Վերադառնամ՝ կքննարկենք. Տրանսգենդերը Զոհրաբյանին դիմել է դեռ մոտ 1 ամիս առաջ (լուսանկարներ) 

Վերադառնամ՝ կքննարկենք. Տրանսգենդերը Զոհրաբյանին դիմել է դեռ մոտ 1 ամիս առաջ (լուսանկարներ) 

Հանրությունն այս օրերին ակտիվ քննարկում է տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթն ԱԺ ամբիոնից՝ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի հրավիրած լսումներին, որը վարում էր «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Քննարկվեց ոչ այնքան տրանսգենդեր կնոջ ելույթի բովանդակությունն ու առաջ քաշած հարցերը, որքան այն, թե նա ինչպես է հայտնվել Ազգային ժողովում եւ ամենակարեւորը՝ ո՞ւմ հրավերով։ 

Այս հողի վրա սկիզբ առավ «Իմ քայլը»- «ԲՀԿ» հակամարտություն, կողմերը միմյանց մեղադրեցին սեռափոխված անձին ԱԺ հրավիրելու, ԱԺ ամբիոնը «պղծելու», «այլասերում» քարոզելու մեջ։ 
Մամուլն էլ ողողվեց տեղեկություններով, որ նրան ԱԺ է հրավիրել «Իմ քայլի» պատգամավոր՝ ,Մերժիր Սերժին» շարժման երբեմնի անդամ Մարինա Կարապետյանը։ Սակայն Կարապետյանը հայտարարեց, որ հրավիրողն ինքը չէ, այլ Նաիրա Զոհրաբյանը։ 

Երեկ էլ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Լիլիթ Մարտիրոսյանի մասին տեղյակ եղել է Զոհրաբյանը եւ հրավերի ձեւաթուղթն էլ լրացված եւ ստորագրված է եղել նրա կողմից։ 

Ստրասբուրգից չուշացավ նաեւ վերջինիս պատասխանը, ով հերքեց «Իմքայլականների» խոսքերը եւ սպառնաց դիմել դատարան այդ «լկտի սուտը» բացահայտելու համար։ 

Եվ, ահա, այս թոհուբոհի մեջ, որպեսզի ապացուցի, որ հրավիրողը Նաիրա Զոհրաբյանն է, շրջանառության մեջ է դրվել մի «նամակագրություն»՝ դեռեւս մարտի 15֊ին Լիլիթ Մարտիրոսյանը դիմում է հղել Զոհրաբյանին՝ «Իրավունքի կողմ» ՀԿ֊ից։ Մարտիրոսյանը դիմումում խնդրում է կազմակերպել քննարկում՝ գենդերային հավասարության վերաբերյալ․ «Որպես իրավապաշտպան կազմակերպություն՝ մենք գրեթե ամեն օր փաստագրում ենք գենդերային հիմքով բռնությունների տարբեր տեսակներ՝ ներառյալ գենդերային հիմքով ատելության հողի վրա կատարված բռնություններ, ատելության խոսքեր եւ խտրականության դեպքեր։ 2016 թվականից ցայսօր մենք գրանցել ենք բռնությունների 283 դեպք»։

Զոհրաբյանն այս գրությանը պատասխանել է, որ ԱԺ նախագահի հետ աշխատանքային այցով վաղը մեկ շաբաթով մեկնում է Գերմանիա. «Վերադառնամ՝ քննարկենք»։ 

Նշենք, որ այնուամենայնիվ այս փաստաթղթից չի երեւում, որ Զոհրաբյանը նամակագրությունից տեղակ է եղել, թե տրանսգենդեր կին է իրեն գրողը, որն օրեր անց ԱԺ ամբիոնից ելույթ է ունենալու, բայց այն, որ ՀԿ-ի ծավալած գործունեության մասին տեղյակ է եղել, փաստում է փաստաթուղթը։