Հայաստանի համար արդյունավետ է այն, ինչն արդյունավետ չէ անձամբ Նիկոլի համար

Հայաստանի համար արդյունավետ է այն, ինչն արդյունավետ չէ անձամբ Նիկոլի համար

Առավոտվանից, չգիտես ինչու, ուղեղումս 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թեման էր: Եվ կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս Փաշինյան Նիկոլն էլ փորձեց քննարկել, թե Հայաստանի Հանրապետության համար որն է արդյունավետ՝ կառավարման խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական (կամ նախագահական) համակարգը:

Վերադառնանք 2015-ի հանրաքվեին. քանի որ փոփոխությունների նախաձեռնողն իշխանությունն էր, ընդդիմությունն էլ, բնականաբար, դեմ էր դրան: Առանձին՝ ո՛չ կողմ, ո՛չ դեմ, դիրք էր զբաղեցրել ընդդիմադիր պատգամավոր Փաշինյան Նիկոլը. դա, նրա կարծիքով, կեղծ օրակարգ էր: Իսկ ես, լինելով ընդդիմադիր կազմակերպության անդամ եւ աշխատակից, ընդհակառակը՝ կողմ էի Սահմանադրության փոփոխությանը: Կողմ լինելս հիմնավորում էի քրեաօլիգարխիկ համակարգի բրգաձեւ լինելու առանձնահատկությամբ. երբ նման համակարգը փոփոխության է ենթարկվում, ապա այն ճաքեր է տալիս եւ վաղ թե ուշ փլվում:

Ընդ որում, փլվելը կարող է տեղի ունենալ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին գործոնների ազդեցության արդյունքում: Հենց դա էլ տեղի ունեցավ, ինչպես մեզ էր թվում, 2018-ի գարնանը: Բայց ես կարծում եմ, որ նիկոլական եռամյա կառավարման սկզբում փուլ եկող քրեաօլիգարխիկ համակարգը, այնուամենայնիվ, դիմացավ եւ աստիճանաբար վերագտավ իրեն նոր պայմաններում: Բայց խոսքս դրա մասին չէ (դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ), այլ երկրի կառավարման կիսանախագահական համակարգը խորհրդարանականով փոխարինելու մասին: 

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների շրջանակում 2018-ի գարնանն իրականացվեց կառավարման համակարգի փոփոխություն, եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարգվեց ՀՀ վարչապետ: Ինչն էլ բերեց ապրիլյան իրադարձություններին, դրանց արդյունքում Սարգսյանի հրաժարականին եւ, ի վերջո, Փաշինյան Նիկոլի վարչապետ կարգվելուն: Մինչեւ պատերազմը վարչապետ Փաշինյանը կառավարման համակարգի փոփոխությունների մասին առանձնապես չէր բարձրաձայնում: Նման խոսակցությունը սկսվեց խայտառակ պարտությունից հետո: Դրա իմաստն էլ, բնականաբար, պարտության մեղքը համակարգի վրա բարդելն էր: Նիկոլը չբավարարվեց այլ մարդկանց վրա մեղքը գցելով, որոշեց մեղավոր կարգել նաեւ համակարգը:

Բայց նա վստահ չէր (նաեւ՝ չէ), թե որն է անձամբ իրեն ավելի ձեռնտու՝ վարչապե՞տ, թե՞ նախագահ լինելը: Ու հենց այդ պատճառով տատանվում է խորհրդարանականի եւ կիսանախագահականի (կամ նախագահականի) միջեւ: Խորհրդարանականի դեպքում ինքը կարող է կառավարել մինչեւ 2050 թվականը, ինչն իր երազանքն է, սակայն կիսանախագահականի (կամ նախագահականի) կերպարն ավելի գրավիչ է՝ հատկապես եվրասիական տարածաշրջանում: Մնում է, որ ինքն իրեն համոզի, որ երկրորդի դեպքում ինքը երկու ժամկետ վերընտրվելուց հետո կարող է իշխանությունը հաջողությամբ փոխանցել ընտանիքի այս կամ այն անդամին (օրինակ՝ կնոջը կամ աղջկան եւ կամ նույնիսկ տղային)՝ շարունակելով կառավարել երկիրը:

Ինչ մնում է պատերազմի դեպքում կառավարման այս կամ այն մեթոդի արդյունավետությանը, ապա դա իսկապես կեղծ օրակարգ է: Արդյունավետությունը ոչ թե մեթոդի մեջ է, այլ երկրի ղեկավարի՝ լինի նա վարչապետ թե նախագահ, անձնավորության մեջ: Հայրենասեր, խելացի, գրագետ եւ կազմակերպչական ունակություններով տեր անձի դեպքում, որը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, ի՞նչ նշանակություն ունի պաշտոնի անվանումը: Այն բացարձակապես ոչ մի նշանակություն չունի: Կառավարման խորհրդարանական համակարգով Իսրայել պետության փորձառությունը՝ մեզ օրինակ: Եվ որպես հակառակ օրինակ՝ նրան մի քանի անգամ պատերազմ հայտարարած հարեւան արաբական երկրների կառավարման համակարգը՝ թագավորական, նախագահական կամ խորհրդարանական: 

Եթե այս ամենին տեղյակ չես, ապա քեզ կթվա, որ մեծն Նիկոլը կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս լուրջ դեմքով փորձում է լուրջ հարց քննարկել: Եվ մարդը համոզված չէ, թե որն է ավելի արդյունավետ Հայաստանի համար, ու փորձում է հարցը դարձնել հանրային քննարկման (կամ ինչպես ընդունված է հիմա՝ դիսկուրսի) առարկա: Եվ դրա արդյունքում գտնել այն միակ ճշգրիտը (ի դեպ, ընդամենը երկու եւ ոչ թե բազմաթիվ գոծոններից), որ կհամապատասխանի մեր կացությանը: Իրականում, իհարկե, ամեն ինչ շատ ավելի պարզունակ է: Ինչը որ ավելի արդյունավետ լինի անձամբ Փաշինյան Նիկոլի համար, դա էլ կհայտարարվի արդյունավետ Հայաստանի Հանրապետության համար: Իսկ իրականում Հայաստանի Հանրապետության համար արդյունավետ է այն, ինչն այդպիսին չէ անձամբ Փաշինյան Նիկոլի համար: