Վիեննայի հանդիպումը նոր ազդակ հաղորդեց բանակցություններին․ Հիքմաթ Հաջիեւ

Վիեննայի հանդիպումը նոր ազդակ հաղորդեց բանակցություններին․ Հիքմաթ Հաջիեւ

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիեւը Azertag-ի հետ զրույցում մեկնաբանել է մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Հաջիեւը հայտարարել է, որ հանդիպումից Բաքուն բավական գոհ է եւ կարծում է, որ այն անցել է դրական հունի մեջ, կառուցողական մթնոլորտում։ «Առաջին անգամ, երկար ընդմիջումից հետո, պաշտոնապես, միջնորդությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի ղեկավարի հանդիպումը։ Սա հերթական անգամ ապացուցում է, որ բանակցային ֆորմատը մնացել է անփոփոխ, եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ են ընթանում բանակցությունները»,- ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ ներկայացնելով Ստեփանակերտին բանակցություններին մասնակից դարձնելու հետ կապված Երեւանի ներկայացրած առաջարկի հետ կապված իրենց ունեցած տեսակետը։

Հաջիեւը շեշտել է, որ բանակցային այն տեխնիկական ձեւաչափը, որը ընտրված էր Վիեննայում դրական ազդակ է հաղորդում ընդհանուր բանակցային գործընթացի վրա։ Խոսքն այս դեպքում բացի ընդլայնված հանդիպումից նաեւ երկու լիդերների առանձնազրույցի մասին է։ Հաջիեւը կարեւորել է հենց այդ «տետ-ա-տետ» զրույցի հանգամանքը, որը այս դեպքում տեւել է երկու ժամ։ Հաջիեւը, ներկայացնելով ընդհանուր արդյունքները տեղի ունեցած հանդիպման, վերահաստատել է, որ «3+2» ձեւաչափով առաջիկայում հանդիպում կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները։