Հայթաղում տնօրեն են ընտրելու

Հայթաղում տնօրեն են ընտրելու

2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի ղեկավար Սամվել Վարդանյանը, որն արդեն նախկին է, դպրոցի տնօրեն Ռուզաննա Գաբրիելյանից պահանջել է աշխատել ՀՀԿ-ի օգտին: Տնօրենը մերժել է՝ «ես ձայն հավաքող չեմ» ասելով:

Տնօրենի պատասխանը դուր չի եկել Սամվել Վարդանյանին: Նա կուլ չի տվել կնոջ վիրավորանքը, վրեժխնդիր լինելու հարմար պահի է սպասել:

Բայց, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ է եկել. թավշյա հեղափոխությունը խառնել է Վարդանյանի պլանները: Գրիգորյանների ընտանիքի հովանավորչությունը վայելող Վարդանյանը, հասկանալով, որ կորցրել է տանիքը, ինքնակամ հրաժարվել է համայնքի ղեկավարի պաշտոնից եւ ամեն ինչ արել, որ այդ մանդատն անցնի իր տեղակալ Մերուժան Մուրադյանին:

Հիմա, երբ Սամվել Վարդանյանը դպրոցի տնօրենից վրեժխնդիր լինելու որեւէ լծակ չունի, հայթաղցիների ասելով՝ փորձում է հարցերը լուծել գործող գյուղապետ Մուրադյանի միջոցով: Ցանկանում է ազատվել «հանդուգն» տնօրենից եւ դպրոցի ղեկավարումը հանձնել իր կնոջը: Բանն այն է, որ տնօրեն Ռուզաննա Գաբրիելյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը լրացել է, իսկ տնօրենի տեղի համար մրցույթին հաշված օրեր են մնացել:

Դեկտեմբերի 25-ին կայանալիք մրցույթին, բացի Ռուզաննա Գաբրիելյանից, հայտ է ներկայացրել նաեւ նախկին գյուղապետ Սամվել Վարդանյանի կինը՝ Կարինե Մակարյանը: 

Միջանկյալ նշենք, որ երկու տարի առաջ Կարինե Մակարյանը մասնակցել է նաեւ Փարաքարի միավորված դպրոցի տնօրենի մրցույթին՝ հարուցելով փարաքարցիների զայրույթը: Նրանցից շատերը նույնիսկ մարզպետարան էին գնացել եւ ասել՝ եթե Մակարյանն ընտրվի, իրենք երեխաներին այլ դպրոցներ կտեղափոխեն:

Գրեթե նույն վիճակում է հայտնվել Հայթաղը: «Երբ իմ պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր, հավաքեցի ուսուցիչներին, ասացի՝ եթե ուզում եք շարունակենք միասին աշխատել, կառաջադրվեմ, եթե ոչ՝ խնդիր չկա: Բոլորը միաձայն էին, որ շարունակեմ ղեկավարել: Շատ նորմալ է, որ Կարինե Մակարյանն էլ է առաջադրվել: Պարզապես ճիշտ չէ, որ նրա ամուսինը տնետուն ընկած՝ իր կնոջ օգտին ստորագրություններ է հավաքում եւ հանիրավի սրում գյուղի մթնոլորտը: Ի վերջո, տնօրենին ընտրելու է դպրոցի կառավարման խորհուրդը: Ի՞նչ կապ ունեն գյուղացիները, որոնց մեջ պառակտում են գցում»,- ասաց Ռուզաննա Գաբրիելյանը:

Կառավարման խորհրդի ութ հոգանոց անդամներից մեկն էլ Հայթաղի գործող ղեկավար Մերուժան Մուրադյանն է: Գյուղում լուրեր են տարածվել, թե Մուրադյանը դպրոցի տնօրենին փոխելու ցուցում ունի Արմավիրի մարզպետից: «Ես՝ ուր, մարզպետը՝ ուր: Ես ո՛չ մարզպետ եմ տեսել, ո՛չ էլ ցուցումներ ու «դաբրոներ» ստացել: Սուտ խոսակցություններ են»,- հերքեց Հայթաղի նորընտիր ղեկավարը:
Մերուժան Մուրադյանը նախկին կոմունիստ է, ՔՊ անդամ դառնալու հայտ է ներկայացրել, բայց դեռ պատասխան չունի: Ասում է՝ աստվածավախ մարդ եմ, առաջնորդվում եմ Քրիստոսի ուսմունքով: «Ամեն ինչ անելու եմ գյուղի կյանքը բարելավելու համար: Իսկ դպրոցի տնօրենի ընտրությանը կմասնակցեմ խղճիս ձայնով»: