Ադրբեջանում սպասում են

Ադրբեջանում սպասում են

Haqqin.az- ը, հղելով eadaily.com-ին, գրում է, որ վարչապետ Փաշինյանի մերձավոր շրջապատից հայտնի է դարձել, որ մայիսի 9-ին վերադառնալով Արցախից, Փաշինյանն ընդունել է Արցախի քաղաքական վերնախավի յոթ-ութ ներկայացուցչի աստիճանաբար հեռացնելու որոշում: Իբրեւ ասվածի հիմնավորում, ադրբեջանական լրատվամիջոցը նաեւ բավական ընդարձակ մեջբերում է անում «Հայկական ժամանակ» թերթից` նախապես տեղեկացնելով, որ «այն պատկանում է Փաշինյանի ընտանիքին»: Շեշտը դրվում է «Հայկական ժամանակի» այն պնդման վրա, որ Արցախում հեղափոխության անհրաժեշտություն կա:

Ամփոփելով, ադրբեջանական լրատվամիջոցը չքողարկվող հաճույքով արձանագրում է, որ «Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սառը պատերազմ է»: Գրեթե զուգահեռաբար «Ազատություն» ռադիոկայանն ուղիղ եթերում կազմակերպում է քննարկում, որին մասնակցում են իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը եւ Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Եւ եթե առաջին երկու բանախոսները պահպանում են կոռեկտություն եւ որոշակի սահման` Հայաստան-Արցախ հարաբերությունների թեման փորձելով չսրել, ապա արցախցի խորհրդարանականը միանգամից անցնում է գրոհի եւ «ներսից ունեցած տեղեկությունների» հիման վրա ուրվագծում պատկեր, թե տոնական եւ դրան հաջորդած օրերին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի գործող եւ երկրորդ նախագահների, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, «Բակո Սահակյանի շրջապատից մի քանի բարձրաստիճան ուսադիրավորների հետ խորովածի սեղանների է մասնակցում»:

Խանումյանի միտումն ակնհայտ է` հնարավորինս «տաք նյութ» մատակարարել վարչապետ Փաշինյանին, ներկայանալ որպես Արցախում հայաստանյան հեղափոխության հավատարիմ պաշտպան, իսկ մյուսներին անխտիր ներկայացնել որպես «հակահեղափոխականների»: Թե ում կողմից եւ ինչ միտում է կազմակերպվում քարոզչա-տեղեկատվական այս հուժկու գրոհը Հայաստանի եւ Արցախի դեմ` Խանումյանին եւ նրա թիմակիցներին, երեւում է, բոլորովին չի հուզում:

Եւ դա այն դեպքում, երբ արցախցի ընդդիմադիրի համարում ունեցող խորհրդարանականը մասնագիտությամբ միջազգայնագետ է եւ առաջինը պետք է ահազանգ հնչեցներ` տեսնելով, թե ինչ ինտենսիվությամբ եւ շեշտադրումներով է մամուլում շրջանառվում Հայաստան-Արցախ «հակասությունների» թեման: Խանումյանը դա «չի նկատում»: Քաղաքական նպատակահարմարությունը նրան մղում է անընդմեջ թեժացնել թեման: Նրան թվում է, թե դա միջոց է` հաղորդակցվելու Հայաստանի գործող իշխանությունների, հնարավորության դեպքում` վարչապետ Փաշինյանի հետ: Ըստ երեւույթին, ձեւավորվում է մտայնություն, որ այդ գեներացիան ճանապարհ է հարթում` ստանալու Հայաստանի վարչապետի բարեհաճությունը: Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի ամիս: Բայց այս դեպքում չի՞ կրկնվում ամեն ինչ: Եթե Արցախի ներկայիս իշխանությունը ձեւավորվել է Սերժ Սարգսյանի կողմից, ինչպես «Ազատության» ուղիղ եթերում Խանումյանն է պնդում, ապա նորն էլ պիտի Փաշինյա՞նը ձեւավորի: Դա՞ է «հեղափոխությունը»: Այդպե՞ս պիտի ընդգծվի Արցախի սուբյեկտությունը: Երեւի Ադրբեջանում հենց դրան էլ սպասում են, որպեսզի առիթ ունենան ասելու. «Բանակցություններին ԼՂ մասնակցության ի՞նչ կարիք կա, եթե Հայաստանն է այնտեղ իշխանություն ձեւավորում»: Այս հեռանկարը տեսանելի չէ՞ Խանումյանի եւ նրանց համար, ում օգտին Հայաստանի իշխանամերձ կողասրահներում լոբբինգ է անում նա:

 Մինչդեռ կա հնարավորություն` պահպանել հարաբերությունների բնականոն մակարդակ, վերջ տալ քարոզչա-տեղեկատվական «փոխհրաձգությանը» եւ համբերությամբ սպասել եկող տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Նախագահի թեկնածուների շրջանակը, կարծես, պարզ է: Ում նախապատվությունը կտա արցախցի ընգտրողը, նա էլ կլինի Հայաստանի իշխանությունների նոր գործընկերը: Իրադարձությունների նման զարգացումը կլինի ոչ միայն բնական, այլեւ` միակ տրամաբանական: Որպեսզի Ադրբեջանում սրված հետաքրքրություն չունենան: Որպեսզի Արցախը չվտանգվի: Հակառակ դեպքում հայկական հեղափոխությամբ արթնացած սպասումներն ի դերեւ կլինեն: