Արգիշտի Քյարամյանը «հաջողությամբ» քանդում է ԱԱԾ-ն

Արգիշտի Քյարամյանը «հաջողությամբ» քանդում է ԱԱԾ-ն

Ազգային անվտանգության ծառայությունում խառնաշփոթ է ու քաոս։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվեց 29-ամյա Արգիշտի Քյարամյանը, որին այդ պաշտոնին նշանակելու համար նախ մի քանի ժամով նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա շուտափույթ բերեցին ԱԱԾ՝ տնօրենի տեղակալ։ Իսկ չանցած մեկ ամիս 3 օր Քյարամյանն արդեն զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պատասխանատու պաշտոնը։ Այն պաշտոնը, որը ժամանակին զբաղեցրել են Մարիուս Յուզբաշյանը, Վալերի Պողոսյանը, Սերժ Սարգսյանը, Կառլոս Պետրոսյանը, Գորիկ Հակոբյանը, Արթուր Վանեցյանը եւ այլք։

Համակարգի հետ կապ չունեցող, անփորձ ու անհայտ մի անձի՝ Քյարամյանի նշանակումն ԱԱԾ-ում բունտ առաջացրեց՝ մի խումբ մարդիկ դիմումներ գրեցին աշխատանքից ազատվելու։ Սակայն քանի որ սա կարեւոր ռազմականացված կառույց է, մարդիկ գիտակցելով, որ կարեւոր պաշտոնյաների ներկայացրած միաժամանակյա հրաժարականները կարող են վտանգել երկրի անվտանգությունը, որոշեցին հրաժարականները ներկայացնել փոքր ինչ ուշ եւ հերթով, որ ԱԱԾ-ն կաթվածահար չլինի։ Օրեր անց՝ միայն հուլիսի 17-ին պաշտոնապես կառույցից հեռացան ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը եւ նրա ենթակայությամբ գործող ամենակարեւոր վարչություններից մեկի ղեկավարը՝ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը։ Այդ պաշտոնները մինչ օրս թափուր են։

Եւ քանի որ ԱԱԾ-ն փակ կառույց է եւ կադրային փոփոխությունների մասին տեղակատվություն չի հաղորդվում, ուստի հանրությանը չտեղեկացվեց, թե էլ ովքեր են Արգիշտի Քյարամյանի պատճառով լքել ԱԱԾ-ն։ Մինչդեռ այս երկու ամսում էլի պաշտոնյաներ են հեռացել ԱԱԾ-ից եւ հիմա մեր երկրի անվտանգության համար պատասխանատու այս կառույցում բազմաթիվ թափուր հաստիքներ կան։

Մասնավորապես, թափուր են Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի վարչությունների պետերի պաշտոնները։ Թափուր են նաեւ բազմաթիվ բաժինների ու բաժանմունքների պետերի պաշտոններ։

Եթե այս աննախադեպ արտահոսքին ավելացնենք նաեւ այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար ԱԱԾ գործող պաշտոնյաներ են ձերբակալվում եւ նրանց ստիպում են ցուցմունք տալ Վանեցյանի դեմ, որ նա ապօրինի զենք է ունեցել եւ այդ զենքը թողել է ԱԱԾ զինանոցում, պարզ կդառնա, թե ինչ խայտառակ վիճակում է հայտնվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։