիմնել կամ աշխատել․ «Սա կարեւոր կետ է կինոարտադրության մեջ, դրանով պայմաններ կստեղծենք նաեւ դրսի կինոարտադրողների համար, ովքեր կգան եւ նկարահանումներ կիրականացնեն ՀՀ-ում»։