Քաղաքականության մեջ մտնում են այնպես, ինչպես շոու բիզնես են մտնում
Մեր հարցերին պատասխանում է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը։
Մաս 2-րդ
- Ովքե՞ր են այսօր մեր քաղաքականության կրողները։
- Ցավոք բոլորը և, ուրեմն, քչերը։ Երբ ժողովուրդը զանգվածաբար սկսում է հետաքրքրվել ու զբաղվել քաղաքականությամբ, դա վկայում է տվյալ ժողովրդի մտավոր և հոգևոր ցածր մակարդակի մասին, բայց քանի որ դրսևորման ու լավ իմաստով կարիերայի ուրիշ ասպարեզ չկա, բոլորը ճանճի պես լցվում են քաղաքականություն, որն էլ այդ պատճառով դառնում է ոչ թե գաղափարների միջավայր, այլ նույնպես էստրադա և կարիերայի ոլորտ։ Մեր քաղաքական դաշտն այսօր էստրադային է։ Քաղաքականության մեջ մտնում են այնպես, ինչպես շոու բիզնես են մտնում։
- Ի՞նչ կարծիքի եք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մասին։
-Հարցը Ռուսաստանի հետ լինելը և Ռուսաստանի հետ չլինելը չէ, որովհետև ինչպես որ կարելի է Ռուսաստանի,- ի դեպ՝ ինչո՞ւ միայն Ռուսաստանի,- հետ հիմար ձևով լինել, այդպես էլ կարելի է նրա հետ հիմար ձևով չլինել․․․Եվ մի բան էլ․ մենք ռուսական մշակույթն ու ռուսական հոգին մեզ հարազատ համարող ժողովուրդ ենք, և Ռուսաստանի հետ հարաբերվելիս պետք է հաշվի առնենք, որ դա ազգային պետություն չէ, այլ բազմազգ մի կայսրություն․ ուրիշ բան է այդտեղ ապրող ռուսը, ուրիշ բան է այդ բոլորի սարքած Ռուսաստանը, որն արդեն ավելի քան մի դար է, ինչ զբաղված է քաղաքական սուտինյորությամբ՝ վաճառքի է հանում իր կողքին հայտնված ազգերին ու պետություններին։
- Սկզբում ասացիք, որ մեր հիմնական հարցը Արցախի հիմնախնդիրն է։
-Այո։ Եվ այդտեղ պետք է երևար մեր քաղաքական ողջ հասունությունը։ Բայց մենք նորից ու նորից դիմեցինք զգացմունքային ծեքծեքումներին։ Մի անգամ ասել եմ՝ երբ երկու Գերմանիաները միանում էին՝ գերմանական հասարակության մեջ երկու հարց կար․ առաջին՝ ով է ում միանում, և երկրորդ՝ ԳԴՀ-ում ապրող գերմանացին ինչպես պետք է ինտեգրվեր և ենթարկվեր ընդհանուր Գերմանիայի կարգին, քանի որ հիսուն տարի շարունակ ապրել էր կառավարման ուրիշ համակարգում․ դա արվում էր ոչ թե այն պատճառով, որ ԳԴՀ-ի գերմանացին հիսուն տարվա մեջ կորցրել էր գերմանացու իր էթնիկական որակները, այլ այն պատճառով, որ այլ էթիկական պայմաններում էր ապրել՝ բնականաբար հարմարվելով նրան․ այդպես էլ արցախյան կառավարող վերնախավը հիսուն տարի շարունակ ինքնապահպանության նպատակներով ստիպված էր եղել վարժվել թուրքական-ադրբեջանական սուլթանատի և սովետական կգբի-ի ներկայությամբ ապրելուն, կառավարման ու պետականության ուրիշ տրադիցիայի և հոգեբանության, ինչը բնական է․ դժբախտությունն սկսում է այն ժամանակ, երբ նա դա քարշ է տալիս մի ուրիշ միջավայր, որը նա դեռ պետք է յուրացնի։ Եվ ահա արցախցի երկու իշխանավորները եկան և մեր ողջ մտածողությունը լցրին հին՝ կոմունիզմի հայտնի մի ուրվականի և թուրանական պետության կառավարման ձևերի մեջ․․․
Նրանք վերջինիս նենգ մի քաղտեխնոլոգիայի դիմեցին ․ «ե՞րբ պետք է լավ ապրենք» հարցին պատասխանող նախագահին անարգանքի սյունին գամեցին, իսկ հարցը տված Սերգո-ջանին մյուս անգամ իրենց նման լկտի հարց չտալու համար «լավ ապրելու» հնարավորություն տվին՝ նրան նախարար, իսկ նրա որդուն դատավոր դարձրին։ Բայց նրանք երկրորդ աններելի տակտիկան էլ բանեցրին․նրանք Արցախը դարձրին իրենց և մեր ու մեր ողջ ժողովրդի միջև միջոց և շղարշ․նրանք արցախցուն բաժանեցին մեզնից, որ ցանկացած պահի նրա պրոբլեմով «բամփեն» մեր գլխին, մեզնով էլ՝ արցախահայության գլխին։- Այսօր նոր իշխանությունները հնարավորություն ունեն ուղղելու այդ ստոր տակտիկան և թույլ տալու, որ Հայաստանի հայությունը իրեն զգա իբրև արցախցի, իսկ արցախահայությունը՝ իբրև հայաստանցի։ Իմացեք՝ հայ ժողովուրդը այդ երկուսին ատում է ոչ իբրև արցախցու, այլ իբրև արցախցուն իրենց և մեր միջև կանգնեցրած ապակեպատի։ Ռոբերտ Քոչարյանը Արցախը իր համար սարքեց կենդանի վահան։ Հեղափոխությունից հետո արցախցին հնարավորություն է ստացել հայ լինելու․․․Ինձ համար միանգամայն տհաճ է, որ Արցախի երկու նախագահները թևերը քշտեցին և բերման ենթարկվեցին Երևան․․․Ես կհավատայի նրանց, եթե Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու կողքին նրանք մի քանի ժամանակ առաջ նրան և Սերժ Սարգսյանին համոզեին միանալ իրենց և այդպես չորսով միջնորդեին իրենց հայրենակցին՝ Լևոն Հայրապետյանին տանջամահ չանելու համար, որը իսկական հայ մարդ էր ու իսկական արցախցի, ինչի համար նրան այդ չորսով էլ չհանդուժեցին․․․Էլ չխոսեմ ուրիշ բաների մասին․ օրինակ, երբ այսօր ասում են՝ Արցախը առանձին մարզ ու պետություն է, ես դրա հետևում տեսնում եմ նրանց ականջներին Արցախը իբրև իրենց սեփական մարզն ու պետությունը փսփսացողների ականջները, որի դեպքում մեզնից երկու Կորեա կսարքեն, որոնցից մեկով միշտ, մեզանում վերջերս շրջանառության մեջ մտած քաղաքական մի զուտ հայկական տերմինով, «կբամփեն» մյուսի գլխին․․․
-Մտավախություն չունե՞ք, որ կոմսոմոլները կգան իշխանության։
- Դրանք մի տարի է, ինչ հեռացել են իշխանությունից։ Մի տարի անց ես մի այլ սոսկալի բան եմ կռահել․ եթե այս իշխանությունները տապալվեն, եթե մեր ժողովուրդն այնքան հիմարանա և նվաստանա, որ թույլ տա այս իշխանությունները տապալվեն, հանրապետականները, իհարկե, կրկին իշխանության չեն կարողանա գալ․ նրանցը կմնա լուտելը և ոռնալը․․․ Բայց․․․ ավելի վատ մի իշխանություն կգա,- ներսից և դրսից այս անգամ նրանց պարզապես կբերեն,- քան անգամ հանրապետականներն են․ ես դրանց արդեն կռահում եմ, թույլ տվեք նկարագրել․ նրանց, իհարկե, նույնպես նախկիններն են ասպարեզ իջեցրել․ դրանց դուք կտեսնեք Անժելայի մոտ կամ հիմնականում մեր նորաբաց թուրանական 5-րդ ալիքով․ դրանց պապաներն ամբողջ կյանքում կաշառք են վերցրել և նրանց անգամ մթի ու ցրտի տարիներին առավոտյան 6-ին կոտլետ են կերցրել ու մանգոյի հյութ են խմեցրել, քսանհինգ-երեսուն տարեկանում դրանք, իբր թե տղա, կանացի փարթամ կրծքեր ունեն, մազերը ոլորում են բիգուդիով, և արդեն իրենց փողկապների հանգույցի մասը ծածկող բոխախներով են․․․Դրանք բոլորը մելիք շահնազարների հետնորդներն են,- նրանք երեկ հայհոյում էին ռուսներին, այսօր փառաբանում են նրանց,- բայց նրանց բերանից երկուսն էլ նողկալի է։ Դրանք նրանք են, որ չեն ընդունում իրենց ժողովրդի ինքնիշխանության սուրբ իրավունքը․ սևացնելով այս իշխանություններին՝ նրանք նախ իրենց են մերժում իբրև քաղաքացի և հաստատում են իբրև քաղաքական բոմժ ու հացկատակ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հաղթած տեսնելով՝ նրանք կարծեցին, թե եթե նա հաղթեց՝ ուրեմն իրենք էլ կարող են հաղթել, առանց հասկանալու, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իր հաղթանակն է ապահովել, այլ իրենով ժողովրդի հաղթանակը։
-Հնարավո՞ր է հակահեղափոխություն։
- Թույլ տվեք ձեր հարցը վերաձևակերպել․ դուք ըստ էության հարցնում եք՝ հնարավո՞ր է հայ ժողովրդին խաբել՝ նրա բարոյական և սոցիալական այս գիտակցության պայմաններում․․․ Եթե ոչ, ուրեմն հակահեղափոխությունը հնարավոր չէ։ Բայց ես ասացի՝ եթե․․․Եվ եթե մեր ժողովուրդը թույլ տա, որ մեր մեջի բազմադարյան ու օտարամուտ դիրտն ու տականքը կործանի իր ընտրած այս իշխանությունը․․․
-Դուք այնպես եք խոսում այս իշխանությունների մասին, ասես նրանք ոչ մի թերություն չունեն։
- Կա՞ աշխարհում այնպիսի իշխանություն, որը թերություն չունենա։ Օրինակ՝ հենց ավելորդ էնտուզիազմն ու հռետորաբանությունը։ Նրանք պետք է հասկանան, որ էնտուզիազմը մեդիում է․ մեր առաջին իշխանության ժամանակ, որի կազմում եմ եղել նաև ես «եւ որի բոլոր մեղքերը կիսում եմ», այդ էնտուզիազմի խողովակով իշխանության եկան հանրապետականները, և այս իշխանությունները պետք է զգույշ լինեն, որ հանկարծ մեդիում չդառնան և իշխանության չբերեն ավելի վատ մի բան․․ Որի դեպքում մեզ պարզապես կդարձնենք «պոռնիկ-պետություն»․ հիշո՞ւմ եք այս հայտնի ձևակերպումը․․․
Կարծիքներ