Մոտ մեկ տարի է՝ ամուսնացած ենք․ դերասանուհի Անի Պետրոսյան
«Մոտ մեկ տարի է՝ ամուսնացած ենք, նա իմ ամուսինն է։ Նշանվել ենք նախանցած տարի՝ իմ ծննդյան օրը, իսկ այս Նոր տարուն որոշեցինք մեր հարաբերություններին վերջնական կարգավիճակ տալ»,- իր եւ գրող Էդգար Կոստանդյանի մասին խոսելիս պատմել է դերասանուհի Անի Պետրոսյանը՝ հյուրընկալվելով Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին։
Նա նշել է, որ իրենք արդեն տասը տարի է՝ ճանաչում են միմյանց, բայց սկզբում պատկերացում անգամ չի ունեցել՝ կարող են միասին լինել. «Մեր մասին կարելի է մի երկար վեպ գրել, չնայած՝ նրա վեպերում հերոսուհիների մեջ ինձնից գոնե մի մասնիկ միշտ կա։ Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, կռվել, հաշտվել, վերջնական բաժանվել... Ուղղակի այնքան մեծ էր նրա սերը. տարիներով պտտվում ու էլի գալիս էր ինձ մոտ, հետո ես էլ սկսեցի նրան սիրել։ Այս պահին երեւի նրանից հարազատ մարդ չունեմ. դե, ծնողների մասին չենք խոսում»։
Անդրադառնալով մայրանալու թեմային՝ հաղորդավարը հետաքրքրվել է՝ արդյոք փոխվել է Անիի դիրքորոշումն այդ հարցում, քանի որ նախորդ տարիների իր հարցազրույցներում հաճախ նշում էր՝ դեռ պատրաստ չէ մայրանալ։ Դերասանուհին վստահորեն նշել է՝ փոխվել է. «Օրինակ՝ Էդգարը շատ է երազում, որ տղա ունենանք, եւ ես էլ հոգեպես պատրաստ եմ այդ ամենին։ Մտածում էի՝ ինչո՞ւ երեխա բերեմ այս աշխարհ, եթե պիտի ապրի ու տանջվի, դժվարությունների միջով անցնի. չգիտենք՝ վաղն ինչ կլինի։ Բայց հիմա ինձ ուժ է տալիս Էդգարն ու հավատացնում, որ մեր երեխան շատ երջանիկ է լինելու, որ ինքը կպաշտպանի նրան»։
Կարծիքներ