Կառավարությունը աշխատել է փայլուն

Կառավարությունը աշխատել է փայլուն

Այո, առնվազն երկու ուղղությամբ Փաշինյանի կառավարությունն աշխատել է փայլում: Եթե արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ արել է այդ ուղղությունը փակելու հմար, ապա ներքին ճակատում դեռ որոշ անելիքներ կան, որոնք կավարտվեն մի քանի ամսից: Փորձագետների կարծիքով` արտաքին քաղաքականության բեռից ազատված Փաշինյանը նոր եռանդով կգործի ներքին ճակատում` իրենց տրամաբանական ավարտին հասցնելով դատական համակարգի և արդարադատության ոլորտի բարեփոխումները: Նշենք, որ Փաշինյանի վերջին համարձակ նշանակումները ՍԴ-ում և արդարադատության նախարարությունում հենց դա են վկայում:

Հակահեղափոխականները, որոնք ոչ մի պայմանով զենքերը վայր չեն դնում, տագնապ են հնչեցնում Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու կապակցությամբ: 27-28 տարեկան պատանուն, պարզվում է, ճանաչում են միայն մտերիմները, այն էլ մերձավոր: Նշում են, որ այդ տարիքում նա դեռ պետք է հասակակիցների հետ բակում ֆուտբոլ խաղար և ոչ թե նախարար աշխատեր: Ոմանք էլ այլ հարցերի վրա են ծանրանում: Ասում են` սորոսական է, բանակում չի ծառայել, լավ հարաբերությունների մեջ է հայտնի Լարայի հետ, որն էլ իր հերթին մեծ ազդեցություն ունի Նիկոլ Փաշինյանի վրա: Հա, չմոռանամ ասել, որ առավել լավ հաշվարկողները Բադասյանի մասով տարակուսանք են հայտնել, որ ՀՀ-ում մարդը չէր կարող բուհի դիպլոմն ստանալու հաջորդ օրվանից դառնալ փաստաբանական պալատի անդամ, իսկ կարճ ժամանակ անց նաև նշանակվել ՊԵԿ փոխնախարար: Բայց ես այս փաստարկին շատ տեղ չեմ տալիս, որովհետև, երբ հետաքրքրվում ես, թե ով է եղել Ռուստամի հայրը հեղափոխությունից առաջ (ոստիկանության շտաբի պետ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ), անմիջապես հասկանում ես, թե որտեղից այդ երիտասարդի մեջ այսպիսի նպատակասլացություն և սեր ընտրած մասնագիտության հանդեպ: Այսուհանդերձ` ոլորտի գիտակները, հղում կատարելով Ռուստամ Բադասյանի անփորձությանը (ասում են, իբր, արդարադատության նախարար լինելու համար անցած ճանապարհ է պետք, կամք, փորձառություն և այլն), համառորեն վստահեցնում են, որ արդարադատության գլխին ամպեր են կուտակվում, իսկ կառավարության փայլուն աշխատանքում մեծ տապալում է հասունանում: 

Այո, կառավարությունը մի տեղ է, որտեղ միշտ ինչ-որ բան հասունանում է: Փաշինյանի կառավարությունն էլ բացառություն չէ, թեև կարծիք կա, որ այնտեղ ամեն ինչ սկսում է հասունանալ նախ` Նիկոլ Փաշինյանի մեջ, ապա տարածվում տարբեր ուղղություններով: Ասում են, իբր, ՀՀ կառավարությունում բոլորը սպասում են առավոտյան Նիկոլ Փաշինյանի աշխատանքի գալուն, որպեսզի տեսնեն` այդ գիշեր նրա մեջ ինչ է հասունացել, որ վերցնեն ու ավելի հասունացնեն: Այդպես է հասունացել, օրինակ, կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը, որն այնուհետև հանգուցալուծվեց մի շարք նախարարությունների լուծարմամբ և գերնախարարությունների ստեղծմամբ: Մարդ ես, չի բացառվում, որ առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը աշխատանքի գա արդեն արտգործնախարարությունը սփյուռքի հարցերով իր խորհրդականի գրասենյակին միացնելու փայլուն մտահղացմամբ: Ի՞նչ պետք է անի կառավարությունը: Բնականաբար, պետք է օդում որսա այդ նոր «հասունացումը» և լծվի գործի:

ՍԴ նոր դատավոր նշանակելու, իսկ ավելի ճիշտ` ՍԴ դատավոր առաջադրելու իրավունքը ՀՀ նախագահի ձեռքից խլելու և սեփական թիմի թեկնածուին առաջ բրթելու մտահղացումը, կարծում ենք, նույնպես առաջինը հասունացել է Փաշինյանի մեջ և, որպես Փաշինյանի մեջ առաջացած մտահղացում, սկսել է իրագործվել կոշտ, ինչ-որ տեղ նույնիսկ բռնի մեթեոդներով: Դատարանների առումից հետո արդեն պարզ էր, որ ՍԴ-ն բացառություն չի կազմելու, թեև դեռ կարելի էր հուսալ, որ Փաշինյանը կխնայեր գոնե մեր ամենաբարձր դատարանը, որովհետև ՍԴ-ն, ի տարբերություն վարչապետի անձի, նաև պետության խորհրդանիշ է: Այսինքն` պետությունը պետություն է նաև իր ՍԴ-ով, որի որոշումների հետ հաշվի են նստում ոչ միայն տվյալ երկրի նախագահն ու վարչապետը, այլև օտար պետությունների ղեկավարները: Բայց նման նրբությունները Փաշինյանի համար չեն: Նա գործում է «сила есть- ума не надо» հանրահայտ ասացվածքի ոգով (դուխով):

Ինչևէ, Վահե Գրիգորյանին դեմ տվեցին ԱԺ-ին ու, կներեք բառի համար, խցկեցին ՍԴ: Կարելի է իհարկե, հակադարձել այս մտքին, թե ԱԺ-ի ձեռքին էր ամեն ինչ, կարող էին մեկ անգամ էլ դեմ քվեարկել, բայց ոչ, սա այդ դեպքը չէ: Մենք պետք է իմանանք, որ Նիկոլ Փաշինյանի գլխում հասունացող մտքերին անհամբեր սպասում է նաև ԱԺ-ն, որն, ի դեպ, 80 տոկոսով Փաշինյանի կենսագործունեության արդյունք է: Սա ԱԺ-ում տեղի ունեցած ամենատխուր քվեարկություններից մեկն էր, որի վերջնարդյունքը հայտի էր քվեարկությունից օրեր առաջ: Իսկ ամենահետաքրքիրը սկսվելու էր հետո, երբ Վահե Գրիգորյանը արտասաներ ՍԴ դատավորի երդման տեքստը, ապա ինքզինքը նշանակեր ՍԴ նախագահ: Ով գոնե մեկ անգամ լսել է Գագիկ Հարությունյանի գերբարդ, գերանհասկանալի, բոլոր տեսակի զգացմունքներից գերզուրկ խոսքը, ապա կհամաձայնի, որ Վահե Գրիգորյանը, դեռ ոտքը ՍԴ չդրած, գերազանցեց սահմանադրական իրավունքի մեր ապուպապին: Բայց խոսքով գերազանցելը դեռ ոչինչ: Աշխարհում դեռ ոչ ոք ինքն իրեն ՍԴ նախագահ չէր հռչակել այն էլ ՍԴ գործող նախագահի կենդանության օրոք: Վահե Գրիգորյանը, փաստորեն, կրկնեց Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի սխրանքը, էն որ գլխներին մարդ են հավաքում և հայտարարում` նախագահը ես եմ, վարչապետը ես եմ… Տարբերությունն այն է, որ Վահե Գրիգորյանն իրեն հայտարարեց ոչ թե գործադիր իշխանության ղեկավար, այլ ՀՀ-ում իրավունքի միջնաբերդի գլուխ: Իհարկե, սա նույնպես համաձայնեցված էր Փաշինյանի հետ, որպեսզի վերջինս կարողանար իր 100 ձեռքբերումներն ավելացնել ևս մեկով, թե, ահա, սահմանադրությունը համապատասխանեցնում եմ խորհրդարանական կառավարման համակարգին:

Նոր սահմանադրությամբ, ինչպես հայտնի է, ՍԴ դատավորներին ընտրում է խորհրդարանը, իսկ ՍԴ նախագահին` արդեն ընտրված ՍԴ անդամները: Պարզվեց, որ խորհրդարանը Վահե Գրիգորյանից բացի ընտրել է ՍԴ ևս մեկ անդամի (նա այս պահին Հայաստանում չէ), իսկ մյուսները (թվով` 6) այդ «քուրայով» անցած դատավորներ չեն: Սա Վահե Գրիգորյանին հիմք տվեց հայտարարելու, որ ինքը ՍԴ դատավորներից ընդամենը 2-րդն է: Նրա այդ հայտարարությունից հետո կտրուկ վատացան նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործերը, քանի որ նա էլ ՍԴ նախագահ էր ընտրվել խորհրդարանի կողմից, բայց ոչ ՍԴ անդամների, ինչպես պահանջում է նոր սահմանադրությունը: Լսենք Գրիգորյանին. «ՍԴ մուտք գործելիս (ինչպիսի վերամբարձ ինքնամեծարում, Էդ.Ա.), որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը բացակայում է այս օրերին, և ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումըէ ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո… ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը»: Մնում է ասել` շնորհակալ ենք, պարոն Գրիգորյան, որ մտածում եք նաև հանրությանը բացատրել, թե այդ ինչպես է լինում, որ խորհրդարանը Ձեզ ընտրում է որպես ՍԴ դատավոր, իսկ Դուք, «մուտք գործելով» ՍԴ, ինքնաբուխ որոշում եք ձեռքի հետ ստանձնել նաև ՍԴ նախագահի ,պարտականությունների կատարումը»:

Իրավաբաններն ու իրավապահները նման կայծակնային հաջողությունները, սովորաբար, որակում են որպես իշխանության ուզուրպացիա, այսինքն` բռնազավթում, եթե չենք սխալվում: Բայց Վահե Գրիգորյանի պարագայում, հավանաբար, պետք է հաշվի առնել Նիկոլ Փաշինյանի ազդեցության ֆակտորը և հեռուն գնացող եզրակացություններ չանել: Ասացինք, արդեն, որ վարչապետին շատ է պետք ցույց տալ, որ ինքը խորհրդարանական համակարգը հարմարեցնում է սահմանադրությանը, և Վահե Գրիգորյանն առաջին կենդանի օրինակն է Փաշինյանի այդ ձգտումների մեջ: Հետևաբար մեզ մնում է ընդամենը հետաքրքրվել` պարոն Գրիգորյան, ՍԴ նախագահի աշխատասենյակի դռան ցուցանակը հասցրե՞լ եք փոխել, թե՞ Թովմասյանը դիմադրում է տակավին: Իսկ ինչ վերաբերում է երկրի կառավարման մոդելը Սահմանադրությանը համապատասխանեցնելու հետագա քայլերին, ապա հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանը մի օր էլ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կհանի վարչապետի անմիջական վերահսկողությունից` Հայաստանը նմանեցնելով նորմալ երկրի:

Հ.Գ. Ախր այդ Հրայր Թովմասյանն էլ Սահմանադրություն կարել չգիտի ընդհանրապես: Իբր Սերժի ու իր համար էր կարել, էն էլ պարզվեց ոչ Սերժի, ոչ էլ իր հագով է: