Ես տվել եմ Մայրապետյանին, թե ինչ է արել, չգիտեմ․ Սիլվա Համբարձումյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տա

Ես տվել եմ Մայրապետյանին, թե ինչ է արել, չգիտեմ․ Սիլվա Համբարձումյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տա

Hraparak.am-ի հարցազրույցը գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, որը, ըստ Քոչարյանի պաշտպանական խմբի, մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման հոդվածին ավելացրել է նորը՝  առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը: «Կաշառք ստանալ, որը վերաբերում է (գործարար) Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու գաղափարին։ Որևէ հավելյալ տեղեկատվություն չունեմ, որևէ ապացույց չունեմ, չգիտեմ ինչի հիման վրա են իրենք դա ենթադրել։ Պնդումները սուտ են, դրա հետ համաձայն չենք», - «Ազատության» հետ զրույցում հայտնել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

-Տիկին Համբարձումյան, Դուք Ռոբերտ Քոչարյանին էլ եք կաշառք տվել, 2 միլիոն։ 

-Հոկտեմբերի 6-ին կամ 2-ին կանչվել եմ «Մարտի մեկի» գործով հարցաքննության։ Թե ինչո՞ւ եմ Մայրապետյան Սամվելին փոխանցել 2 միլիոն։ Սկզբից չեմ հիշել, հետո փաստաթղթերը ցույց տալով՝ հիշել եմ, անցել էր տասը տարի։  Ում անունը տվել եմ, նա ընդունում է, որ ես փոխանցել եմ, բայց չի հիշում՝ ինչի համար։ Դրանով սահմանափակվել է իմ՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննությունը։ Մի անգամ եղել է հարցաքննություն, մի անգամ առերեսվել եմ։ Պատմել եմ՝ ինչի եմ փոխանցել, պատմել եմ, որ Մայրապետյան Սամվելին փոխանցել եմ, որ ինքն էլ փոխանցի վերադասին, որ ինձ չխանգարեն։ Բայց ես անձամբ ոչ մեկի անուն չեմ տվել, բացի Մայրապետյան Սամվելից։ Նա էլ է ընդունում, որ փոխանցել եմ, բայց չի հիշում՝ ինչի համար։ Դրանից հետո սահմանափակվել է, այլևս ոչինչ տեղի չի ունեցել։ Ես զանգահարեցի Օրբելյանին՝ Քոչարյանի փաստաբանին, ասացի՝ ես Սիլվա Համբարձումյանն եմ, Դուք երեկ հայտարարություն եք արել, դրա համար պիտի պատասխան տաք, նա ասաց ինչ-որ բան ու անջատեց հեռախոսը։

-Այդ ուրիշ անձը Քոչարյանը չի՞ եղել։

-Ես Մայրապետյան Սամվելին եմ տվել, թե ովքե՞ր են իրենց անունները տվել, չգիտեմ։ Եթե ես քեզ փոխանցում եմ, ասում եմ՝ մի հատ էս փողը շեֆիդ տուր, ես հետո գիտե՞մ, դու ինչ ես արել փողը։ 

-Օրբելյանի հայտարությունից ե՞ք իմացել, որ Ձեր հայտարարությամբ նոր գործ է հարուցվել Քոչարյանի դեմ․․․ 

-Հա ես էսօր եմ իմացել, երեկ տանն էլ չեմ եղել, հեռուստացույցով լսեցի և սկսեցի հետաքրքրվել, մեկ էլ մամուլը սկսեց զանգել ինձ։ Ես էլ ասում եմ՝ ինչ է եղել։ Գիտեք՝ ինչքան մարդ է հարցաքննվել էդ օրը, էնքա՜ն մարդ․․․։ Եթե Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, ուրիշ մարդկանց էլ պետք է առաջադրվեր, որովհետև ես հաստատ ասել եմ, որ ես Մայրապետյանին փոխանցել եմ, որպեսզի նա Սերժ Սարգսյան ա, Ռոբերտ Քոչարյան ա, Արմեն Գևորգյան ա, իրենց հետ հարց լուծի։ Իմ ցանկությամբ, ոչ թե իրենք են ուզեցել։ Ես Մայրապետյանի հետ եմ լուծել իմ հարցերը, թե նա ո՞ւմ է տվել, ինձ չի հետաքրքրել։ Կրկնում եմ՝ տվել եմ, որ ինձ չխանգարեն ո՛չ Սերժ Սարգսյանը,ո՛չ  Արմեն Գևորգյանը, ո՛չ Քոչարյանը։ 

-Որ չխանգարեն ի՞նչ գործունեության համար։

-Հանքարդյունաբերության մեջ։

-Հետո պայմանավորվածությունը պահո՞ւմ էին, այսինքն՝ 3 տարի ձեռք չէին տալիս։

-Հետո Սերժը գիտեք՝ ինչ արեց․ ինձ 2010 թվին զրկեցին լիցենզիայից։ Լիքը բաներ եղան, բայց դրանից հետո ես չեմ հարցաքննվել։

-Դուք չե՞ք կարծում, որ նախաքննությունը Ձեզ օգտագործում է որպես վկա։

-Ինձ չեն էլ կանչում որպես վկա։ Ես ընդամենը․․․ Եթե ես ասեմ՝ Անուշին կաշառք եմ տվել, քննիչը Անուշին կձերբակալի՞, պետք է առերեսվենք չէ՞, Անուշ ջան։ Առերեսվենք, որ տեսնեն՝ իրո՞ք տվել եմ։

-Դուք Քոչարյանի հետ չե՞ք առերեսվել։

-Ոչ։

-Իսկ պատրա՞ստ եք առերեսման։

-Պատրաստ եմ, ինչո՞ւ պատրաստ չեմ։ Ես էդ մարդու հետ չեմ շփվել։ Մայրապետյան Սամվելի հետ է եղել իմ ամբողջ գործունեությունը, թե նա ինչ է արել, ես կարո՞ղ եմ իմանալ։ Ես իմ ողջ կյանքում մի հատ հայտարարություն եմ տվել՝ Արամ Հարությունյան։

-Մայրապետյանին չե՞ք հարցրել՝ ում է տվել։

-Չէ, ես իրեն այլևս չեմ տվել, տեսել եմ առերեսման օրը։

-Ասում են, որ Դուք դարձել եք բոլորի դեմ վկա։

-Չէ, բացի Մայրապետյան Սամվելից (ինքնակամ), որի  հետ էլ առերեսվել եմ, և դրանից հետո է իրեն մեղադրանք առաջադրվել, որովհետև նա ընդունել է, որ ես, այո, փոխանցել եմ։ Դա բանկով փոխանցվել է, եթե «քյաշով» փոխանցված լիներ, չէի ասի, որովհետև ըտեղ ապացույց չկա։

-Գործին ընթացք է տրվել, քրեական գործ է հարուցվել, հիմա եթե կանչեն, Դուք չե՞ք պնդելու Քոչարյանի դեմ մեղադրանքը՝ որ կաշառք եք տվել։

-Ես Մայրապետյան Սամվելին եմ տվել, նա ում ինչ է արել, չեմ իմանում։

-Դուք բարկացա՞ծ եք, որ դիտարկվում եք որպես Քոչարյանի դեմ պոտենցիալ ցուցմունք տվող անձ։

-Շատ։ Ես զանգել եմ Օրբելյանին, ասել եմ՝ Սիլվա Համբարձումյանն եմ, դու կարո՞ղ ես  պատասխան տալ, ինքը անմիջապես հեռախոսն անջատեց։ Բա եթե փաստաբանն ես, նորմալ տղամարդ ես, խոսեիր հետս։

-Դուք զանգել եք նախաքննության մարմնին, հարցրե՞լ եք, թե ինչ է հարուցվել, ինչպես։

-Զանգել եմ, ասում եմ՝ սա ի՞նչ է․․․Ասում եմ՝ մի հատ լուրերը նայեք, ասին՝ կնայենք։ 

-Այս բոլոր պատմություններից հետո հասկացե՞լ եք, որ չարժեր կաշառք տալ, լավ բան չէ կաշառք տալը․․․

-Դրանից հետո ո՞վ է տվել, դրանից հետո ինձ խանգարել են, Սերժը․․․

-Չէ, առհասարակ։  

- Ես առհասարակ կաշառք չեմ տվել, ես իմ խելքով աշխատել եմ, որ կաշառք տված լինեի, էսքան պրոբլեմներ չէի ունենա։ Իսկ Մայրապետյանինը միակն է եղել, որ ինքս եմ առաջարկել, որ ինձ չխանգարեն։

Հ․Գ․ Մինչ գրվում էր հարցազրույցը Սիլվա Համբարձումյանը հետ զանգեց եւ ասաց, որ իրեն զանգահարել է Արամ Օրբելյանը, ու ինքը իրեն հարցրել է՝ ես Քոչարյանի հետ առերեսվե՞լ եմ, որ նման բան եք հայտարարում, ինքը ձայն չի հանել։