Մանիպուլյացիա մինչեւ վերջ

Մանիպուլյացիա մինչեւ վերջ

Շուրջ մեկ տարի թղթակցում եմ «Հրապարակ» օրաթերթին, բայց հազվադեպ եմ անդրադառնում Փաշինյան Նիկոլից բացի այլ անձերի: Որովհետեւ վերջինիս անձում են կենտրոնացված մեր պետականության անկման, մեր կորուստների ու ողբերգությունների պատճառները: Իսկ հիմնականը թողած՝ երկրորդականի վրա ուշադրություն սեւեռելն անիմաստ զբաղմունք է: Սակայն այսօր որոշեցի խախտել ավանդույթը՝ կենտրոնանալով մեկի վրա, որը դուրս էր որոշումներ ընդունող շրջանակից, սակայն որը վերածվեց պարտության խորհրդանիշի, քանի որ նրա միջոցով էր Նիկոլի իշխանությունը մանիպուլացնում ողջ հայությանը: Դա Արծրուն Հովհաննիսյանն է, որը պատերազմի ժամանակ ղեկավարում էր «Հայկական միասնական հարթակ» կոչված կենտրոնի ամենօրյա ասուլիսները, ներկայացնում ՀՀ պաշտոնական տեսակետը:

Պատերազմից հետո նա հեռացել էր Միացյալ Նահանգներ, հետո վերադարձել էր, իսկ Վերին Շորժայի սահմանային բախման օրը հայտնվել էր դիրքերում ու տեղեկատվություն էր մատուցում հանրությանը: Հետաքրքիր է, որ նա չուներ որեւէ կարգավիճակ՝ զուտ մասնավոր անձ էր, սակայն նրան թույլատրվել էր մոտենալ դիրքերին: Ինչը, ի դեպ, արգելվել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ենթադրաբար, թույլտվությունը տրվել է ամենավերին մակարդակից, ու դրանում դեր էին խաղացել երկու անձերի մորուքային եւ մտածողության նմանությունները:
Այնուհետեւ հայաստանյան հեռուստաընկերություններից մեկը հարցազրույցի էր հրավիրել նրան:

Հիշեցնեմ՝ այն անձին, ով 44 օր շարունակ ողջ հայությանը խաբում էր «հաղթելու ենք» կարգախոսով: Պարզվում է, որ ինքն էլ էր համարյա թե խաբված: Որովհետեւ ընդամենը հանրությանն էր հաղորդում այն տեղեկությունները, որոնք ստանում էր ռազմական հրամանատարությունից: Իսկ խաբված էր ոչ ամբողջությամբ՝ ինչպես հայոց լեզուն (երբեմն՝ նաեւ ռուսերենը) հասկացող բոլոր մարդիկ, քանի որ որպես զինվորական համոզված է, որ եթե պարտված էլ լինես, դրա մասին խոսելու իրավունք չունես: Որովհետեւ դա կբերի խուճապի ու առաջնագծի փլուզման: Կարծես թե խելքը գլխին բան է ասում պահեստազորի գնդապետը, սակայն նմանություն չե՞ք տեսնում նիկոլական «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» կեղծ եւ վտանգավոր թեզի հետ: Այն թեզի, որով մեր պետությունն արդեն 4-րդ տարին ղեկավարում է Նիկոլը, ինչի մասին հպարտությամբ բարձրաձայնել էր մեկ տարի առաջ: 

Ինչ մնում է պարտության մասին խոսելուն, ապա ոչ ոք նման բան չէր պահանջում Արծրունուց, այլ ընդամենը ճշմարտություն, ինչը թաքցվեց: Պատկերացրեք, որ 1941-ի ամռանն ու աշնանը սովետական ղեկավարությունը թաքցներ ռազմաճակատի վերաբերյալ ճշմարտությունը, ու հանկարծ սեպտեմբերի վերջին թշնամին հայտնվեր Մոսկվայի մատույցներում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ շոկ կապրեր բնակչությունը, եւ ինչ աստիճանի խուճապի պատճառ կդառնար այդ շոկը:
Ի դեպ, չդավաճանելով իր էությանը՝ պահեստազորի գնդապետն արդարացնում է պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, որտեղ ասվել է, թե շփման գծում (խոսքը Վերին Շորժայի սահմանային հատվածի մասին էր) փոփոխություն տեղի չի ունեցել: Ըստ Արծրունու՝ քանի որ վերջնարդյունքում դիրքային փոփոխություն չէր եղել, ապա պաշտոնական տեղեկատվության եւ իրականության միջեւ հակասություն չի եղել:

Սակայն խնդիրն այն է, որ դիրքային փոփոխություն չէր եղել, բայց մենք տվեցինք 3 զոհ, ու հարց է առաջանում՝ ինչպես ստացվեց, որ սահմանի այդ հատվածում փոփոխություն չէր եղել, սակայն մենք զոհ ենք ունեցել: Ինչպե՞ս կարող էր նման բան լինել: Թե՞ թաքցվելու էր զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես դա արվել է 44 օրվա ընթացքում: Իսկ գուցե նիկոլական իշխանության տրամաբանությունն ու առողջ տրամաբանությունն հակադիր են միմյանց: Եվ դա այն է, ինչում մենք բազմիցս ենք համոզվել վերջին երեք տարում: 

Ի դեպ, գնդապետը խոսում է նաեւ ինչ-որ զանգերի մասին, որի ժամանակ իրեն առաջարկվել է միանալ քաղաքական գործընթացի, եւ ինքը պրոբլեմներ չի ունենա: Ինքը, բնականաբար, մերժել է, եւ դրանից հետո սկսվել է ատելության խոսքի տարափը նրա նկատմամբ: Այդ տեղեկությանը բավական դժվար է հավատալը, քանի որ զանգողները, եթե դա սադրանք չի եղել, պետք է լինեին անմեղսունակներ, որպեսզի նման առաջարկ անեին ու ընկնեին իշխանության ձեռքը՝ հետն էլ իրական պրոբլեմներ ստեղծելով սեփական քաղաքական ուժի համար: Ինչ մնում է նրան չհարգելու կամ նրա նկատմամբ ատելությամբ լցվելու պատվեր ստանալուն (իր ենթադրությունն է), ապա ինձ նմաններն այնքան սեփական խելք ունեն, որպեսզի առաջնորդվեն դրանով եւ ոչ թե ինչ-որ անձանց վճարովի կամ անվճար պատվերով:

Ահա, այսպիսի մանիպուլյատիվ հայտարարություններ անող անձը հետո էլ բողոքում է, որ իր նկատմամբ ատելությամբ է լցված հանրությունը: Իսկ ի՞նչ կուզեր պարոն գնդապետը՝ մեծ սիրո՞վ լցվեինք այն անձի նկատմամբ, ով մեզ խաբում էր 44 օր, որպեսզի 45-րդ օրը Նիկոլը մեզ «հյուրասիրեր» եռակողմ հայտարարության տեքստ: Ու անչափելի շոկի մեջ գցեր ողջ հայությանը: Կամ էլ սիրով լցվենք դեպի Փաշինյանը (հասարակության գիտակից մասին է վերաբերում), որ վերջին երկուսուկես տարին ատելության խոսքով է «կերակրում» հանրությանը՝ այն բաժանելով սեւերի ու սպիտակների, ներկաների ու նախկինների, իբրեւ թե օրինապահների ու կոռուպցիոներների… Ու թքած ունի, որ մենք գտնվում ենք շարունակվող պատերազմի պայմաններում, ու որպես երկրի ղեկավար՝ հենց ինքը պետք է օրինակ ծառայի մնացած բոլորին: