Բավրայից Նինոծմինդա ընկած ճանապարհը վերջապես նորոգում են (տեսանյութ, ֆոտո)

Բավրայից Նինոծմինդա ընկած ճանապարհը վերջապես նորոգում են (տեսանյութ, ֆոտո)

Հայ-Վրացական սահմանի՝ Բավրայի անցակետից մինչև Նինոծմինդա ընկած ճանապարհահատվածը վերջապես նորգում են: Ավելի ճիշտ՝ հիմնանորոգում են, քանի որ մոտ 20 կմ երկարությամբ այս ճանապարհը մի քանի տարի է՝ քարուքանդ վիճակում էր, ասես ռմբակոծության ենթարկված լիներ, ասֆալտի վրա մարդաբոյ փոսեր էին գոյացել, ինչն էլ մեծապես դժվարացնում էր ջավախքցիների ելումուտը Հայաստան:

Նկատենք, որ այս ճանապարհը Ջավախքը Հայաստանին ուղիղ գծով կապող միակ ճանապարհն է, որը, կարելի է ասել, կենսական նշանակություն ունի Վրաստանում, ի մասնավորի՝ Ջավախքում ապրող մեր հայրենակիցների համար: Այն մեկ անգամ մոտ տասը տարի առաջ նորոգեցին, տենդերը, ըստ տեղեկության, թուրքական ընկերություն էր շահել, որը չափազանց  վատ, անորակ աշխատանք էր կատարել, դրա համար էլ մի քանի տարի անց այն հիմնովին քարուքանդ եղավ: Երկար տարիներ վրացական կողմը չէր սարքում կամ չէր ցանկանում սարքել այս ճանապարհը: Եվ միայն այս տարի, հուրախություն Ջավախք գնացող-եկող մեր հայրենակիցների և Ջավախքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող վարորդների, սկսեցին ճանապարհի շինարարությունը:

Արդեն մի զգալի հատված ասֆալտապատել են: Տենդերը, որքանով տեղեկացանք, շահել է վրացական մի ընկերություն, բայց շինարարությունը փաստացի իրականացնում է տեղի հայտնի հայերից մեկին պատկանող ընկերությունը: Հուսանք՝ այն շատ ավելի որակյալ և դիմացկուն ճանապարհ կլինի, քան նախորդը, որ թուրքերի կառուցածն էր: