Դրանք նույն հաջողությամբ կարող են բնակվել թե՛ հաղթանակած Հայաստանում, թե՛ թուրքական վասալ երկրում

Ուրախ եմ, որ ախուրյանցի Անոն փոշմանել է և վերադարձել է նիկոլականության գիրկը: Անկեղծ եմ ասում՝ իսկապես ուրախ եմ իր իրական վիճակին ազնվազարմ տիկնոջ վերադարձի համար: Թե չէ ինչի՞ նման էր «ես սխալվել եմ, ես այլևս նիկոլական չեմ և այլն, և այլն» զրիցների առկայությունը: Այդ տիպի Անոները մշտապես պետք է լինեն հենց միայն նիկոլական, որովհետև դա է իրենց բնական միջավայրը: Ես, օրինակ, կվիրավորվեի, եթե ինքը դադարեր նիկոլական լինելուց ու մի օր էլ գար կանգներ իմ կողքը: Կարծում եմ, որ նույնը զգացումը պետք է որ ունենային բազմաթիվ այլ հայաստանցիներ: Ովքեր առնվազն 2020 թվականի աշնանից այս կողմ պահանջել են Արցախյան երկրորդ պատերազմը խայտառակ պարտության տարած և դրա թիվ մեկ պատասխանատու և ըստ այդմ՝ թիվ մեկ մեղավորի հրաժարականը զբաղեցրած պաշտոնից: Ովքեր արևի կիզիչ ճառագայթների տակ և կամ անձրևին ու ցրտին փողոցում կռիվներ են տվել ընդդեմ վարչապետի աթոռից կառչած անձի անվտանգությունն ապահովող ոստիկանների:
Բայց ես, բնականաբար, ուրախ չեմ, որ իմ բազմաթիվ ընկերները 2021-ին հունիսի 20-ին ընտրատեղամաս գնալով՝ ընտրեցին «չագուչավոր» Նիկոլին և նրա ստեղծած կուսակցությունը: Եվ կամ ընդհանրապես ալարեցին դուրս գալ տնից՝ ո՛չ Նիկոլին ու ո՛չ էլ նախկիններին, իրենց ասելով, ձայն չտալու համար: Դրա համար ես ուրախ չեմ ու նույնիսկ ցանկություն ունեի ոչ միայն խզել կապերը դրանց հետ (դա ամենահեշտն էր ու հիմնականում հենց այդպես էլ եղավ), այլև կտրել ու դեն նետել իմ քսան-երեսուն տարվա անցյալը: Որովհետև նախկինների դեմ իմ ակտիվ պայքարում ես ցանկանում էի ավելի լավը տեսնել իմ հայրենի երկիրը: Ցանկանում էի նախկինների կողմից հաստատված «բեսպրեդելից» ազատ տեսնել իմ երկիրը: Ցանկանում էի վերջապես, որ հայաստանցիները լինեն իրավահավասար և ոչ թե առաջին և երկրորդ սորտի քաղաքացիներ: Այն, ինչ զգացել էի իմ ծննդավայր Թիֆլիսում հայերիս առումով:
Ու, բնական է, որ այդ ամենը զանկանում էի տեսնել ի լրացումն այն ամեն դրականի, ինչ արդեն կար նախկինների օրոք: Եվ ոչ թե իմ ցանկությունների իրականացումը՝ այն էլ բազմաթիվ դեպքերում կիսակատար ու ավելին՝ կեղծված, տեղի ունենար այն ամենի հաշվի, ինչը կազմում է իմ, որպես հայի, էությունը: Այն է՝ Արցախի լինելիությունը, Արարատ լեռը՝ որպես բիբիլիական սրբավայր ընկալելը, 1915 թվականը՝ որպես հիշողություն գիտակցելը, որից պետք էր դաս առնել ու ձերբազատվել: Բայց ձերբազատվել ոչ թե թշնամու առջև սողալով ու այն մոռացության մատնելու գնով, այլ հաղթահարելով իմ ազգի կերպարում դրա գեներացրած բացասական կողմերը: Ինչն, ի դեպ, արդեն տեղի էր ունենում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի: Ու այդ հաղզթանակի շնորհիվ՝ արևելյան ու արևմտյան թշնամի երկրների ղեկավարների հետ մեր հարաբերություններում: Եվ երբ մեր միամտության պատճառով կեղծ «դուխով»-ի հետևից ընկած՝ մենք ընտրեցինք սխալ ճանապարհը՝ «անո»-ական միջավայրը դարձավ մեր պատիժը:
Ու այդ պատճառով էլ պետք է մերժել Անոներին՝ լինեն դրանք դարձի եկած թե կրկին իրենց ծնած ու սնած հարազատ միջավայրը վերադարձած: Որովհետև հենց այդ միջավայրն է ծնում Նիկոլին ու նրա նմաններին: Ովքեր հենց նույն միջավայրի շնորհիվ ոչ միայն հասնում են պետության ղեկավարի դիրքին, այլև պահպանում են այն: Իսկ պահպանելն էլ տեղի է ունենում նույնիսկ այն դեպքում, երբ թվում է, թե բոլոր հանգամանքներն ու գործոններն են ընդդեմ դրան: Ինչը կատարվեց շուրջ հինգ տարի առաջ մեր հայրենիքում և անոանմանների բնակության վայրում: Որովհետև մեր հայրենիքը դրանց համար ընդամենը բնակության վայր է: Դրանք նույն հաջողությամբ կարող են բնակվել թե՛ Ղարաբաղյան շարժումով ու դրան հետևած Արցախյան առաջին պատերազմի հաղթանակած Հայաստանում և թե՛ առավելագույնը թուրքական վասալ «իրական Հայաստանում»: Ինչը հիմնավորվում է մի քանի տասնյակ հազար հայաստանցիների՝ Թուրքիայում ապրելու ու եկամուտ վաստակելու հանգամանքով:
ՀԳ. Այս հղումն էլ որպես անոանմանների բնութագիր.
Կարծիքներ