Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի քաղհայցի քննությունը անսպասելի ավարտ ունեցավ

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի քաղհայցի քննությունը անսպասելի ավարտ ունեցավ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղհայցի քննությունը անսպասելի ավարտ ունեցավ։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայցադիմումում նախ փոփոխություններ կատարեց, իսկ Փաշինյանի պաշտպանն էլ միջնորդեց, որպեսզի նոր հայցադիմումը իրեն էլ ներկայացվի գրավոր։ Դատարանը առաջարկեց դատական հաջորդ նիստի օրը նշանակել հոկտեմբերի 30-ը։ Հայկ Ալումյանը ընդմիջում խնդրեց, ապա ընդմիջումից վերադառնալուց հետո հայտարարեց․

« Ես լիազորված եմ հայտարարելու, որ եթե մեր դատավարական հակառակորդը ասի, որ պարոն Փաշինյանը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել, ապա մենք պատրաստ ենք հրաժարվելու հարցից»։

Փաշինյանի պաշտպանն էլ ասաց, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերել է սահմանադրական նորմի մեկնությանը և Քոչարյանին նկատի չի ունեցել։ Հիշեցնենք, որ Փաշինյանը ասել էր․ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»։

Ալումյանը խնդրեց հաջորդ օրը նիստ հրավիրել, որպեսզի հայցից հրաժարվելու դիմումը ներկայացնի։