Աշխատավարձերի բարձրացումը պատուհաս՝ Մարությանի գլխին․ իմքայլականները ընդդիմադիր են դարձել

Աշխատավարձերի բարձրացումը պատուհաս՝ Մարությանի գլխին․ իմքայլականները ընդդիմադիր են դարձել

Երեկ Երեւանի քաղաքապետարանում նախատեսվում էր անցկացնել  ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պիտի քննարկվեր քաղաքապետ Հայկ Մարությանի բերած բյուջեի նախագծի փոփոխության ու հաստիքացուցակի հարցը: Սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց նիստը, անդամների մեջ տարաձայնություն է եղել Մարությանի բերած նախագծի հարցում, չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, արդյունքում բոյկոտել են հանձնաժողովի նիստը: Խմբակցության նիստն անցել է լարված մթնոլորտում, ներսից լսվել են գոռգոռոցներ, վիճաբանության ձայներ: 

Այսօր կրկին փորձելու են անցկացնել ֆինանսավարկայինի նիստում, որովհետեւ վաղը տեղի է ունենալու արտահերթ ավագանու նիստը, որտեղ օրակարգային հարցը բյուջեն եւ հաստիքացուցակն է: Նիստը նշանակված է 19:30-ին: 

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ եթե այսօր եւս նիստը տապալեն, ապա վաղվա նիստում չի քննարկվի այդ հարցը․ «Եզրակացություն է հարկավոր, եթե նիստ այսօր կրկին տեղի չունենա, ապա միայն իմ նախագիծը կքննարկվի՝ գեղասահքի դպրոցի անվանափոխման հետ կապված»:

Նա նաեւ նշեց, որ վաղվա ավագանու նիստին պատրաստվում են ելույթներ ունենալ:
«Իմ քայլի» ավագանու անդամ Գրիգոր Երիցյանն էլ աշխատավարձերի կրկնակի բարձրացումն այս փուլում նպատակահարմար չի գտնում․ «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ քաղաքապետարանի աշխատակազմը ցածր աշխատավարձ է ստանում իր լիազորությունների և պատասխանատվության աստիճանի հետ համեմատ։ Հատկապես խոցելի են քաղաքապետարանի ստորին օղակի աշխատակիցները, ում համար աշխատավարձի 30%-ի բարձրացումը կարևոր սոցիալական հարցեր կարող է լուծել։ Միևնույն ժամանակ, քաղաքապետարանում շարունակում են պաշտոնավարել ցածր որակավորում ունեցող համայնքային ծառայողներ, իսկ հանրային կառավարման համակարգում պրոֆեսիոնալ կադրերի ներգրավման համար անհրաժեշտ է առաջարկել համապատասխան վարձատրություն։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս փուլում քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձի գրեթե կրկնակի բարձրացումը նպատակահարմար չէ և չի բխում սոցիալական արդարության և համերաշխության մեր որդեգրած հեղափոխական սկզբունքներից։ Քանի դեռ Հայաստանում չի բարձրացել նվազագույն աշխատավարձի շեմը, քանի դեռ էականորեն չեն բարձրացել ուսուցիչների, մանկավարժների, համայնքային բժիշկների աշխատավարձերը՝ նման որոշումը միայն կխորացնի մեր հասարակության սոցիալական բևեռացումն ու անարդարության զգացումը»:

Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Լեւոն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվա նիստը իմքայլականները չեն բոյկոտել, ինչպես իր ՖԲ էջում գրել էր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն, այլ որոշել են մեկ օր եւս ժամանակ տրամադրել ուսումնասիրության համար․ «Որոշեցինք, որ մեկ օր եւս ուսումնասիրենք եւ խնդրեցինք, որ տեղափոխենք այսօրվա: Պարոն Խաժակյանն այդպես է ներկայացրել, բայց էստեղ խոսք գնացել է ոչ թե բոյկոտի մասին, այլ ցանկացած նիստին պետք է քվորում, բայց քանի որ երեկ մենք որոշեցինք մեկ օր եւս ուսումնասիրել, մենք մեր գործընկերներին խնդրեցինք տեղափոխել վաղվա: Ստեղ խոսքը չի գնում բոյկոտի մասին, սա գործնական շատ նորմալ երեւույթ է»:

Նա նաեւ նշեց, որ երեկվա «Իմ քայլը» խմբակցության նիստը լարված մթնոլորտում չի անցել․ «Որակավորումը, թե նիստը թեժ է անցել, դա հիմնականում նաեւ մեր գործընկներների գնահատականով է այդպես, ուղղակի մեկ տարբերության կա մեր եւ մեր գործընկեր խմբակցությունների մեջ․ իրենք փոքր քանակով են ներկայացված, իսկ մեր խմբակցությունը 57 հոգով է ներկայացված ավագանու կազմում: Պարզ է, որ եթե բոլորը մեկական րոպե խոսեն, նիստը կարող է տեւել մի քանի ժամ միայն կարծիքների փոխանակման փուլում: Մեր բոլոր նիստերը անցնում են կառուցողական մթնոլորտում»:

Լեւոն Հովհաննիսյանը նաեւ չցանկացավ հայտնել իր դիրքորշումը աշխատավարձերի կրկնակի բարձրացման վերաբերյալ․ «Ես ունենալու եմ երկու հնարավորություն իմ դիրքորոշումը ցուցաբերելու՝ հանձնաժողովի ժամանակ եւ ավագանու նիստ: Եվ դուք բոլորի դիրքորոշումները, որոնք կարտացոլվեն քվեարկությունում, կտեսնեք»: