Իսկ Բատկան չի՞ վիրավորվի

Իսկ Բատկան չի՞ վիրավորվի
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եվրոպական երկրորդ խաղերի բացման արարողությանը ներկա չի լինի: Այդ մասին հայտնել է Բելառուսի կառավարության իրազեկ աղբյուրը: Ավելի վաղ, մինչդեռ, հայտարարվել էր, որ Իլհամ Ալիեւը Մինսկ կմեկնի որպես եվրոպական առաջին խաղերի կազմակերպիչ երկրի նախագահ՝ էստաֆետը Բելառուսին հանդիսավորությամբ փոխանցելու համար: Ըստ երեւույթին, Ալիեւի Մինսկ մեկնելուն խանգարում են երեկվանից Վրաստանում սկիզբ առած զանգվածային բողոքի ցույցերը:

Ալիեւը, հավանաբար, զգուշանում է, որ նման ինչ-որ զարգացումներ կարող են սկսվել նաեւ Ադրբեջանում, ուստի գերադասել է մնալ տանը՝ չնայած Բելառուսի նախագահի հետ մտերմական հարաբերություններին: Ուշագրավ է, որ Վրաստանում սկսված բողոքի ակցիաների ֆոնին Իլհամ Ալիեւը երեկ ուժային երկու կառույցների՝ ՆԳՆ-ի եւ պետական անվտանգության ծառայության տնօրենի փոփոխություն է կատարել: Կարելի է ենթադրել, որ դա պայմանավորված է ներքաղաքական իրավիճակով:

Բացառված չէ, որ Ալիեւին հայտնի է դարձել իր դեմ բողոքի ծրագրի մասին, եւ նա շտապել է փոխել ոստիկանության եւ հատուկ ծառայության առաջին դեմքերին՝ իրավիճակի նկատմամբ սահմանելով կոշտ վերահսկողություն: Ամեն դեպքում Մինսկ չայցելելու եւ Բելառուսի նախագահին չաջակցելու որոշումը լուրջ վերլուծության կարիք ունի: Իսկ Բատկան, երեւի, ըմբռնումոբ կմոտենա «թանկագին եղբայր Իլհամի» որոշմանը: Տարածաշրջանում նոր խմորումներ են սկսվում: