«Հրապարակ»․ Ով է ֆինանսավորում Բրյուսելի համաժողովը, ովքեր են հանդես գալիս հանրության անունից

«Հրապարակ»․ Ով է ֆինանսավորում Բրյուսելի համաժողովը, ովքեր են հանդես գալիս հանրության անունից

Ինչպես հայտնի է, Բրյուսելում այս օրերին՝ նոյեմբերի 9-10-ը, ընթանում է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով ինչ-որ համաժողով։ Դատելով համաժողովի անունից՝ կարելի է կարծել, թե մի կարեւոր իրադարձություն է տեղի ունենում եվրոպական մայրաքաղաքում, որը կարող է վճռորոշ լինել Հայաստանի համար, սակայն հետեւելով հրապարակված նյութերին՝ պարզ է դառնում, որ համաժողովն ընդամենը հայերի` մի խումբ արեւմտամետների, սորոսականների կազմակերպած միջոցառում է, որին մասնակցում են Նիկոլ Փաշինյանի աջակից արեւմտամետները: Իհարկե, նրանք հերքում են Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը, թե Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մտադրություն չունի` այս համաժողովը հակառակի մասին է խոսում։
Հայկական ՀԿ-ների եւ մի խումբ գործիչների կազմակերպած այս հավաքին մեկնեց անգամ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ով չմասնակցեց նոյեմբերի 8-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը: Նա երեկ Բրյուսելում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, ասելով՝ Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաեւ կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը։ «Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանն ու փորձում ենք հասկանալ, թե Հայաստանի համար որոնք են լավագույն գործիքները, որ կարող են ե՛ւ անվտանգություն, ե՛ւ զարգացում ապահովել ու տարածաշրջանում ունենալ խաղաղություն»,- ասել է նա եւ եզրափակել. «Հայաստանը պատրաստ է գալ Բրյուսել, հասնել վերջնակետին ու կնքել խաղաղության պայմանագիրը»։

«Հայաստան-Եվրոպա համաժողովը նախաձեռնել են Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) եւ Եվրոպայում հայերի միությունը (կենտրոնակայանը՝ Սոֆիայում, մասնաճյուղերը՝ Բրյուսելում, Մադրիդում եւ այլ եվրոպական մայրաքաղաքներում)՝ ԵՄ-Հայաստան (ՀԸԳՀ) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի եւ Ազգերի զարգացման ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ»,- տեղեկացնում է պլատֆորմի պաշտոնական էջը եւ հավելում․ «Միջոցառման նպատակն է՝ ստեղծել մի հարթակ, որը կմիավորի նշանավոր հասարակական, քաղաքական գործիչների, փորձագետների, հասարակական կարծիքի առաջնորդների եվրոպական հարկի տակ՝ քննարկելու Հայաստանի եվրաինտեգրման ներուժն ու առկա խոչընդոտները եւ տարբեր ոլորտներում համագործակցության առկա հնարավորությունները։ Միջոցառումը կծածկի քաղաքական, իրավական, տնտեսական եւ անվտանգային ոլորտները: Բացի այդ, համաժողովի նախաձեռնողները մտադիր են այն դարձնել ամենամյա եւ հետագայում ներառել այլ ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, գիտությունը, շրջակա միջավայրը եւ այլն»:

Ըստ նախաձեռնողների՝ վերջերս հայ հասարակության տրամադրություններում ի հայտ եկած կտրուկ փոփոխությունները եւ «Հայաստանի արտաքին քաղաքականության վերանայումը մեր երկիրը մեկ քայլ մոտեցրին պատշաճ եւ առողջ հանրային քննարկման միջոցով Եվրոպայի հետ ինտեգրման խորացմանը։ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ կապերի ամրապնդումը, որն այժմ հայ հասարակության պատվերն է, այն խնդիրն է, որը նախ պետք է քննարկվի մասնագիտական հարթակներում, այնուհետեւ հասցվի հասարակությանը՝ իրազեկման քարոզարշավների միջոցով, որոնք թույլ կտան ձեւավորել այս նախաձեռնության տեսլականը՝ պրոֆեսիոնալ մակարդակով»: 

Եվ որպեսզի պատկերն ամբողջական դառնա, ներկայացնենք նաեւ, թե ովքեր են Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ կապերի ամրապնդման «հասարակական պատվերի մասին» բարձրաձայնում։ Մարդիկ, գործիչներ, որոնք ընդամենը մի փոքր խումբ են, եւ որոնց ետեւում շատ քիչ մարդ կա կանգնած. Տիգրան Խզմալյան, Հովսեփ Խուրշուդյան` համաժողովը կազմակերպած պլատֆորմի համակարգողն է, Լեւոն Բարսեղյան, Գարեգին Միսկարյան, Արամ Սարգսյան, քաղաքագետ Ստեփան Գրիգորյան, Ստյոպա Սաֆարյան եւ այլք, շուրջ երկու տասնյակ գործիչներ։ Ի դեպ, Բրյուսել մեկնողների մի մասի ավիատոմսերի ու եռօրյա կացության ծախսերը հոգացել է Եվրոպայի հայերի միությունը, որի փոխնախագահը «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահ Արտակ Սերգոյանն է։ Նա բնակվում էր Հայաստանում եւ հայտնի էր գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելով: Տեւական ժամանակ ֆինանսավորվում էր հայտնի էջմիածինցի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի կողմից եւ աշխատում էր նրա մոտ, սակայն Մանվել Գրիգորյանի մահից հետո լքել է Հայաստանը, բնակվում է Բելգիայում ու պարբերաբար հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանին սատարող գրառումներով ու հայտարարություններով: Նա շուրջ մեկ տարի է՝ խզել է կապը Դոն Պիպոյի հետ, վերջինս նրան վտարել է իր թիմից` ինչ-ինչ խնդիրների պատճառով: Սակայն այս պատմության մանրամասները շատերը չգիտեն, եւ որոշ արեւմտամետներ, իմանալով, որ համաժողովի ծախսերի մի մասը հոգում է հիշյալ միությունը՝ Սերգոյանի նախաձեռնությամբ, ընդվզել են դրա դեմ` կարծելով, թե արեւմտամետների միջոցառման հովանավորն էլ է Դոն Պիպոն: Մեզ ասացին, որ ոմանք անգամ հրաժարվել են մեկնել Բրյուսել` հերոսաբար հրաժարվելով եվրոպաներում ֆռֆռալուց։