Ընդդիմադիր թևերն իրար են մեղադրում Նիկոլին բերելու մեջ

Ընդդիմադիր թևերն իրար են մեղադրում Նիկոլին բերելու մեջ

Ընդդիմադիր տարբեր թևերի միջև կռիվ է ընկել: Քանի որ Նիկոլ Փաշինյանին առայժմ ոչ ոք չի կարողացել հեռացնել, հիմա սկսել են իրար մեղադրել, թե ով 2018-ին Նիկոլին բերեց իշխանության: Քոչարյանակականները, ՀՀԿ-ականներն ու Միքայել Մինասյանի կողմնակիցները` գումարած Վանեցյանի թիմից որոշները, երկու օր է` Ֆեյսբուքում խառը մարտեր են մղում իրար դեմ: Միքայել Մինասյանին հարող պերսոնաժները կամ նրա երբեմնի թիմակիցները այս օրերին ուղղակի կամ անուղղակի կերպով քոչարյանականներին են մեղադրում 2018-ին Սերժին մերժելու և հրապարակում մարդաքանակ ապահովելու մեջ: Քոչարյանակականներն էլ պատասխան հարվածով են հանդես եկել` Մինասյանին ու նրա թիմակիցներին մեղադրելով մեդիա ռեսուրսներով ու տարատեսակ տեխնոլոգիաներով «Մերժիր Սերժին» շարժմանն աջակցելու մեջ: Այս խառը փոխհրաձգությանը զուգահեռ` երբեմնի դաշնակիցներ վանեցյանականներն ու ՀՀԿ-ականներն են իրար դեմ դուրս եկել ու փոխադարձ ստատուսներով իրար են խայթում: 

Նիկոլին իշխանության բերելու մեղավորների փնտրտուքի մեջ, բնականաբար, չեն մոռանում նաև Սերժ Սարգսյանին ուղիղ մեղադրել Նիկոլին իշխանության բերելու, նրան իշխանությունն այդպես հեշտությամբ զիջելու մեջ: Սրան էլ հակադարձում են ՀՀԿ-ականները, հիմնականում` երիտթևի մակարդակով, որոնք դարձյալ սլաքներն ուղղում են դեպի հրապարակում հավաքված ամբոխը` ակնարկելով այնտեղ ներկա գտնված տարբեր քաղաքական դերակատարների և միավորների, որոնք այսօր Նիկոլին են մերժում, իսկ այն ժամանակ Սերժին էին մերժում: ՀՀԿ-ականները, բնականաբար, ոչ մի կերպ չեն ուզում ընդունել այն վարկածը, որ Սերժին մերժել են ոչ միայն քոչարյանականները, մինասյանականները, դաշնակցականներն ու ԲՀԿ-ականները, որոնք գուցե հույս ունեին, որ Սերժին հեռացնելով Նիկոլի փոխարեն հենց իրենք հնարավորություն կունենան գալ իշխանության` «հանուն հայրենիքի», այլ Սերժին մերժել է հենց ինքը` Սերժը: Ի վերջո, եթե Սերժ Սարգսյանը դեմ լիներ իրենց մերժող այդ շարժմանը, նա գուցե ժամանակին գործուն քայլեր ձեռնարկեր այդ ազգակործան պրոցեսը օր առաջ կանխելու համար և ապրիլի 23-ին դժվար այդպես հեշտությամբ հրաժարական տար: 

Այս ամենի վերաբերյալ երեկ «ամփոփիչ» գրառմամբ հանդես եկավ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը` գրելով. «2018-ին Նիկոլի կողմից իշխանությունը վերցնելու գործում մեղավորների փնտրտուքը, իսկ ավելի ճիշտ՝ իրար վրա գցելը, ի՞նչ է մեզ հիմա տալիս: Հենց հիմա, երբ Նիկոլը դեռ իշխանության է, որի հետևանքով էլ թշնամին հենց այս պահին կանգնած է կոկորդներիս:

Ի՞նչ է դա տալիս մեզ, Հայրենիք երազողներիս ու պաշտպանողներիս: Վստահ եմ, որ ՈՉԻՆՉ չի տալիս: Առնվազն դրական իմաստով՝ ոչինչ:
Իսկ թե ով էր մեղավոր, ով ինչ արեց կամ չարեց, ով պիտի աներ կամ չաներ 2018-ին՝ կքննարկենք այն ժամանակ, երբ Նիկոլն այլևս (որպես իշխանություն, փաստացի և իրավաբանորեն) գոյություն չի ունենա»:

Բաբայանը, սակայն, միամտորեն կարծում է, որ Նիկոլը կհեռանա կամ կհեռանա այնպիսի խաղաղ իրավիճակում, որ մարդիկ ժամանակ ու հնարավորություն կունենան բոլոր խնդիրները թողած` քննարկել, թե 2018-ին ով ինչով էր մեղավոր Նիկոլին իշխանության բերելու հարցում: Իսկ մեղավոր էին բոլորը կամ գուցե բոլորս: