Ասացի՝ քանի որ մտադիր եմ նոր հանցանք կատարել, կալանավորեք, որ համակարգչի ու համացանցի հասանելիություն չլինի․ Մուշեղ Շուշանյան

Ասացի՝ քանի որ մտադիր եմ նոր հանցանք կատարել, կալանավորեք, որ համակարգչի ու համացանցի հասանելիություն չլինի․ Մուշեղ Շուշանյան

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր փաստաբան Մուշեղ Շուշանյանի դատավարությունը, որի ավարտին Շուշանյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է քաղաքից չբացակայելու ստորագրությունը, քննիչին միջնորդեց կալանավորել իրեն։ Այն դատարանն առանց քննության թողեց, տեղեկացնելով, որ դատարանը որոշել է միջնորդության լուծումը հետաձգել և դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով։ 

Հիշեցնենք, թե որն է Մուշեղ Շուշանյանին առաջադրված մեղադրանքը․ «Նա, հանրության լայն շրջանակների համար հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված լինելով  օգտատիրոջ տվյալներով, անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, հրապարակային՝ իր «հետևորդների», «ընկերների» և կայքէջ մուտք գործած այլ օգտատերերի համար անմիջականորեն տեսանելի եղանակով, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել է նման բռնությունը, մասնավորապես 2020 թվականի դեկտեմբերի 13-ին իր հիշյալ կայքէջում կատարելով հետևյալ բովանդակությամբ գրառումը, «Կիկոլին դատելը միգուցե ցանկալի կլիներ՝ դավաճանության լիարժեք պատկերը ստանալու առումով, բայց նրան դատելն անիրատեսական է: Կիկոլի մահավճիռը կայացված է, մահապատիժը պետք է ի կատար ածվի: Ու նա նույնիսկ արժանի չէ թալեաթի պես արժանապատիվ շանսատակ արվելուն՝ նրա ու նրա պիղծ ընտանիքի պատիժը լինելու է անգութ, դաժան և արդար», ինչպես նաև 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կրկին նույն կայքէջում կատարելով հետևյալ բովանդակությամբ գրառումը. «Սա ավելի վտանգավոր թշնամի ու թուրք է, քան ամենաիսկական թուրքը: Նա վտանգավոր է, քան էնվերը, թալեաթը, աթաթուրքը: Սա թուրքերի կողմից ներդրված «ական»  է՝ Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու և հայության վերջին ծվենների ոչնչացման զենք: Ուստի այս ու սրա պիղծ ընտանիքը ենթակա են ոչնչացման: Սատկացրեք սրան, Հայեր»՝ նշված կոչի ներքևի հատվածում տեղադրելով ՀՀ վարչապետի նկարը»:

«Հրապարակի» հարցազրույցը Մուշեղ Շուշանյանի հետ։


-Պարոն Շուշանյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ միջնորդեցիք, որ Ձեզ կալանավորեն։

-Քանի որ այդ դատական գործընթացն ակնհայտ զավեշտի էր վերածվում։ Պաշտպանս միջնորդություն էր ներկայացրել դեռ այն փուլում, երբ գործը դատական քննության նշանակված չէր՝ վարույթ ընդունվելուց հետո։ Միջնորդել էր, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի, քրգործի վարույթը կարճվի հանցակազմի առերևույթ բացակայության հիմքով։ Ինչու, որովհետև համապատասխան հոդվածը, որով ինձ մեղադրանք է առաջադրված (ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մաս, այն վերաբերում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերին՝ պայմանավորված խտրականությամբ, այդ թվում՝ քաղաքական կամ այլ հայացքների նկատմամբ, ազգային պատկանելությամբ և այլն), այն նախատեսում է, որ բռնության կոչը պետք է պայմանավորված լինի, տվյալ դեպքում մեղադրանքում նշված է, որ պայմանավորված է եղել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքական կամ այլ հայացքներով։ Մինչդեռ իմ հրապարակումներում, ֆեյսբուքյան ստատուսներում չեմ պայմանավորել իր քաղաքական կամ այլ հայացքներով։ Դատարանի կողմից առանց քննության թողնված կամ վերջնական փուլում թողնված այդ միջնորդությունից հետո իմ մյուս պաշտպանը միջնորդեց, որպեսզի վերացվի իմ նկատմամբ  խափանման միջոցը՝ ստորագրություն` չհեռանալու մասին, միջնորդեց դա վերացնել, որովհետև հիմքերն ու անհրաժեշտությունը բացակայում են։ Այսինքն՝ հիմքում նշվում է, որ ես կարող եմ Քրեական օրենսգրքով արգելված արարք կատարել և այլն, և քանի որ դատախազը սկսեց ինչ-որ անհեթեթ առարկություններ ներկայացնել խափանման միւջոցը վերացնելու միջնորդության կապակցությամբ, ես հայտարարեցի, որ պաշտպանիս միջնորդության վերաբերյալ որոշում չկայացնել, և քանի որ մեղադրանքի կողմը մտավախություն ունի, որ ես կարող եմ քրեական օրենքով արգելված նոր արարք կատարել․․․

-Նոր արարքը ո՞րն է, գրել ՖԲ-ո՞ւմ, զանազան կոչեր և այլն։

-Հասկանալի չէ, իրենք էլ չգիտեն, իրենք էլ չեն կարողանում հոդաբաշխ կամ ողջամիտ որևէ բան ներկայացնել։ Այն է, որ օրենքում  եղած ձևակերպումը բերել-դրել են որոշման մեջ․․․ Հա, քանի որ դատախազն ասում էր՝ չէ, խափանման միջոցը պետք է պահպանվի, հիմքերը չեն վերացել և այլն, քանի որ ասաց՝ հիմքերը չեն վերացել, ես էլ ասացի․ «Էդ դեպքում պաշտպանիս միջնորդության վերաբերյալ որոշում չկայացնել, ես միջնորդություն ունեմ և տեղեկացնում եմ, որ այսօր երեկոյան նոր հանցանք եմ պատրաստվում կատարել։ Մտադիր եմ բռնության նոր կոչ անել։ Ասացի՝ ուստի, դա կանխարգելելու միակ միջոցն իմ նկատմամբ կալանքի խափանման միջոցն ընտրելն է, որ ես հնարավորություն չունենամ դա անելու»։ Ասացի՝ կալանավորեք, որ ես համակարգչին և համացանցին հասանելիություն չունենամ և չանեմ։

-Պարոն Շուշանյան, սոխի և իր ընկերների մասին պատմող «Չիպոլինո» հեքիաթն արգելված էր նացիստական Գերմանիայում։ Ինչու եմ ասում, որովհետև Ձեր էջին տեսա հեքիաթ, որում պատմվում էր, որ Խելքն ու Ազնվությունը երկար տարիներ փորձում էին Անբարոյականությանն ու Խորամանկությանը բացատրել, համոզել, կրթել, դարձի բերել, միավորել գաղափարի շուրջ․․․ Ինչքան շատ էին փորձում, էնքան շատ էին տուժում։ Որոշել եք հեքիաթի ժանրի՞ն անցնել՝ հաշվի առնելով, թե ինչ Հայաստանում ենք ապրում։

- Այդ հեքիաթը չեմ կարծում իմ էդ գործի հետ կապ ունի։ Այո․․․ ես ուղղակի տեսա Դավիթ Դավթյանի գրառումը, հավանեցի, կիսվեցի։

- Այսինքն՝ շարունակելու եք գրառումներ կատարել, որոնք հնարավոր է՝ դատախազությունը համարի նոր հանցանք։

-Դատախազությունն ինչ կհամարի, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես հայտարարեցի, որ ուզում են էս գործով դատեն, դատապարտեն, ուզում են ևս մի քանի գործ հարուցեն, իմ համոզմունքն է դա, որ Նիկոլ Փաշինյան անձնավորությունը ազգային և պետական դավաճան է, պայմանավորված պատերազմի է գնացել մեր հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու նպատակով, թշնամու հետ գործարքի մեջ է գտնվել, կոլաբորանտ է ինքը, այսինքն՝ գործում է ի շահ թշնամու։ Դա իմ համոզմունքն է, և որևէ մեկը որևէ միջոցով, քրեական հետապնդումներով և այլն, չի կարող ինձ լռեցնել, արգելել, որ ես իմ համոզմունքները ըստ անհրաժեշտության հրապարակայնացնեմ։

-Իսկ այս ընթացքում իրավապաշտպան ՀԿ-ների, իրավապաշտպանների՝ Սաքունց և այլն, աջակցությունը ստացե՞լ եք։

-Ես որևէ մեկի աջակցության կարիքը չունեմ։

-Չեմ ասում՝ ունեք, հարցնում եմ՝ Հայաստանում գործող իրավապաշտպանները, որոնք, ի թիվս այլ նպատակների, նաև մարդու իրավունքների ոտնահարման  դեպքերով զբաղվելու դիմաց այս տարիների ընթացքում տասնյակ հազարավոր դոլարներ են ստացել, Ձեր գործով որևէ հայտարարություն արե՞լ են, Ձեզ հանդիպել, աջակցություն առաջարկե՞լ են։

-Չէ․․․ որևէ մեկը աջակցություն չի առաջարկել, ինչ վերաբերում է որևէ հայտարարություն, զեկույց, գոնե ինձ նման բան հայտնի չէ։ Ոչ էլ որևէ մեկն ինձ հետ կապվել է։ Նորից եմ ասում՝ դրա կարիքը չունեմ։

-Գործում, որքան հայտնի է, տուժող չկա, այսինքն՝ ոչ թե մասնավոր, այլ հանրային գանգատի գործ է։

-Այդ հոդվածը, որ առաջադրել են, հանրային մեղադրանքի հոդված է։ Գործը հարուցել է Երևան քաղաքի դատախազության ինչ-որ դատախազ, գրություն է ուղարկել Երևան քաղաքի ոստիկանություն, որ Ֆեյսբուքում Մուշեղ Շուշանյան օգտատերը հանդես է գալիս բռնության կոչերով, հանձնարարել է նյութեր նախապատրաստել, Երևան քաղաքի ոստիկանությունում քրգործ է հարուցվել և հանձնվել է քննիչին։ Ես դատարանում մի քանի անգամ հայտարարել եմ, որ սա լրիվ ապօրինի հետապնդում է, որ այս քրեական հետապնդմամբ Նիկոլ Փաշինյան կոչված անձնավորությունը վրեժխնդիր է լինում։ Իրեն ճանաչողները բոլորն էլ գիտեն իր քինախնդիր, մանրախնդիր էության մասին, և առավել քան վստահ եմ, որ սա իր հանձնարարությունն է եղել։ Որովհետև, ասում եմ` եթե նայում ենք այդ հոդվածի բովանդակությանը․․․ այդտեղ․․․ ես դավաճանության մասին եմ գրել, ենթադրաբար` կատարված դավաճանության համար եմ ես այդ կոչերն արել։ Իրան սատկացնելու էդ կոչերը։ Եթե դավաճանությունը համարվում է քաղաքական հայացք, թող մեղադրանքի կողմը, դատարանն ասեր, որ, այո, էդպես է, որ իմանայինք։ Եվս մի բան․ տրամաբանորեն ենթադրվում էր, որ ինքը պետք է տուժող ճանաչվեր, բայց չի ճանաչվել, և  դեռ նախաքննության ընթացքում քննիչին ասացի․ «Տուժող կճանաչես դրան ու կբերես առերեսման։ Ասի՝ ես իրեն առերես այն, ինչ գրել եմ, պնդելու եմ»։