Գեղանիստի գյուղապետի դեմ նյութեր են նախապատրաստվում

Գեղանիստի գյուղապետի դեմ նյութեր են նախապատրաստվում

Քիչ առաջ «Հրապարակ»-ի խմբագրություն էր եկել Մասիսի տարածաշրջանի Գեղանիստի համայնքապետ Վաչիկ Ադիլխանյանի դեմ բողոքող Աիդա Ադիլխանյանի լիազոր ներկայացուցիչը և ներկայացնում էր արխիվից հանված փաստաթղթեր, որոնք, նրանց պնդմամբ, կեղծ են։ Ներառյալ՝ կնոջ անունից գրված և ստորագրված դիմում՝ գյուղապետին, նրա անձնագրի պատճենը և այլն։ Հիշեցնենք, որ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Գեղանիստ գյուղի բնակչուհի Աիդա Ադիլխանյանը 30 տարուց ավելի Գեղանիստի 10-րդ փողոցի 35 հասցեում 800 քառակուսի մետր սեփականության իրավունքով գրանցված հողամասի և շենք-շինության սեփականատեր է, իսկ դրան հարող 1000 քառակուսի մետր տարածքը, որը հատուկ նշանակության հող է, պայմանագրային հիմունքներով օգտագործել է՝ գյուղապետարանին պարտաճանաչ վճարելով հողօգտագործման վարձը։ Այդ տարածքը եղել է տիկին Աիդայի եկամտի միակ աղբյուրը։

Սակայն 2015-ին Գեղանիստի 23 տարվա գյուղապետ Վաչիկ Ադիլխանյանը կնոջ տանը կից հողակտորը 2 մասի կիսելով՝ վաճառել է հողը, դեռ ավելին՝ հատուկ նշանակության հողերի վրա, աճուրդի հիման վրա, շինթույլտվություն է տվել, այնտեղ կառուցվել է շինանյութի խանութ՝ իր պահեստով, իսկ դրա կողքին էլ՝ ավտոսերվիս։ Այն, իհարկե, այլ կառուցապատողի է պատկանում։ Նշենք, որ, ըստ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների, արգելվում է այն հողերի վաճառքը, որոնք ընկնում են բարձրավոլտ հոսանքի տակ, կամ որտեղով անցնում են խոշոր տրամաչափի խմելու ջրի ու գազի խողովակաշարեր։ Նշված մանրամասները ներկայացրել է Աիդայի լիազորված անձ Սամվել Գաբրիելյանը։

Ըստ նրա՝ բացի այն, որ հատուկ նշանակության հողերը չի կարելի վաճառել, գյուղապետը նաև դրանք վաճառել է կեղծ աճուրդով։ Կնոջ իրավաբանները դիմել էին իրավապահներին, սակայն թե՛ ոստիկանությունից, թե՛ դատախազությունից ընթացք չէր տրվել, և կարճման հիմք էին մատնանշվել գյուղապետի ներկայացրած թղթերը։ Այսինքն, որ նա, իբր, ներկայացրել է թույլտվության մասին ապացույցներ։ Ավելի կոնկրետ, որ «Վեոլիա ջուր»-ը, «Գազպրոմ Արմենիա»-ն ու ԲԷՑ-ը չեն առարկում, և որ գյուղապետարանն աճուրդով իրավունք ունի հողը վաճառելու և տալու համապատասխան փաստաթղթեր՝ շինթույլտվության համար։ «Վեոլիա ջուր» ուղարկված հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նշված հասցեին կից հողատարածքում ընկերության Շահումյան տեղամասի աշխատակցի կողմից տեղում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հասցեի դիմաց՝ կենտրոնական ճանապարհի եզրագծին կից, գոյություն ունի շինություն, որը ծառայում է որպես խանութ, և որ շենքի հետնամասից 5-6 մետր հեռավորության վրա անցնում են Արարատյան 4-րդ և 5-րդ ջրատարները՝ համապատասխանաբար՝ 1000 և 1200 մետր տրամաչափերով, և որոնք ընկած են կառուցված քարե ցանկապատից ներս։ Ընկերության տրամադրած պատասխանի համաձայն՝ իրենց կողմից երբևէ չի տրվում ջրատարների վրա շենք-շինությունների կառուցման թույլտվություն։

Ավելին՝ ըստ «Վեոլիա ջրի», այդ շինարարությունները կատարվել են առանց ընկերությանը որևէ կերպ իրազեկելու։ Ըստ Սամվել Գաբրիելյանի՝ կեղծիքներ կատարելու փաստով հաղորդում են տվել, և հիմա նյութեր են նախապատրաստվում դատախազության Արարատի մարզի դատախազությունում։ Ներկայացնում ենք Սամվել Գաբրիելյանի տրամադրած փաստաթղթերը, որոնք, նրա պնդմամբ, գյուղապետը կեղծել է։ Մեկն այն է, որ Աիդա Ադիլխանյանը, իբր, 09․08․2005-ին դիմել է Մասիսի կադաստրի աշխատակազմ՝ կատարելու հողամասի պետական գրանցում և տալ սեփականության վկայական։

«Սա Աիդան չի գրել, չի ստորագրել։ Սա իր ստորագրությունն ու իր ձեռագիրը չէ։ Իսկ սա էլ, տեսեք, անձնագիրն է, որը կեղծվել է, Դուք սենց անձնագիր տեսե՞լ եք»,-ասաց իրավաբանը։ Ներկայացվեցին նաև հողամասի իրական և կեղծ գծագրեր։ Որպես կեղծ՝ ներկայացվեց Վաչիկ Ադիլխանյանի 2002 թվականի մի որոշում, որում նշված է, որ «Աիդա Ադիլխանյանի կողմից օգտագործվող 0․8 հա հողամասը չի սահմանափակում կառուցապատման իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ և չի առաջացնում ինժեներական կոմունիկացիաների անվտանգության խնդիր»։ Գեղանիստի գյուղապետի հետ խոսել չհաջողվեց, քանի որ գյուղապետի՝ գյուղապետարանի կայքում տեղադրված համարն անջատված է։ Ունենք նաև մեկ այլ համար, որը նույնպես չի պատասխանում։ Վաչիկ Ադիլխանյանի կողմից արձագանքի դեպքում կներկայացնենք նաև նրա տեսակետը։