Նոր քննաոճ

Նոր քննաոճ
Սուրիկ Խաչատրյան

Երեկ մենք զավեշտալի իրավիճակում էինք հայտնվել։ Ստանալով Ազգային անվտանգության ծառայության հպարտ հաղորդագրությունն այն մասին, որ «կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում» բացահայտվել է «առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք» եւ հարուցվել է քրեական գործ Սյունիքի նախկին մարզպետի նկատմամբ, մենք հաղորդագրությունը տեղադրեցինք մեր կայքում։ Քանի որ մատնանշված էր 2016 թվականը, նախ մեզ թվաց, թե խոսքը մարզպետ Վահե Հակոբյանի մասին է, սակայն քիչ անց մեզ տեղեկացրին, որ ոչ թե Հակոբյանն է քրգործի սուբյեկտը, այլ հայտնի Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանը։

Պաշտոնական հաղորդագրությունը տեղադրելուց րոպեներ անց բազում զարմացած հեռախոսազանգեր ստացանք Սյունիքից ու Գորիսից՝ Սուրիկ Խաչատրյանի հարազատները, մերձավորները անհանգստացած հարցնում էին՝ այդ ի՞նչ գործ է, ե՞րբ է հարուցվել, ո՞վ է մեղադրյալը, ի՞նչ կարող եք մեզ հաղորդել լրացուցիչ, գուցե մեկ ա՞յլ մարզպետի մասին է խոսքը։ Պարզվում է՝ քրեական գործ է հարուցվել, հաղորդագրություն է տարածվել, սակայն անձը, ով ենթադրյալ մեղադրյալն է, տեղյակ չէ այդ մասին՝ ոչ մի անգամ չի կանչվել ԱԱԾ, ցուցմունք կամ բացատրություն չի տվել, տեղեկացված չէ։ Անգամ լրագրողները գիտեն, որ եթե մարդու վերաբերյալ հոդված են պատրաստում, անպայման պետք է զրուցեն նրա հետ, լսեն նրա բացատրությունները։ Գուցե այդ ընթացքում ինչ-որ փաստ բացահայտվի, որի արդյունքում բոլորովին ուրիշ շեշտադրումներ արվեն հոդվածում, այլ եզրահանգումներ։ Ինչպե՞ս կարելի է քրեական գործ հարուցել, հաղորդագրություն տարածել, անվանարկել մարդուն՝ առանց տեղեկացնելու, առանց նրան լսելու։ Սա ի՞նչ նոր քննչական գործելաոճ է, որը որդեգրել են մեր իրավապահները։