Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը փոփոխությունների չի ենթարկվել․ ԻԻՀ ռազմական կցորդ

Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը փոփոխությունների չի ենթարկվել․ ԻԻՀ ռազմական կցորդ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տեղադրել․  «Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝ ԼՂ հիմնահարցի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը:

ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցն արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն: Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն:

Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման»: