Գասպարյան Օնիկը ասաց՝ կռիվ ենք տալու, այդ անկլավը չենք զիջելու. Կապանի քաղաքապետը մանրամասներ պատմեց ԳՇ պետի հետ հանդիպումից

Գասպարյան Օնիկը  ասաց՝ կռիվ ենք տալու, այդ անկլավը չենք զիջելու. Կապանի քաղաքապետը մանրամասներ պատմեց ԳՇ պետի հետ հանդիպումից

Այսօր յուրաքանչյուր քաղաքացու պետք է մտահոգի այս ճգնաժամային իրավիճակը, քանի որ խաթարվում են պետականության հիմքերը և շատ լուրջ անվտանգային սպառնալիքներ են առաջանում՝ առավել Սյունիքի և սյունեցու, այնպես էլ ամբողջ երկրի համար: Գտնում եմ, որ սյունեցիները, հատկապես կապանցիները, պետք է կտրվեն իրենց առօրյայից և ուշադրությունը սևեռեն ներկայիս պատմության ընթացքի վրա, քանի որ այսօր կերտվում է ոչ միայն մեր, այլև մեր սերունդների ապագան։ Այս մասին քիչ առաջ Կապանում ընթացող հանրահավաքի ժամանակ ասացքաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Մենք մինչև նոյեմբերի 9-ը զբաղեցրել էինք այնպիսի բնագծեր, այնպիսի բարձունքներ, որ ամբողջովին ապահովում էինք մեր բնակավայրերի և բնակիչների անվտանգությունը: Ինձ մոտ մտավախություն կար, որ հնարավոր է հրահանգվի, որ մենք այդ բնագծերը զիջենք, դրա համար խնդրեցի հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ: Նոյեմբերի 23-ին կամ 24-ին գեներալ Վալերի Քոչարյանի հետ հանդիպեցինք Օնիկ Գասպարյանին: Նրան հարց տվեցի, թե այս բնագծերի ճակատագիրը ի՞նչ է լինելու, նա ասաց, որ շատ լավ հասկանում է այդ բնագծերի և այդ անկլավի կարևորությունը: Ասաց՝ զինված ուժերը շատ բան անել չեն կարող, որովհետև այսուհետ դիվանագետները պետք է փորձեն քննարկումների արդյունքում հարցեր լուծեն, բայց միանշանակ այդ անվտանգության գոտի հատվածը չպետք է անգամ քննարկվի բանակցությունների ընթացքում, եթե անհրաժեշություն էլ լինի կռիվ ենք տալու, կռիվ ենք տալու այդ բնագծերի, այդ անվտանգության գոտու համար, ոչ մի պարագայում այդ անկլավը չենք զիջելու»,- ասաց քաղաքապետը:

«Հարցին՝ ինչ ենք անելու, ասաց՝ ամրանում ենք: Ամրացանք, կառուցեցինք երկրորդ, երրորդ պաշտպանական բնագծերը, դիրքերը առաջ տվեցինք, մեր համար շահեկան բարձունքներ գրավեցինք: Բայց դեկտեմբերի 15-16-ին հյուր եկավ ռուս խաղաղապահ զորքերից մեկն ու հարցրեց՝ ե՞րբ ենք պատրաստվում բնագիծը զիջել: Մնացի շիվարած: Ասաց՝ խի տեղյա՞կ չեք, քաղաքական ղեկավարությունը ձեզ չի՞ ասել», - պատմեց Կապանի քաղաքապետը:

Փարսյանն ասաց, որ երկար քննարկեցին հարցը, փորձեց օգտագործել նաև անձնական կապերը, հրամկազմի հետ քննարկումներից հետո որոշել էին չզիջել բնագծերը։ Բոլոր մեթոդները փորձելով, հասկացան, որ տարբերակ չի մնում, քան ճանապարհներ փակելը։

«Ես ասել եմ՝ Նիկոլի հետ ճանապարհ փակելն եկել է, իր հետ էլ պետք է վերանա»։ Փարսյանը հիշեցրեց, որ այդ տարբերակն աշխատեց։ Համայնքի ղեկավարները հանդիպեցին պաշտպանության նախարարին, պատրաստ էին չզիջել դիրքերը, իսկ նախարարն ասել է.

«Ես ոչ մեկին չեմ կարող ասել զիջեք, կամ մի զիջեք, բայց ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս դեմ լինել»։ Համայնքապետերն էլ հիասթափված՝ զիջեցին բարձունքներ ու դիրքեր, փոխարենը՝ ստացան մի շարք խնդիրներ։