Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի անունը նրա խայտառակ պահվածքից հետո կփոխվի

Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի անունը նրա խայտառակ պահվածքից հետո կփոխվի

Մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու առաջիկա նիստին հնարավոր է՝ հայտնվի  աշխարհի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան գեղահասահքի դպրոցը անվափոխելու հարցը։

Հիշեցնենք, որ լեգենդար մարզուհին ՌԴ պետդումայի պատգամավոր է և ռուս խորհրդարանականների խմբի հետ վերջերս այցելելով Բաքու՝ այնտեղ գաստրոլներ տվեց։ Այցելելով Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանության հուշահամալիր՝ Ռոդնինան ծաղիկներ դնելու հետո հայտարարեց՝ ռուս ժողովրդի 99 տոկոսը չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել Խոջալուում։

Նա նաև կոչ էր արել, որպեսզի Խոջալուի մասին գրվեն գրքեր, նկարահանվեն ֆիլմեր, որ մարդիկ իմանան ճշմարտությունը։
Հիշեցնենք, որ Ռոդնինայի հայտարարություններին արձագանքեց նաև մեր ԱԳՆ-ն՝ հարցնելով, թե ինչ է նշանակում Խոջալուի հուշահամալիր այցը, իսկ ՌԴ-ն էլ Մարիայի Զախարովայի բերանով պատասխանեց, որ Դումայի հատուկ որոշում չի եղել, պատգամավորներն իրենք ինքնակազմակերպվել են։

Նշենք, որ Երևանում գեղասահքի այս դպրոցը Ռոդնինայի անունով էր անվանակոչվել 2015-ին՝ Երևանի ավագանու որոշմամբ։
Ռոդնինան նաև Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության խմբի անդամ է։

Նշենք, որ այս մասին նախագիծ է շրջանառության մեջ Երևանի քաղաքապետարանի  «Լույս»  խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը։ Մեզ հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտնեց, որ տեղյակ է նախաձեռնության մասին «Ֆեյսբուքից», սակայն պաշտոնական քննարկում չի եղել։ Նա նշեց,որ ուսումնասիրելու ահագին հարցեր կան։