Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. դեսպան
Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով` Իրանի դիրքորոշումը հստակ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ` իրանական կողմը դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և միջանցքային տրամաբանության։
«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք դարեր շարունակ կողք կողքի ապրած հարևաններ ենք և ունենք շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը քայլ կկատարի երկու երկրների ժողովրդի շահերի դեմ»,- ընդգծել է Սոբհանին։
Նրա խոսքով, նախկինում երկկողմ հարաբերությունները նույնպես զարգանում էին առանց արտաքին գործոնների ազդեցության։
Կարծիքներ