Ինչ պատիժ է սպասվում Քոչարյանի կալանավորված աջակիցներին

Ինչ պատիժ է սպասվում Քոչարյանի կալանավորված աջակիցներին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցներից միայն Նարեկ Մութաֆյանն է մանրամասն ցուցմունք տվել, իսկ Սարգիս Օհանջանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց նրանց շահերի պաշտպան Վահե Եփրիկյանը՝ նշելով, որ, ըստ էության, Օհանջանյանը ասելու բան չունի։

«Նարեկ Մութաֆյանը ե՛ւ որպես կասկածյալ, ե՛ւ որպես մեղադրյալ տվել է բովանդակային ցուցմունքներ, իսկ Սարգիս Օհանջանյանը, օգտվելով իր դատավարական կարգավիճակից, ցուցմունքներ չի տվել, քանի որ Սարգիս Օհանջանյանն, ըստ էության, նշված դեպքի հետ կապված որեւէ գործողություն չի կատարել, որեւէ բան չի ասել եւ այդ ամեն ինչի հետ մեկտեղ ամբողջ միջադեպը համացանցում հայտնվել է, իսկ նման պայմաններում Սարգիս Օհանջանյանի ցուցմունք տալը բացառված է։ Նա առջեւից քայլել է հեռախոսը ձեռքին, որքան գիտեմ՝ նաեւ նկարահանում իրականացրել է, շատ հնարավոր է, որ Սարգիս Օհանջանյանը տեսանկարահանել է։ Հեռախոսով նկարահանելը արդարադատության իրականացմանը խոչըդնոտե՞լ է»։

Հարցին՝ թե առաջադրված մեղադրանքով քանի՞ տարվա ազատազրկում է նախատեսվում, պաշտպանը պատասխանեց․ «Սա ամենահետաքրքիր հատված է․  343-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչը ի սկզբանե  առաջադրվել էր Նարեկ Մութաֆյանին՝ անհարգալից վերաբերմունքը դատարանի նկատմամբ, սահմանում է առավելագույն պատժաչափ կալանավորումը 3 ամիս ժամկետով, խոսքը կալանք պատժատեսակի մասին է։ Ուստի վարույթն իրականացնող մարմինը, որպեսզի կարողանա կալանքի միջնորդության ներկայացնել, մեղադրանքը վերաորակել է, որի պատժաչափը սահմանվում է 1-ից 5 տարի ազատազրկում»։

Պաշտպանը նաեւ նշեց, որ կալանավորման որոշումը չեն բողոքարկել, սակայն պատրաստվում են դրան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում ձերբակալված Նարեկ Մութաֆանին և Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը: