Ինչու է հայ ժողովուրդն այդքան վախենում պատերազմից

Ինչու է հայ ժողովուրդն այդքան վախենում պատերազմից

Վախն առհասարակ վատ խորհրդատու է եւ վտանգավոր զգացում, որովհետեւ ամենամեծ դավաճանությունները, սրիկայություններն ու հանցագործությունները  վախի պատճառով են կատարվում: Բայց առավել սարսափելի է, երբ մի ամբողջ ազգ է վախենում, ուղղակի` սարսափում... պատերազմից: Այդ վախն ուղղակի ավերածություններ է գործում հանրային գիտակցության մեջ, նրան դարձնում անողնաշար ու անհայրենիք, մղում մեծ ստորությունների ու հնազանդության: Նման ազգին միայն մի բան է հետաքրքրում` իր ֆիզիկական գոյությունը պահպանելը: Բայց չէ՞ որ մեր ազգը ժամանակին այդպիսին չէր` մենք առյուծ զավակներ ենք ունեցել, հազարավոր զոհեր տվել, որոնք բաց աչքով գնացել են դեպի մահ` հայրենիքն ու իրենց հարազատներին պաշտպանելու համար: Չեն վախեցել ոսոխի տասնապատիկ շատ քանակից, չեն ընկրկել, չեն նահանջել:

Ի՞նչ պատահեց մեր ազգի հետ, որ այսպես՝ պատերազմից սարսափող եւ «հանուն խաղաղության» ամեն ինչի պատրաստ երկոտանիների բանակի վերածվեցինք: Իրականում, վստահ եմ` ոչինչ էլ չի փոխվել. նույնքան քաջ եւ իրենց կյանքը զոհելու պատրաստ զինվորներ ունենք նաեւ հիմա, արժեքային համակարգն էլ մեզանում շատ չի փոխվել: Ուղղակի մարդիկ հասկացել են, որ ժամանակակից պատերազմները մարդու, զինվորների կռիվներ չեն, որ ինչքան ուզում է խիզախ մարտիկներ եւ անձնազոհ հրամանատարներ ունենաս, պատերազմում հաղթելու համար լուրջ սպառազինություն, ժամանակակից զենք-զինամթերք, կազմակերպված բանակ եւ ոչ դավաճան իշխանություն է պետք ունենալ: Իսկ մենք դրանցից ոչ մեկը չունենք: 4 տարի շարունակ այս իշխանությունն ուժեղացրեց ոստիկանին ու թիկնապահին, իսկ բանակը կազմալուծեց: Դաշնակիցներին նեղացրեց, զենք չբերեց, հմուտ հրամանատարներին բանակից հեռացրեց, ոչինչ չարեց պատերազմի պատրաստվելու համար: