Ինչո՞ւ են տնօրեններն ազատվել աշխատանքից

Ինչո՞ւ են տնօրեններն ազատվել աշխատանքից

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ էր ստորագրել, որոնց համաձայն Երեւանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից: Որոշումների համաձայն, Նատալյա Ստեփանյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի Ալ.Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Ռուզաննա Գրիգորյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի Էռնեստ Թելմանի անվան համար 13 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի  պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Մարիաննա Ավագյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի համար 98 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային  կազմակերպության տնօրենի  պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանից փորձեցինք ճշտել, թե որոնք են տնօրեններին աշխատանքից ազատելու հիմքերը։ Նա մեզ հետ զրույցում ընդգծեց, որ տնօրենները ոչ թե հեռացվել են աշխատանքից, այլ ազատվել են, քանի որ լրացել էր վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը, որը և կնքվում է 5 տարի ժամկետով, ներկայումս նրանք կատարում  են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, և կարող են մասնակցել տնօրենի պաշտոնի համար հայտարարվող մրցույթին։