«Հրապարակ». Եթե վաղն Ալիեւը գա ու թոշակները 50 հազարով ավելացնի, ծափահարելո՞ւ եք Ալիեւին

«Հրապարակ». Եթե վաղն Ալիեւը գա ու թոշակները 50 հազարով ավելացնի, ծափահարելո՞ւ եք Ալիեւին

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ, ալավերդցի Էդուարդ Շարմազանովն է:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին այցելել էր Ձեր հայրենի Լոռու մարզ, մարզպետարանում խորհրդակցություն էր անցկացրել, շրջել Վանաձորում, հանդիպել լոռեցիներին, ծանոթացել մարզի խնդիրներին, եղել մի քանի համայնքներում: Նիկոլ Փաշինյանին Լոռու մարզում բավականին ջերմ ընդունելության են արժանացրել` տատիկ-պապիկները գրկել են, ասել, որ ինքը թոշակները երեք անգամ բարձրացրել է, ասֆալտ է արել եւ այլն: Վերջին օրերին լոռեցիների այս հայտարարություններն են քննարկում համացանցում: Դուք ծնունդով լոռեցի եք: Լոռու մարզում Փաշինյանին իսկապե՞ս սիրում են, թե՞ սա հերթական բեմականացումն էր:

- Բեմականացում էր, թե ոչ, դա ինձ համար երկրորդական է, որովհետեւ կարող են լինել նաեւ մարդիկ, որոնց համար ասֆալտն է ամեն ինչից կարեւորը: Մի կին ասում է, որ ասֆալտն է կարեւոր, ոչինչ, որ ջուր չկա, այդ նույն կինը վաղն էլ կարող է ասել, որ երկիրը տվել են թուրքին, բայց ոչինչ, կարեւորը՝ ասֆալտ կա: Ես մի բան կարող եմ ասել` ազգային մտածողություն ունեցող մարդիկ պետք է համախմբվեն եւ այս կապիտուլյանտ ռեժիմին վռնդեն: Քանի դեռ նա իշխանության է, այս ամենը շարունակվելու է: Ուզում է հարյուր անգամ թոշակ բարձրացնի, դրանից բան չի փոխվում, ինքը կապիտուլյանտ է, որովհետեւ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Այսօր մենք բարոյական դեգրադացիայի խնդիր ունենք: 120 հազար մեր հայրենակիցներն Արցախում կյանքի ու մահվան կռիվ են տալիս, քո պետության ինքնիշխան տարածքի 150 քառակուսի կիլոմետրն օկուպացված է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանն ամեն օր հոխորտում է նոր պատերազմի մասին, իսկ դու որպես վարչապետ ուզում ես ասել, որ քո ֆշտխին չէ, հեչ վեջդ էլ չի, թքած ունես, իգնոր ես անում Արցախի հարցը, եւ քո համար ամենակարեւորն ասֆալտն է: Ով ասֆալտով ու 2 հազար դրամով է ուրախանում, վաղն էլ կարող է Էրդողանն ավելի շատ թոշակ տալ, կարող են գնալ՝ Էրդողանին էլ գրկաբաց ընդունել, էլ ի՞նչ ասենք այդ տեսակի մարդկանց:

- Իսկ ո՞րն է իրավիճակը փոխելու ելքը: Կա՞ տարբերակ:

- Այն, ինչ տեղի է ունենում, փաստում է մեր հասարակության մի զանգվածի արժեքային դեգրադացիայի մասին: Կապ չունի` Լոռի կլինի, Տավուշ թե Սյունիք: Այս իշխանությունները բարոյազրկված են: Նիկոլ Փաշինյանի հենարանը ոչ միայն Ալիեւն ու Էրդողանն են, այլեւ նրանք, ովքեր ասֆալտը հայրենիքից կարեւորում են: Ես նրանց հարց եմ տալիս․ իսկ եթե վաղն Ալիեւը գա ու թոշակները 50 հազար դրամով ավելացնի, ի՞նչ պետք է անեք: Ծափահարելո՞ւ եք Ալիեւին: Գուցե Ալիեւը Նիկոլից ավելի լավ ասֆալտ փռի, այնպես որ՝ Նիկոլը թող չուրախանա այս վիճակից, թող ձեռքը գլխին խփի, թեպետ, եթե սրանք արժեքային համակարգն իմանային ինչ է, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքնասպան կլինեին: Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ շատը միշտ չի, որ ճիշտ է: Երբեք չեմ կարծել, որ ես էլ պետք է ժողովրդի պես մտածեմ, որովհետեւ Հիսուսին էլ խաչեցին, հետո՞:

- Փողոցային պայքարի միջոցով հնարավո՞ր է այս իշխանությանը հեռացնել:

- Ինձ թվում է՝ միակ ճանապարհը՝ սրանց հեռացնելու, փողոցային պայքարն է:

- Սեպտեմբերի 2-ին Իշխան Սաղաթելյանն ակցիայի է հրավիրում:

- Ամսի 2-ինը ոչ թե փողոցային պայքար է, այլ ակցիա է, որը նվիրված է Արցախի Անկախության տարեդարձին: Մենք պետք է ցույց տանք, որ Հայաստանում բոլորը Նիկոլ չեն եւ ոչ էլ Նիկոլի ասֆալտով հիացած քաղաքացիներ են… Կան մարդիկ, որոնք ապրում են Արցախի դարդուցավով: Հայաստանի ազգային արժեքները մեզ համար առաջնային են, դա պետք է ցույց տալ. հայրենիք, պետություն, ինքնիշխանություն եւ Աստված:

- Մասնակցելո՞ւ եք Արցախին նվիրված ակցիային:

- Միանշանակ, ոչ միայն մասնակցելու եմ, այլեւ կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել: Ինձ ճանաչող բոլոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, որոնք կարեւորում են իմ խոսքը, թող մասնակցեն այդ հանրահավաքին՝ իրենց վճռական «այո»-ն ասելով Արցախին ու Արցախի ինքնորոշման իրավունքին: Պետք է «ոչ» ասել Ալիեւին, Էրդողանին եւ Նիկոլին: