Մանվել Գրիգորյանի «քաղցր» կյանքը

Մանվել Գրիգորյանի «քաղցր» կյանքը

Մինչ Մանվել Գրիգորյանի փաստաբանները ահազանգում են, որ գեներալի առողջական վիճակը վատ է, անհամատեղելի է անազատության մեջ գտնվելու հետ եւ տարբեր եղանակներով փորձում են փոխել նրա խափանման միջոցը, դատարանին են դիմում գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությամբ, Գրիգորյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ ս/թ փետրվարի 8-ի հետազոտություններից հետո բժշկական կոնսիլիումը եկել է եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում: Այս մասին լրագրողներին ասել էր  բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Նա նշել էր նաեւ, որ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։ Հարցին՝ դեռ որքա՞ն ժամանակ Մանվել Գրիգորյանը կմնա հիվանդանոցում, Անատոլի Գնունին ասել է, որ պետք է դեկոմպենսացիան կոմպենսացվի, հետո նոր կկարողանան ասել՝ երբ դուրս կգրվի։ Իսկ փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասել էր, թե Գրիգորյանի հարազատները, ընտանիքի անդամները չեն կարող  տեակցել նրան: Սակայն, «Հրապարակի» աղբյուրը այլ բան է փաստում. «Նաիրի» բկ-ում բուժում ստացող գեներալ Մանվել Գրիգորյանը ապրում է ոչ այնքան կալանավորի կարգավիճակով: Թեեւ նրան մշտապես հսկում են ոստիկանության երկու աշխատակիցներ, նրան գրեթե ամեն օր այցելում են դուստրը, որդիները: Իսկ կինը՝ Նազիկ Ամիրյանը, գրեթե մշտապես Գրիգորյանի կողքին է: Կոնկրետ երեկ, ապրիլի 22-ին գեներալի մոտ առանձնահատուկ եռեւզեռ էր. ականատեսի պատմելով, նրա մոտ էին ոչ միայն փաստաբանները, այլեւ՝ հարազատները:

Մեր աղբյուրը կարծիք հայտնեց, որ արտաքուստ գեներալը մահացու ծանր հիվանդի տեսք չուներ, բավականին առույգ է, ախորժակը վատ չէ, այցելողները, երեխաները նրան թարմ եւ սննդարար մթերքներ են բերում: Հիվանդանոցի մեր աղբյուրը նաեւ ասում է, որ գեներալը քաղցրեղեն շատ է ուտում, դրանից էլ արյան մեջ շաքարի բարձր ցուցանիշը: Նա ազատ ել ու մուտ է անում հիվանդասենյակից, զբոսնում միջանցքներում: