Իշխանության երրորդ թեւը կախված է իր կնքահայրերից

Իշխանության երրորդ թեւը կախված է իր կնքահայրերից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների նկատմամբ վեթինգ կիրառելու մասին հայտարարությունից հետո քաղաքական-հասարակական շրջանակներում եղան արձագանքներ, որ այդ քայլն ուշացած է, պետք էր մեկ տարի առաջ սկսել վեթինգը, անցումային արդարադատության կիրառումը։
«Ժողովրդական մի լավ խոսք կա՝ ուշ լինի, նուշ լինի»,- նման արձագանքներին այսպես պատասխանեց  ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Միաժամանակ Վիգեն Խաչատրյանը հիշեցնում է, որ դեռ մեկ տարի առաջ էր Նիկոլ Փաշինյանը հորդորում դատավորներին խելքները գլուխը հավաքել։
Նկատեցինք, որ վեթինգի դեպքում հնարավոր է խախտվի հասարակական համերաշխությունը, թացը չորի հետ խառնեն։

«Իհարկե, կան մտավախություններ, պետք է այնպես անել, որ սխալներ թույլ չտան։ Բայց հասարակական համերաշխությունը չի խախտվի, համոզված եմ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ԱԺ-ում երեկ հրավիրված անցումային արդարադատությանը վերաբերող լսումներին, ապա Վիգեն Խաչատրյանը նշեց․ «Լավ է, ինչքան շատ մարդ մասնակցի եւ կարծիքներ հայտնի, ավելի շատ բազմակարծություն կլինի։ Ես ողջունում եմ այդ քննարկումները եւ կարծում եմ, որ չպետք է հապաղել, արագ քայլեր պետք է արվեն։  Բոլորս լավ գիտենք, որ իշխանության երրորդ թեւը մնացել է իր կնքահայրերից կախյալ վիճակում, պետք է օգնել, որ նրանք ազատագրվեն եւ խամաճիկ չլինեն»,- նշեց Վիգեն Խաչատրյանը։