Ակդամարից Աղթամար՝ լիճը, կղզին ու Վանա տառեխը

Ակդամարից Աղթամար՝ լիճը, կղզին ու Վանա տառեխը

Ժամանակակից Թուրքիան հակասական երկիր է՝ արեւելքի ու արեւմուտքի մի յուրահատուկ կոնգլոմերատ, որտեղ գերժամանակակից տեխնոլոգիաներն ու եվրոպական ստանդարտները տարօրինակ կերպով զուգորդված են արեւելյան հետամնացության, պահպանողականության ու ֆանատիզմի հետ։ Այստեղ շատ բնական է տեսնել պատռված ջինսերով, այֆոնը ձեռքին, ծխախոտը բերանին աղջկա՝ չալմայով եւ մինչեւ կրունկները ծածկված սեւազգեստ, բազում զավակներով շրջապատված կնոջ կողքին։ Գերժամանակակից եվրոպական ճանապարհները քեզ կարող են հասցնել հողաշեն քրդական քողտիկների, իսկ հինգ աստղանի բարձրակարգ հյուրանոցից կարող ես դուրս գալ եւ անմիջապես հայտնվել արեւելյան կեղտոտ ու էժանագին «բազարում», որտեղ հենց փողոցում՝ հակահիգիենիկ պայմաններում վաճառում են հացն ու ձուկը, անուշեղենն ու համեմունքները, տոպրակով օշարակներն ու քյաբաբը։ Բայց, ասենք, նորակառույց հսկայական թաղամասեր կան, որոնք բավականին ոճային են՝ միասնական նախագծերով, գեղեցիկ շենքերից կազմված, որտեղ ապրելը մեծ հաճույք կարող է լինել ցանկացած եվրոպացու համար։ Նման հսկայական թաղամասեր կան գրեթե բոլոր քաղաքներում, հատկապես՝ մեծ, ինչպիսիք Ադանան, Անկարան, Այնթապն են։

 

Վան քաղաքից մինչեւ Աղթամար կղզի ընկած ճանապարհին, որը մեր ավտոբուսն անցավ 15-20 րոպեում, նկատեցինք, որ այստեղ հնարավորինս լիարժեք օգտագործվում է արեւի էներգիան՝ բոլոր տների տանիքներին արեւային մարտկոցներ են տեղադրված։ Իսկ ավելի հարավային տարածքներում քամու էներգիան են լավ օգտագործում՝ մեծ քանակով հողմակայանների հանդիպեցինք մեր 8-օրյա շրջագայության ընթացքում։ Բայց Թուրքիան, բնականաբար, առաջին հերթին գյուղատնտեսական երկիր է՝ անծայրածիր այգիներով ու մշակվող հողատարածքներով։ Աչքդ ինչքան հասնում է՝ մշակվող հողակտորներ են, հայի նախանձը շարժող։ Մանավանդ հարթավայրերում ոչ մի սանտիմետր հող չկա անմշակ։ Եվ այդ բոլորը ոռոգվող, որոշ տեղերում կաթիլային ոռոգման թանկ ու ժամանակակից տեխնոլոգիաներով է մշակվում։ Ցորենի արտերի վերջն ուղղակի չէր երեւում, մանավանդ՝ հարավային հատվածներում։ Նայում էիր ու ցավ ապրում, թե ինչու պետք է մենք մեր այս մի բուռ հողն ամբողջությամբ չմշակենք, իսկ մեր ոչ այնքան աշխատասեր, ոչ էլ հողասեր ու նստակյաց հարեւաններն այդքան հոգատար լինեն իրենց հարստության նկատմամբ եւ իսկապես՝ հողից հաց քամեն։

Մինչ հայերիս համար նվիրական Աղթամար կղզին մեկնելը մեզ որոշեցին նշանավոր Վանա տառեխ հյուրասիրել։ Գիտեինք, որ շատ փշոտ ձուկ է, բայց հասնես Վան, Աղթամար ու տառեխ չուտես՝ ոնց որ գնաս Արեւմտյան Հայաստան ու Անիում չլինես։ Ի դեպ, սրճարանում, հայերի թուլության մասին իմանալով, նաեւ ապակե տարաներով ապխտած տառեխ էին վաճառում՝ նրանց համար, ովքեր հայրենիքի «մասունքներից» կորոշեին իրենց հետ տանել։ Իսկ մեզ՝ Արեւմտյան Հայաստան մեկնողներիս, խնդրում էին գեթ մի նմուշ բերել «էրգրից», ընկերներիցս մեկն անգամ խնդրեց՝ «Աղթամար կղզու աջ ափի ժայռի ձախ մասից մի հատ քար կբերես ինձ»։ Մեր խումբը բացօթյա մի սրճարանում՝ անմիջապես նավահանգստի դիմաց, հերոսաբար կերավ փշոտ ու ոչ այնքան համեղ տառեխը եւ փողոցն անցնելով՝ նստեց նավը, որը մեզ տարավ նշանավոր կղզին։ Պարզ է, որ հայերն են հիմնականում այցելում Աղթամար, ուստի բնական էր, որ նավապետը «պատրաստված» էր․ հայկական երաժշտություն՝ մերթընդմերթ թուրքականով ընդմիջվող, իսկ ափին հայատառ հուշանվերներ․ բաժակներ՝ վրան «Վան» գրված, տեղ-տեղ՝ «Աղթամար» ճիշտ գրառմամբ, տեղ-տեղ՝ թուրքական տարբերակով՝ «Ագդամար», որը սպիտակ երակներ է նշանակում՝ ջրի վրա հայտնվող սպիտակ լուսաշերտերի պատճառով։ 

Իսկ կղզին իրոք հայկական օազիս է՝ հայկական գրառումներ, հոյակերտ եկեղեցի, շուրջը կուսական բնություն՝ վազվզող նապաստակներով, ծղրտացող ճայերով ու քարերի մեջ հազիվ նշմարվող կրիաներով։ Ցավոք, Թուրքիայի հայկական եկեղեցիներից շատ քչերում են հայ հոգեւորականները ծառայություն իրականացնում, եւ դրանք հիմնականում լքված ու անտեր հուշարձանների տպավորություն են թողնում, այլ ոչ թե հոգեւոր կոթողների։ Սակայն դրանք որպես հուշարձաններ էլ հաճախ ավելի արժեքավոր են, քան հայաստանյան նմանատիպները՝ եզակի որմնանկարներով ու մակագրություններով, կառույցների բարդությամբ եւ այլն։ Մեր բախտը բերեց նաեւ նրանով, որ խմբում 4 պատմաբան կար, որոնք իրար հերթ չտալով՝ ներկայացնում էին պատմական անցքերն ու հուշարձանները։ Հատկապես Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը բարձրախոսը ձեռքից գրեթե վայր չէր դնում՝ իր պարտքը համարելով մեզ ներկայացնել մեր ժողովրդի պատմության էջերն ու ողբերգական անցքերի մանրամասները։ Թեեւ անգամ եթե պատմական էքսկուրսներ չանեին, մեր տեսածն այնքան խոսուն էր, որ էմոցիոնալ ապրումների պակաս չէր զգացվում։

Շարունակելի