Քրեական գործ՝ Արտամետի կին գյուղապետի նկատմամբ

Քրեական գործ՝ Արտամետի կին գյուղապետի նկատմամբ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Արմավիրի մարզի Արտամետի 14 տարվա կին գյուղապետի դատավարությունը։ Նա մեղադրվում է իրեն հանձնված սերմն ու պարարտանյութը յուրացնելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Անահիտ Դավթյանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 27-րդ մասով սահմանված կարգի համաձայն ունենալով ՀՀ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ պետության պատվիրակած լիազորությունների կազմակերպման և ղեկավարման լիազորություն` ՀՀ-ում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրի, ինչպես նաև ՀՀ հողօգտագործողներին ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ Կառավարության համապատասխան որոշումներով իրեն վերապահված գործառույթների իրականացման ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերի` 6.564.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի, ազոտական պարարտանյութերի յուրացումներ, ինչպես նաև նույն ծրագրերի շրջանակներում կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Ուշագրավ է, որ Անահիտ Դավթյանը որպես գյուղապետ շարունակում է պաշտոնավարել, քանի որ Hraparak.am-ի հարցի՝ նախկ՞ին, թե ներկա՞ գյուղապետն է ասաց՝ ներկա։ Այսուհանդերձ, այլ հարցերի նա չպատասխանեց։