Անընդդիմություն խորհրդարանը վառոդի տակառ է

Անընդդիմություն խորհրդարանը վառոդի տակառ է

Բոլոր նրանք, ովքեր մեծ-մեծ խոսում են, թե մենք ընդդիմության կարիք չունենք, ինչ պիտի անի ընդդիմությունը՝ մեր սիրելի ընդդիմությունը եկել է իշխանության, եւ նրանց հիմա պետք է թողնել, որ աշխատեն, իսկ ընդդիմություն կոչվածը միայն խանգարում է, պարզապես պատմություն վատ գիտեն։ Ոչ միայն համաշխարհային պատմություն, այլեւ մեր երկրի 30-ամյա պատմությունը, որի ընթացքում՝ բոլոր այն փուլերում, երբ մենք ընդդիմություն չենք ունեցել, կամ այդ ընդդիմությունը թույլ է եղել, բացասական երեւույթների ենք ականատես եղել։ 

Նախ՝ անպայմանորեն իշխանությունը հղփացել ու անկառավարելի է դարձել՝ իր գործողությունների, իր խոսքի, վարքուբարքի մեջ։ Անգամ եթե ընդունենք, որ վերջին տարիներին կար ընդդիմություն, հանձին «Ելք»-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի, Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի դաշինքների ու կուսակցությունների, բայց իր հավերժացման ուղին բռնած Հանրապետականն ակնհայտորեն դարձել էր անկառավարելի՝ «առաջիկա տասնամյակում իշխանությունն անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով», կառավարական ամառանոցն էին կառավարության որոշմամբ հանձնում Սերժ Սարգսյանին, օրենսդրական դաշտն էին ուզածի պես կարում-ձեւում, ժառանգներին էին կարգում տարբեր պատասխանատու պաշտոնների եւ այլն, այդ հղփանալը պետք է իր բնականոն հանգուցալուծումն ունենար եւ ունեցավ այս տարվա ապրիլ-մայիսին։

Սակայն, եթե մի փոքր հետ նայենք, ապա կտեսնենք, որ բոլոր այն փուլերում, երբ իշխանությունը որոշել է հիմնովին ճզմել ընդդիմությանը, նրան տեղ չտալ, խորհրդարանում ճնշել կամ դուրս մղել քաղաքական կյանքից, այդ բոլոր դեպքերում պատմությունն իշխանության համար տխուր ավարտ է ունեցել։

Երբ 1995-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հասարակության վստահությունը հիմնավորապես կորցրած թիմը որոշեց, որ ինքը բոլորից խելոք է եւ կարող է ցանկալի պառլամենտ ձեւավորել, նույնպես պատժվեց։ Ինչ արեցին 95-ին․ մի կողմից՝ ստեղծվեց մի մեծ նախընտրական բլոկ՝ «Հանրապետություն» միավորումը, որի մեջ մտան միմյանց հետ անհամատեղելի մարդիկ եւ ուժեր՝ ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, «Մտավորական Հայաստան», ՌԱԿ, եւ այն տարավ ձայների 50 տոկոսը։ Եթե սրան գումարենք նաեւ պրոիշխանական «Շամիրամը»՝ իր 20 տոկոսով, եւ 15 տոկոսանոց ՀԿԿ-ն, ապա պարզ կլինի, որ 7,5 տոկոսանոց ԱԻՄ-ն ու ԱԺՄ-ն չէին կարող լիարժեք ընդդիմություն լինել։ Թերեւս դա էր պատճառը, որ մեկ տարի անց՝ նախագահական ընտրություններում ողջ քաղաքական դաշտը կոնսոլիդացվեց ընդդեմ գործող նախագահի եւ փորձեց Վազգեն Մանուկյանին դարձնել նախագահ։ Այդ 2 տարիների իշխանական վարքուբարքն ի վերջո հանգեցրին 1998-ի իշխանափոխությանը, որովհետեւ ընդդիմությանը ճնշելու-խեղդելու փորձերն անհետեւանք չանցան եւ 2 տարի անց երկիրը կանգնեցրին ճգնաժամի առջեւ։

1998-99 թվականների դեպքերը եւ դրանց արդյունքում երկրում ծագած ճգնաժամը եւս կարելի է բացատրել քաղաքական առողջ պայքարի, ուժեղ ընդդիմության բացակայության եւ իշխանության՝ մենիշխանական ձգտումների եւ ագահության կոնտեքստում։ 2003-2004 թվականներին տեղի ունեցած համաժողովրդական շարժումները պակաս վճռական ու զանգվածային չէին, քան 2018-ի շարժումը։ Պարզապես մեծ թվով խանգարող հանգամանքներ կային, որ այդ շարժումներն այն ժամանակ հասնեին ցանկալի հանգրվանին։ Դրանց մեջ էր ե՛ւ ընդդիմության լիդերների անվճռականությունը, ե՛ւ մարդկանց տեղեկացվածության պակասը՝ հատուկենտ լրատվամիջոցներ էին ազատ, ե՛ւ երկրի նախագահի ձեռնարկած կոշտ քայլերն ու իշխանական լծակները չզիջելու համառությունը։ Իշխանությունն այդ շրջանում լավ կազմակերպված էր, ի տարբերություն ընդդիմության, նրան էին ենթարկվում բոլոր ուժային կառույցները, իսկ ոստիկանությունը մի դերակատարում ուներ՝ պաշտպանել իշխանությանը։

Բայց այդ դեպքերն էին նաեւ այսօրվա իրադարձությունների հիմքում ընկած։ Եվ տարեցտարի ճնշված ու զրկված հանրային ըմբոստությունը 2018-ին հասավ իր կուլմինացիային՝ ապացուցելով, որ խելացի իշխանությունը փորձում է դժգոհությունների աղբյուրները վերացնել, այլ ոչ թե դժգոհներին։ Որ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ բարեփոխումներն ու ժուժկալ կյանքը, պաշտոնը հարստացման աղբյուր չծառայեցնելը եւ հանրային կարծիքը հաշվի առնելը շատ ավելի պակաս կորստաբեր ճանապարհ են, քան այդ կարծիքն արհամարհելն ու «հաբռգելը»։

Ոչ մի իշխանություն չի մարսում իր արած սխալները, եւ ցանկացած ազդեցություն հակազդեցություն է առաջացնում։ Ինչքան շատ ես ճնշում, այնքան շատ են դա հետ վերադարձնում քեզ։ Եվ արդյունքում մի օր հեղեղը սրբում-տանում է չափն անցած իշխանավորներին։ Անգամ եթե նրանք ընտրությունների «կազմակերպման» հսկայական փորձ են կուտակել, մարդկանց ձայներն առնելու հմտություններ եւ ցանկացած ընտրության կարող են մեծ «տոկոսներ խփել» ու գրավել օրենսդիր մարմնի գերակշռող մասը։