Մեր փառքը չէ, ՀՀ քաղաքացու փառքն է

Մեր փառքը չէ, ՀՀ քաղաքացու փառքն է

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացված 124 միլիոն դրամի մասին կառավարության որոշումից հետո երեկ ակտիվ քննարկումներ եւ երկար ցանկեր ներկայացվեցին, թե ինչ կարելի էր անել այդ 124 մլն դրամով։ Արդարացվա՞ծ եք համարում հանրային որոշ շրջանակների մտահոգությունները՝ հարցրինք «Իմ քայլից» Հրաչյա Հակոբյանին։ «Իհարկե՝ ոչ, համաձայն չեմ, թե գումարը շատ է․․․ Կառավարությունը՝ ինքը գիտի, թե ինչպես տնօրինի իր մոտ եղած գումարները, եթե որոշել է, որ այդքան գումար պիտի հատկացնի, ուրեմն, վստահաբար, շատ չէ»։ Թե ինչ է արվելու այդ գումարով, նա չգիտի, սակայն պնդում է, որ պետք է այդ օրը տոն դարձնել։

Մինչդեռ ԼՀԿ-ում կարծում են, որ իշխանությունն այդքան թանկ չպետք է իր «փառքն ամրագրեր»․ «Դա մեր փառքը չէ, դա ՀՀ քաղաքացու փառքն է, ե՞րբ պիտի մեր ընդդիմադիր գործընկերները հասկանան, որ էս հաղթանակը մեր հաղթանակը չէ, այլ քաղաքացիներինն է»։ Բայց այդ գումարը նաեւ ոչ հեղափոխական հարկատուների միջոցներից եք ծախսելու։ «Ի՞նչ անենք․․․ էդ 124 միլիոնից հաշվենք-հանե՞նք, ասենք՝ դուք չեք մասնակցելու էդ տոներին, ձեր փողերը տանք, հա՞»։ Հիմա հեղափոխությանը չմասնակցած մարդիկ ի՞նչ անեն, որ չեն մասնակցել։ «Ի՞նչ անեն… թող ուրախանան, որ գոնե քաղաքացիները տոնում են իրենց տոնը, գոնե դրանով ուրախանան, եթե չեն ուրախանում, որ քաղաքացուն վերադարձվել է իր իշխանությունը»։

Կարծում եք սա Հայաստանում այսօր ամենակարեւո՞ր խնդիրն էր։ «Մենք էնքան սահմանափակ չենք, որ կա՛մ այս հարցով զբաղվենք, կա՛մ այն։ Մենք սրա հետ զուգահեռ զբաղվում ենք նաեւ շատ ավելի կարեւոր հարցերի լուծմամբ»։