20 տարի է, ինչ լսում եմ այդ ձեւակերպումները

20 տարի է, ինչ լսում եմ այդ ձեւակերպումները

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած Ադրբեջանի արտգործնախարար  Էլմար Մամեդյարովի եւ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունը քաղաքագիտական շրջանակներում տարակարծությունների տեղիք է տվել։ Իսկ հաղորդագրության մեջ, ի մասնավորի, նշված է․ «Ավելի քան 4 ժամ տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»։ Այս հայտարարությունը ողջունել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Մամուլում, սոցցանցերում հնչում են տեսակետներ, որ Հայաստանից կպահանջվեն զիջումներ, եւ դա կարող է լինել լոկալ պատերազմից հետո, ՀՀ-ից պահաջվում է վերադարձնել հինգ շրջան, եւ միջնորդների կողմից կան ճնշումներ այդ ուղղությամբ։

Քաղաքագետ, «Մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանը հիշեցնում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, եւ մենք ամեն օր պետք է պատրաստ լինենք պատերազմի։ 
Ինչ վերաբերում է վերոհիշյալ հայտարարությանը, ապա Թեւան Պողոսյանը նշում է, որ այդ ձեւակերպումն ինքը լսում է արդեն քսան տարի։ 

«Շատ ընդունված ձեւակերպում է, որով հայտնում են, թե հույս ունեն ինչ-որ հանգրվանի հասնելու։ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություն կլինի այն փուլում, երբ այդ սենյակում կգտնվի նաեւ Արցախի ներկայացուցիչը։ Մինչեւ Արցախի ներկայացուցիչը չնստի բանակցային սեղանին, որեւէ բանակցություն, որը միտված կլինի խնդրի լուծմանը, տեղի չի ունենա։ Կարող են մտքեր փոխանակել անվտանգության հարցերի, խաղաղության հասնելու մասին, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվի, որովհետեւ Արցախն այնտեղ չէ։ Բանակցությունները կարող են ընթանալ էսկալացիաների նվազեցման, սահմանների ռիսկայնության   մասին, բայց Ադրբեջանը դրանից հետո պետք է քայլեր ձեռնարկի։ Արդյո՞ք բոլոր այն ՀԿ ներկայացուցիչները, որոնք գտնվում են կա՛մ բանտերում, կա՛մ փախել են եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, Ադրբեջանը փորձում է նրանց վերադարձնել»,- մեզ հետ զրույցում նշեց Թեւան Պողոսյանը։
Հետահայաց անդրադառնալով 2000-ականներին՝ Թեւան Պողոսյանը հիշեցնում է, թե ինչպես էին այն ժամանակ հայերն այցելում Բաքու, ադրբեջանցիներն էլ՝ Երեւան, Ստեփանակերտ, սակայն ոչինչ չի լուծվել։ 

«Մոռացե՞լ եք, որ Սոչիում էլ է եղել հանդիպում, Մայնդորֆում էլ, թղթեր են ստորագրվել, կոչ են արել, որ կնպաստեն քաղհասարակության ինստիուտների գործունեությանը, բայց դրանից հետո ո՞ւր ենք հասել»,- ասաց Թեւան Պողոսյանը։ Նա խորհուրդ է տալիս սպասել ու տեսնել, թե Ադրբեջանում չե՞ն հնչի ատելության կոչեր, կփոխվե՞ն պատմության դասագրքերը։ Միգուցե մի սերնդի ատելությամբ դաստիարակելուց հետո մի սերնդի էլ դաստիարակեն խաղաղությամբ։ Երբ Ադրբեջանը կանի այդ ամենը, մենք էլ կմտածենք այդ մասին»,- նշեց քաղաքագետը։