Իրականությունից անջատված

Իրականությունից անջատված

Փետրվարի 1-ին Ազգային ժողովում կազմակերպված լսումներն անցկացվել են «գյուտի» պես հնչող խորագրով՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն», իսկ «գյուտարարը» ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն է՝ յուր անկրկնելի նախագահով՝ Մխիթար Հայրապետյան։ «Գյուտարարին» ասենք, որ այդ խորագիրը վաղուց եւ անհուսալիորեն հնացած է, դեռ Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից, ով ժամանակի իմաստասերներին հղում անելով՝ արդե՛ն պատգամել է «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Բացի այդ՝ գիտությունը անվտանգության եւ զարգացման «հենասյուն» չի կարող լինել․ նրա առաքելությունն ավելի մեծ է՝ լինել զարգացման հիմքը կամ հենքը․ դրանք տարբեր բնութագրիչներ են։

Իսկ թե ինչու էր ԱԺ այս հանձնաժողովը հիմա՛ ձեռնարկել լսումները, կարծում եմ, պարզ է․ հասարակությանը (տվյալ դեպքում՝ գիտական հանրությանը) զբաղեցնել ըստ էության անպտուղ քննարկումներով, որպեսզի․ ա) հանձնաժողովը մի քանի շաբաթ կամ ամիս թաղվի ինքնաբավության եւ ինքնագոհության այն թմբիրի մեջ, որ սովորաբար պատում է  հույժ «կարեւոր» գործից հետո, եւ ստանալ արդեն «վաստակած» պարգեւավճարները, բ) որ հասարակության մեջ դանդաղ խմորվի (չուզեցի ասել՝ գեներացվի) այն միտքը, թե հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր բանակ ստեղծելը՝ համահունչ արդի տեխնոլոգիական պահանջներին, մեր հայրենապաշտ իշխանության գլխավոր մտահոգությունն է։ (Բնականաբար՝ ոչ մի խոսք այն մասին, թե ինչո՛ւ նույն մտահոգությունը չկար 2-3 տարի առաջ):

Մ․ Հայրապետյանն իր բացման խոսքում, դիմելով ներկաներին, հորդորել է․․․ չվախենալ երազելուց։ Անմիտ խոսք է, իհարկե։ Որովհետեւ երազելուց ոչ ոք չի վախենում, երազում են հենց վախից ազատվելու համար։ Բայց հետաքրքիր է, թե ինչի՛ մասին պիտի «չվախենանք երազել», եթե Մ․ Հայրապետյանի թիմակիցն ու պաշտոնով ավագը՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, արդեն հայությանը զրկել է երազելու իրավունքից՝ բացառելով մեծ հայրենիքի երազը եւ ռեւանշիզմը։ Եթե նրա (եւ իշխանության) պատկերացումներում մենք այլեւս պիտի ապրենք Արցախի կորստի հետ հաշտ, իսկ թշնամու հետ՝ բարիշտ, երազենք, որ ի՞նչ, պարո՛ն «երազող»։ 

Մ․ Հայրապետյանը բացման խոսքում մի նիկոլական արտահայտություն էլ է կրկնել՝ չվախենանք լինել ամբիցիոզ․․․Այստեղ են ասել՝ իյա, իրո՞ք։ Ամբիցիոզ լինեք, որ ի՞նչ․ կորուսյալ Արցա՞խն եք հետ բերելու, Սյունի՞քն եք անվտանգ դարձնելու, տնտեսությո՞ւնն եք վերականգնելու-զարգացնելու, վերջին պատերազմից ամենամեծ հոգեբանական ցնցումն ապրած՝ կոտորակված Սփյո՞ւռքն եք նորից միաբանելու, թե՞ հասարակության հիմնասյունը՝ մղձավանջի մեջ շնչահեղձվող գիտական հանրությունն եք առողջացնելու։ Ինչի՞ համար լինել ամբիցիոզ, պարո՛ն ամբիցիոզ, գուցե՝ որ տկարամիտները «գոտեպնդվեն» իրենց կարողությունները հարյուրապատիկ գերազանցող ամբիցիաներով ու շարունակեն երկի՞ր կործանել։

«Առհասարակ, բանակի ինտելեկտուալացումը, մեքենայացումն այլընտրանք չունեն։ Պատերազմը ցույց տվեց, որ մենք հենց այս ճանապարհով պետք է շարժվենք առաջ, մյուս կողմից՝ շատ կարեւոր է հասկանալ, թե որոնք են մեր ուժեղ կողմերը՝ փորձելով նաեւ դրա վրա կառուցել անվտանգության ողջ համակարգը»․ սա մեջբերում է մեր «ամբիցիոզի» խոսքից։ Փաստորեն, պարտությամբ ավարտված պատերազմը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտով, վերջինիս «օծել» է իմաստնությամբ եւ լուսավորել, որ «բանակի ինտելեկտուալացումը, մեքենայացումն այլընտրանք չունեն»։ 

Ուրեմն՝ մի անգամ էլ՝ իյա, իրո՞ք, իսկ իրեն հարազատ բառապաշարով՝ ցըըը՛մփ․․․
Քննարկման հանգուցային պահը, սակայն, ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ֆիզիկաճարտարագիտական լաբորատորիայի վարիչ, ՀՀ նախագահի մրցանակի 2015 թ․ դափնեկիր Արթուր Իշխանյանի ելույթն էր՝ գիտնականի, հայ մարդու, քաղաքացու ելույթ, որում հատուկ շեշտվեց, որ չի կարելի այդօրինակ քննարկումները վերածել «կենացների», ջան ասել-ջան լսելու միջոցառումների։ Եվ պատահական չէ, որ հենց ա՛յդ ելույթը դուր չեկավ հանձնաժողովի նախագահին․ մեր «ամբիցիոզը» փորձեց նախ դաս տալ գիտնականին՝ «մնալ կառուցողական դաշտում», ապա սպառնաց «քաղաքական հայտարարությունների դեպքում»․․․ անջատել խոսափողը։
Ցըըը՛մփ․․․
Այդպես՝ «անջատված» էլ ապրում ենք։ 
Անջատված՝  իրականությունից։