ՀՅԴ-ն Փաշինյանի կառավարության մեջ չէ՞ր

ՀՅԴ-ն Փաշինյանի կառավարության մեջ չէ՞ր

«Հրապարակի» հարցազրույցը քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ

- Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին հանձնարարեց՝  տարորոշել նախկինների սեւազգեստ խմբերին, որոնք, ըստ օպերատիվ տվյալների, շրջելու ու բռնություն են քարոզելու, «սեւ շորերի հարցը լուծել», ապա ծաղկավոր «բաբըչկա» կապել՝ հնարավորինս վառ ծաղիկներով, ու ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանք։ Ձեր կարծիքով, այդպիսի հանձնարարականի հիմքեր կա՞ն։

- Սովորաբար  հեղափոխությունները չեն ունենում արդյունքներ,  պոզիտիվ լուծումներ։ Հեղափոխությունը միշտ փնտրում է  հակահեղափոխություն, ում դեմ պետք է պայքարել։ Երեւի արդեն շատ ակնհայտ են ձախողումները, որ Նիկոլ Փաշինյանն ամեն օր նոր թիրախ է հնարում։ Բառացիորեն երեկ չէ առաջին օրն այդ թիրախը դատավորներն էին, երեկ՝ Արցախը, այսօր արդեն սեւ վերնաշապիկավորները։ Այսինքն՝ նա ամեն օր ստիպված է հնարել նոր թիրախներ, որ արդարացնի իր ձախողումները։ Կամ որ ցույց տա, թե դեռեւս պայքարելու տեղ ունի։ 

- Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ «սեւազգեստ մարդիկ», ուղի՞ղ իմաստով, թե՞ պայմանական։

- Չգիտեմ՝ պայմանական, թե ոչ պայմական, բայց հերթական անպատասխանատու հայտարարությունն է։ Եթե նա տեսնում է ինչ-որ դավադիրներ, բռնության կոչեր անողներ, ապա, խնդրում եմ, թող կոնկրետ անուններ տա։ Եվ խնդրում եմ, որ իրավապահ մարմիններին տրվեն կոնկրետ հանձնարարականներ, որ ողջ հասարակությունը սարսափի մեջ չապրի։ Սա գործադիր իշխանության գործն է։ Պարտավոր են տալ կոնկրետ հանձնարարականներ եւ ոչ թե հասարակությանը պահեն շանտաժի մեջ։

- Այսինքն՝ ԱԱԾ-ն  ու ոստիկանությունը պետք է փողոցում սեւազգեստնե՞ր փնտրեն։

- Ինձ համար զավեշտալի է, վարչապետի համար՝ գուցե ոչ։ 

- Իսկ որ ասում եք՝ հորինում է թիրախներ, ի՞նչ նպատակով է հորինում, որ հերթական անգամ առիթ ունենա հետաձգելո՞ւ հայտարարված տնտեսական հեղափոխությունը։

- Տնտեսական հեղափոխություն չի լինելու։ Տնտեսական հեղափոխությունը պահանջում է աշխատանք, իսկ այստեղ ամեն օր անհրաժեշտ է հերոսանալ։

- Լավ, իսկ որքա՞ն է հնարավոր հերոսանալ։

- Նիկոլ Փաշինյանը կփորձի դա անել ամեն օր։ Ամեն օր փորձելու է հայտարարել նոր թիրախներ։ Երեկ, թերեւս, նկատի ունենալով  Դաշնակցությանը, ասաց՝ իսկ թալանելիս ազգային արժեքների մասին չէին մտածում։

- Սա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստական շաբլոններից է․ եթե թալանող կուսակցություն էին, ինչո՞ւ, ուրեմն, վերցրեցիր քո կառավարություն։ Եվ մյուս կողմից՝  հիմա էլ, կարծես,  թալանը պակաս չէ։ Եվ իրենք էլ եթե ազգային արժեքներից չեն խոսում, ինչ-որ «համամարդկային» արժեքներից, ԼԳԲՏ-ներից են խոսում։ 

- Այսօր Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու  միջազգային տնտեսական համաժողովին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, չգիտես ինչու, ընդգծել է․ «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»։ Ինչպե՞ս սա հասկանալ։ 

- Կարծում եմ՝ սա Նուր Սուլթանի շարունակությունն է լինելու, էլի անկյունում են նստեցնելու, էլի նվաստացնելու են։ Այսինքն՝ նորանոր լծակներ են ստեղծելու, որ ՌԴ-ն կարողանա ավելի ուժեղ ճնշումներ իրականացնել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի համար անում է անհնարինը, անում է ամեն ինչ։ Ոչ այն պատճառով, որ այդպես է պատկերացնում Հայաստանի աշխարհաքաղաքական շահը, այլ որ հաճոյանա Ռուսաստանի ղեկավարին։ Ռուսաստանի ղեկավարն էլ արդեն չի փորձում քաղաքական հաշվարկներ անել ու Փաշինյանի առաջ քաղաքական պահանջներ դնել,  գտել է նրա վրա բարոյապես ազդելու գործիքները եւ պարզապես դրանցով աշխատում է։ ՌԴ-ի կողմից նման երկիմաստ ակնարկներն էլ դրան են ուղղված։ Այսինքն՝ մի կողմից նստացնում են սեղանի անկյունում, մյուս կողմից ցույց են տալիս, որ ոչինչ կորած չէ։ Ուղղակի պետք է հնազանդվել։