Սարսափելի կլինի, որ բոլոր կտուրները միանման լինեն

Սարսափելի կլինի, որ բոլոր կտուրները միանման լինեն

Երեւանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին մանսարդներ կառուցելու գործընթաց է սկսել, համաձայն որի՝ մանսարդները պետք է կառուցվեն միասնական նախագծով եւ մեկ շինարարի կողմից: 

Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը մանսարդների կառուցման դեպքում 3 գործոն է առանձնացնում։ Դրանցից մեկը եղանակային պայմաններն են․ Երեւանում ամռանը շատ շոգ է, իսկ ձմռանը՝ շատ ցուրտ, պատահական չէ, որ մեզ մոտ ընդունված չէ մանսարդներ կառուցելու մշակույթը։ «Տեխնիկապես, իհարկե, հնարավոր է լավ ջերմամեկուսացնել, բայց հասկանալի է նաեւ, թե ինչքան ծախսատար է դա լինելու, քանի որ այդտեղ ամեն մի մանսարդին մոտեցում է պետք՝ ներսից, դրսից, վերելակի հարցեր են առաջանում. բոլորը տեխնիկապես դժվար լուծելի խնդիրներ են»։ 

Մանսարդների շինարարությունը բերելու է նրան, որ մի շարք բարդություններ են առաջանալու․ «Ամեն մի շինարարություն նշանակում է խախտել այն քիչ թե շատ նորմալացված ռիթմը, որը հասկանալի է բոլորին, բայց ես ուզում եմ ավելի հիմնովին խնդիր առաջ քաշել՝ մանսարդներն ինչի՞ համար են կառուցվելու կենտրոնում, որպեսզի ավելի՞ ծանրաբեռնի կենտրոնի խտությունը, ավելի շատ մարդիկ եւ մեքենանե՞ր հավաքվեն, ի՞նչն է մեզ պակասում կենտրոնում, մենք արդեն տեսնում ենք, որ կաթվածահար է լինում քաղաքը, 2 տարի առաջ դեռ այսպես չէր։ Մենք չգիտենք ելքը, իսկ ելքը շատ ցավոտ է, որովհետեւ դա մեծ արգելքների հետ է կապված՝ տրանսպորտի եւ այլ խնդիրների, որոնք մեր աչքի առաջ են։ Մենք շարունակում ենք նույն միտումը, որ մինչեւ այսօր կար։ Տնտեսական աճն ուզում ենք ապահովել շինարարության միջոցով, իսկ այդ շինարարությունը ռեալ է դառնում միայն քաղաքի կենտրոնում, եւ մենք չենք կարողանում գտնել այն մեխանիզմը, որ շինարարությունը դուրս բերվի կենտրոնից, եւ քաղաքը սկսի ազատվել իր գերխտացումից։ Հակառակը՝ մենք նորից շարունակում ենք կենտրոնում գերխտացումը, այն դեպքում, երբ գետնի վրա չունենալով արդեն տեղ՝ դա անում ենք կտուրների վրա ու ընտրում ենք նաեւ ամենաթանկ տարբերակը»։

Երեւանի փոքր կենտրոնի հմայքը եւ կերպարը պայմանավորված են հինգ հարկանի քարե շենքերով, որոնցից շատերը դասական կամ ազգային տարրերով են կառուցված եւ որոնք բոլորն ավարտուն ճարտարապետություն ունեն, ու հիմա դրանց գլխին եւս մի բան կառուցելը շատ արհեստական է դիտվելու՝ կարծում է Բալյանը․ «Այստեղ ես խիստ կասկածի տակ եմ դնում գեղեցկության խնդիրը, որովհետեւ արդեն իսկ ամփոփ, մտածված կառույցների վրա մենք ուզում ենք բերել-դնել մի նոր էլեմենտներ։ Քաղաքները չեն նախագծվում վերեւից նայելու համար, դրանք նախագծվում են, որ մարդիկ մայթերով քայլեն, փողոցներով մեքենաները երթեւեկեն, եւ մարդիկ բարձրանան իրենց տները, ոչ թե բարձրից իջնեն ներքեւ։ Նաեւ ասեմ, որ Երեւանը վերեւից այնպիսին է, որ խոսել այդ տանիքների մասին՝ արդեն ավելորդ է, որովհետեւ վերջին 20 տարվա անկանոն կառուցապատման պատճառով չեն երեւում»։ 

Ճարտարապետը չի ընդունում այն հիմնավորումը, երբ ասում են, որ Փարիզում շենքերի տանիքների հարցը հենց այսպես է լուծվել․ «Ուզում եմ ասել` Փարիզը՝ Փարիզ, Երեւանը՝ Երեւան, եւ ավելորդ է խոսել նրա մասին, որ սրանք տարբեր քաղաքներ են։ Մեր նպատակը չպետք է լինի Փարիզին նմանվելը եւ չենք էլ կարող դրան հասնել։ Հետո՝ Փարիզի այդ մանսարդները կառուցվել են իբրեւ մի ընդհանուր միջավայր։ Դա այնքան անհեթեթ համեմատություն է, որ նույնիսկ չես իմանում՝ քննադատե՞ս, թե՞ հերքես։ Ուրիշ խնդիր է, որ արդեն կան շենքեր, որոնք այլանդակված են տանիքների վրա ինքնուրույն կառույցներով․ պետք է այդ խնդիրը լուծել, բայց մյուս կողմից էլ՝ այնտեղ արդեն մարդիկ են ապրում։ Դրանք կարգի բերելը շատ ավելի բարդ խնդիր է, քան նոր՝ «ա լյա փարիզյան ոճով» մանսարդներ կառուցելը։ Հետո՝ ինչպե՞ս կարող է քաղաքը միանման լինել, միանման մեր միկրոշրջաններն էին, որից մենք փախչում էինք եւ հիմա մենք մեր այս բազմաբնույթ, բարդ Երեւանն ուզում ենք դարձնել միանման»։ 

Կարեն Բալյանին նախեւառաջ հետաքրքրում է այն հարցը՝ մենք ունե՞նք պատկերացում, թե ինչպես պետք է շարունակվի Երեւանի զարգացումը, հատկապես որ արդեն ունենք բացասական փորձ, քաղաքը գերխտացված է կենտրոնում, որը գնալով ավելի է մեծանում․ «Բոլոր ներդրումներն արվեցին Երեւանի կենտրոնում, եւ արդյունքում նա արժեզրկվեց թե՛ որպես գեղագիտական, թե՛ պատմամշակութային միջավայր։ Թվում է՝ մանսարդի հարցը փոքրիկ խնդիր է, բայց այն իրականում մեծ խնդիր է, որովհետեւ նորից ամեն ինչը կենտրոնացվելու է կենտրոնում։ Փոխարենը մենք չենք լսում, թե ինչպիսին են լինելու այս վիճակից դուրս գալու ճանապարհները, չենք լսում այս վիճակի գնահատականը։ Մենք նախ պետք է գանք խնդրի հաստատմանը, ասենք, որ արվել են այսպիսի բաներ եւ արվել են սխալ, դրա հետեւանքով տեղի է ունեցել այն, ինչ այսօր ունենք։ Հաջորդը․ պետք է պատասխանենք այն հարցին, թե ինչ պետք է անենք, որ այս վիճակից դուրս գանք, եթե մանսարդներ պետք է կառուցենք, ապա բնավ այդ վիճակից դուրս չենք գա, հակառակը՝ կբարդացնենք իրավիճակը»։

Մանսարդների կառուցումը, ըստ նրա, նաեւ սոցիալական կոնֆլիկտ առաջ կբերի․ «Եթե այսօր պետք է գան ու ինձ առաջարկեն մանսարդ կառուցել, գուցե ես դրա հնարավորությունը չունենամ, կասեն՝ մենք կկառուցենք, կտանք ուրիշին, այդ տարբերակին էլ ես համաձայն չեմ։ Հետո ո՞ւմն է դա լինելու, եթե ես ուզում եմ այսօր ըստ օրենքի մանսարդ կառուցել, քանի հոգի որ ապրում է շենքում, բոլորը պետք է տան իրենց համաձայնությունը, որպեսզի ես կառուցեմ, եւ դա ճիշտ է, որովհետեւ շենքը բոլորինն է։ Այս դեպքում, ինչպես ես հասկանում եմ, հարկադրաբար է արվելու, ենթադրենք՝ 5 մուտք է շենքում, 3 մուտքը ցանկացավ, 2-ը չցանկացավ, այդ դեպքում ո՞նց է գեղեցկության հարցը լուծվելու, ուրեմն լինելու է այն, ինչ հիմա կա։ 3-ի համար կկառուցեն, իսկ 2-ի համար՝ ոչ։ Եթե ուզում են միասնական լինի ու գեղեցիկ, ուրեմն մարդկանց չպետք է հարցնեն, իսկ եթե հարցնեն, արդեն գեղեցիկ չի լինի։ Բացի այդ, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ սարսափելի կլինի, որ բոլոր կտուրները միանման լինեն, Երեւանի վրա կգոյանա սնկերի պես ինչ-որ մի շերտ»։ 

Ճարտարապետն ընդգծում է՝ մանսարդներ կառուցելու միտքը Թամանյանն էլ է ունեցել, բայց չի շարունակել, որովհետեւ հասկացել է, որ ուրիշ նկարվածք եւ հորիզոն ունի քաղաքը։ «Մոսկվայի ամենատգեղ շենքերը հենց նրանք են, որոնց վրա փորձել են մանսարդներ կառուցել, որովհետեւ չի հասկացվում ինչի համար է»,- ասում է նա ու Երեւանի կենտրոնի համար մի մոտեցում առաջարկում՝ կենտրոնում շենքերը չքանդել, չփոփոխել ճակատները, հակառակը՝ վերականգնել դրանք, որոնք այլանդակված են, եւ շինությունների վրա հարկեր չավելացնել։