Փոխանակ մի բան ստեղծեն, հարյուր տարեկան մանուկների են մորթում
«Հրապարակը» անդրադարձել է մանկապատանեկան մամուլի՝ «Կանչ»-ի, «Աղբյուր»-ի, «Ծիծեռնակ»-ի ճակատագրին, որոնք նոր Հայաստանում դատապարտված են փակվելու։ Եթե տասնամյակներ շարունակ նրանք հրատարակվելու խնդիր չեն ունեցել, քանի որ ստացել են պետական ֆինանսավորում, ապա թավշյա հեղափոխությունից հետո կրթության եւ գիտության նախարարը որոշել է, որ ոչ թե լինի մշտական ֆինանսավորում, այլ դա կատարվի մրցույթի միջոցով։ Եվ ավանդական ամսագրերն էլ, պարզվում է, որ չեն համապատասխանել հայտարարված մրցույթի չափանիշներին։
«Աղբյուր» հանդեսի գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանը նշում է, որ արդեն հինգերերոդ ամիսն է, ինչ հանդեսը լույս չի տեսնում։
«Մենք նամակ գրեցինք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, սակայն պատասխան չենք ստացել։ Զանգահարեցինք, ասացին, որ հանձնաժողովի, թե ենթահանձնաժողովի նիստ են անելու, մեզ էլ հրավիրել են, մայիսի 15-ին լինելու է նիստը»,- ասաց նա։
Հետաքրքրվեցինք, թե այսօր մանկապատանեկան մամուլն ունի՞ իր ընթերցողական շրջանակը, սպառվո՞ւմ է։
Թադեւոս Տոնոյանն արձագանքում է․ «Արգելել էին դպրոց մտնել, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատության» եթերում հայտարարում է, որ գնացել, դպրոցներում հարցում է անցկացրել, մեծ մասը չեն ճանաչում, չգիտեն այդ ամսագրերի մասին։ Արգելում են դպրոց մտնել, հետո գնում, դպրոցներում հարցում են անցկացնում։ Հետո նախարարը գնացել է, Երեւանի դպրոցներում է հարցում արել, թող գնար, սահմանամերձ գյուղերի դպրոցներում աներ այդ հարցումը։ Ինքը գնացել է Երեւանի դպրոցները, այնտեղ հարցում արել, որոնց տնօրենները նախկին իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մեջ են եղել, երբեք չեն կարեւորել մանկապատանեկան մամուլը, որովհետեւ դրա մեջ փող չի եղել։
Իսկ այն տեղերում, որտեղ մենք կապեր ունենք, երեխաները մինչեւ հիմա սպասում են ամսագրին, զանգում են, հետաքրքրվում։ Մենք այսօր համաշխարհային գրականությունից ենք թարգմանություններ անում, ներկայացնում, երեխաների նոր ստեղծագործություններն ենք ներկայացնում, անընդհատ կապը կա նրանց հետ, խմբագրում ենք նրանց ստեղծագործությունները, սովորեցնում։ Ունենք նաեւ հոգեբանի էջ, ներկայացնում ենք նաեւ հերոսների կենսագրությունները, սխրանքները։ Իրենց թվաց, թե սա Սովետի մնացուկ է, բայց տեղյակ չեն, որ մենք Սովետի տարիներին ֆիդայինների կենսագրությունները շարքերով տպագրել ենք եւ նախապատրաստել Արցախի ազատագրական շարժումը։
Դա նաեւ մե՛ր շնորհքն է, որ նման սերունդ է դաստիարակվել»։
ԿԳՆ-ից «Աղբյուր» ամսագրից պահանջել են կայք ստեղծել։ Թադեւոս Տոնոյանն էլ իր հերթին հարցնում է, թե ինչպես վարվեն այդ դեպքում, երբ տարեցտարի մանկապատանեկան մամուլին տրվող ֆինանսավորումը պակասեցրել են։ Նա հիշում է, որ ժամանակին կռիվ է տվել Տիգրան Սարգսյանի կառավարության հետ եւ կարողացել աղմուկի միջոցով այդ հարցը լուծել։
«Փոխանակ մի բան ստեղծեն, նոր փակեն, ամեն ինչ կտրում են, հարյուր տարեկան մանուկների են մորթում։ Այդ պարբերականները հարյուր տարի սերունդ են կրթել, դաստիարակել»,- նշեց Թադեւոս Տոնոյանը՝ հավելելով, որ կան երեխաներ, որոնք պատրաստ են ամսագրերի փակման դեմ ցույց անել։
Կարծիքներ