«Հրապարակ». Իշխանությունը պահելու Փաշինյանի վտանգավոր խաղը

«Հրապարակ». Իշխանությունը պահելու Փաշինյանի վտանգավոր խաղը

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել, որտեղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քավորությամբ հերթական հանդիպումն է կայանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել ապրիլի սկզբներին։ Եռակողմ հանդիպումից ու պայմանավորվածությունից հետո ադրբեջանական պաշտոնական աղբյուրները եւ Շառլ Միշելը հայտարարեցին, որ Մինսկի խումբն այլեւս դերակատարում չունի՝ Արցախի խնդրի հետ կապված, քանի որ խումբն այլեւս գոյություն չունի: Արեւմուտքը՝ ի դեմս Շառլ Միշելի, Արցախի կարգավորման խնդիրն անթաքույց իր ձեռքն է փորձում վերցնել։ Բրյուսելում  պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ մինչեւ ապրիլի վերջ ձեւավորել սահմանազատման եւ սահմանագծման հարցերով զբաղվող հանձնաժողովներ եւ նախապատրաստվել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ պայմանագրի նախապայման հանդիսացող՝ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետանոց ուլտիմատումը ենթադրում է խաչ քաշել Արցախի կարգավիճակի վրա։

Ապա՝ ապրիլի 19-ին, Փաշինյանին կանչեցին Մոսկվա, այնտեղ փաստաթղթերի մի ողջ փաթեթ ստորագրեց, որից հետո ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական ներկայացուցչի շուրթերով հայտարարեց, թե Մոսկվան թույլ չի տա Արեւմուտքին՝ իրենից խլել Արցախի խնդրի լուծումը. «Սահմանների սահմանազատման եւ սահմանագծման մասին համաձայնագիրը կիրականացվի ռուսական բանակի գլխավոր շտաբում պահվող խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա եւ համաձայն անցյալ տարի առաջարկված օրակարգի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»: Սա նշանակում է, որ Փաշինյանն իր համաձայնությունը տվել էր սկզբում Բրյուսելին, ապա՝ Կրեմլին:

Մոսկվայից վերադառնալուց հետո, ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ, նա ասել էր, որ Մոսկվան եւս դեմ չէ խաղաղության  պայմանագրի ստորագրմանը, սակայն, ի տարբերություն Արեւմուտքի, առաջարկում է Արցախի կարգավիճակի հարցը չմտցնել խաղաղության պայմանագրի մեջ, այլ դրա լուծումը թողնել հետոյին։ Նկատենք, որ բրյուսելյան, ապա մոսկովյան հանդիպումից հետո ժամանակն աշխատեց ի վնաս խաղաղության պայմանագրի, եւ դրան նպաստեց ընդդիմության փողոցային պայքարը։ Չնայած բրյուսելյան պայմանավորվածություններին՝ սահմանազատման գործընթացի մեկնարկը չտրվեց, պայմանագրի ստորագրումը սառեցվեց։ Իսկ օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց, թե ինչու տեղի չի ունեցել մայիսին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցով առաջին հանդիպումը։

«Հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,- հայտարարել է նա` պատասխանելով լրագրողների հարցերին, Բրյուսելում Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստից առաջ։ Նշենք, որ սույն հանձնաժողովի աշխատանքների պատասխանատուն ԱԳՆ-ն է, իսկ Արարատ Միրզոյանը, ըստ որոշ տեղեկությունների, այնքան էլ համաձայն չէ Փաշինյանի աշխարհաքաղաքական լարախաղացությանը՝ մե՛կ Եվրոպային, մե՛կ Ռուսաստանին ծառայելու վտանգավոր խաղին, հատկապես՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի լարված հարաբերությունների ֆոնին։

Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով, աշխարհաքաղաքական այս կենտրոնների հակամարտությունը, բնականաբար, իր ազդեցությունն է թողնում Արցախի կարգավորման խնդրում։ «Մեկ ամիս առաջ բրյուսելյան հանդիպմանն անդրադարձ չկար, որ Ռուսաստանն իր ազդեցությունն ունի արցախյան կարգավորման խնդրում, Մոսկվայում Հայաստանն ու ՌԴ-ն հաստատեցին, որ այդ կոնֆլիկտը ռուսական գերիշխանությամբ պետք է լուծվի, հիմա նորից այց է կատարվում Արեւմուտք, որտեղ, վստահաբար, պետք է ամրագրեն, որ Արեւմուտքի գերիշխանությունն է լինելու։ Հարկ է նշել, որ տվյալ դեպքում Մինսկի խումբը գոյություն չունի, իսկ այս պարագայում աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը փորձում է կոնֆլիկտի լուծման բանալին իր ձեռքը վերցնել»,- ասում է քաղաքագետը՝ ընդգծելով, որ կողմերի առաջ քաշած լուծումները ոչ միայն իրար չեն լրացնում, այլեւ հակասության մեջ են մտնում միմյանց հետ։

«Հայաստանի իշխանությունները, չգիտես ինչու, որոշել են խաղալ այդ հակասությունների վրա, հույս ունեն այդ խաղով երկարացնել իրենց իշխանության ժամկետները»։ Քաղաքագետը շտապում է հիասթափեցնել՝ գուցե տակտիկական առումով դա հաջողվում է, բայց ռազմավարական տեսանկյունից չի հաջողվի։ «Որովհետեւ երկուսն էլ հասկանում են, որ տվյալ դեպքում ում հետ խաղում են, նա կրկնակի խաղ է խաղում, երկուսն էլ մաքսիմալ պոկելու են նրանից, բայց գալու է ժամանակ, որ երկուսն էլ հրաժարվելու են այդ խաղացողից՝ համարելով, որ խաղացողն իրենց շահերը չի սպասարկում, մրցակցի խաղացող է։ Սա մանյովրել չէ, սա երկու կողմի շահերն իրար դեմ դուրս բերել է՝ մի նպատակով, որ պահես քո իշխանությունը»,- ասում է Արմեն Բադալյանը՝ նշելով, որ այս երկակի խաղից հետո որեւէ մեկը մեր պետությանն այլեւս լուրջ չի վերաբերվի։

Քաղաքագետն ընդգծում է՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը կողմ են տարածաշրջանում խաղաղությանը, սակայն ՌԴ-ի եւ Արեւմուտքի դիրքորոշումներում, Բադալյանի խոսքով, կոնցեպտուալ տարբերություն կա՝ Ռուսաստանի համար խաղաղությունը կարեւոր է, բայց Արցախի կարգավիճակի հարցը պետք է սառեցված մնա, մինչեւ Ուկրաինայի հետ խնդրի կարգավորումը, իսկ դա, Բադալյանի համոզմամբ, մի քանի ամսվա խնդիր է, որից հետո ՌԴ-ն կզբաղվի Արցախով։ «Առայժմ անվտանգային եւ հումանիտար հարցերն են կարգավորում, իսկ կարգավիճակին կմոտենան ապագայում, որովհետեւ խաղաղապահ զորքերն այնտեղ 4 տարով են, իսկ եթե հիմա կարգավիճակի հարց լուծվի, Ռուսաստանը 2 տարի անց ստիպված կլինի հեռանալ, մինչդեռ նա բնավ ցանկություն չունի հեռանալ Ադրբեջանի տարածքից։ Իսկ եթե հիմա կարգավիճակի հարցը լուծվում է, ՌԴ-ն բնավ անելիք չունի այնտեղ, դրա համար ՌԴ-ն հնարավորինս ուզում է հետաձգել, որ իր զորքի միջոցով ազդեցություն ունենա Ադրբեջանի քաղաքականության վրա։ Իսկ Արեւմուտքը գտնում է, որ օր առաջ պետք է կարգավիճակի հարցը լուծվի, որ ռուսական զորքը հեռանա այնտեղից, որից հետո բացի Զանգեզուրի միջանցքը։ Եվ Թուրքիան, այդ միջանցքն օգտագործելով, միանա Ադրբեջանին, դուրս գա միջինասիական հանրապետություններ, եւ կարողանան Ռուսաստանի հարավային սահմաններում ազդել՝ ՌԴ-ի որովայնի հատվածում պլացդարմ ունենալով, կարողանան ազդել վերջինիս վրա»։ Քաղաքագետն ընդգծեց, որ Արեւմուտքի կոնցեպտին դեմ է ոչ միայն ՌԴ-ն, այլեւ հարեւան Իրանը, որն ակնարկել է այդ սցենարի պարագայում Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին։

Արմեն Բադալյանի գնահատմամբ, բրյուսելյան առաջին հանդիպման պայմանավորվածությունները հետաձգվեցին մեր ներքաղաքական գործընթացների, մասնավորապես ընդդիմության սկսած պայքարի արդյունքում, հիմա, երբ շարժումը թուլանում է, Փաշինյանն իրեն թույլ է տալիս կրկին նետվել Արեւմուտքի գիրկը։