Ե՞րբ կարող է Հայաստանը գնալ Վրաստանի կամ Լիտվայի ճանապարհով

Ե՞րբ կարող է Հայաստանը գնալ Վրաստանի կամ Լիտվայի ճանապարհով

Քանի՞ կին նախարար եւ փոխնախարար ունենք կառավարությունում, քանի՞ ԱԺ պատգամավոր։ Որքանո՞վ է պահպանվում գենդերային հավասարությունը իշխանության մեջ։ Այս հարցերն առավել հաճախ արծարծվում են մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած հատվածում։ Եվ հատկապես գենդերային տարբեր խնդիրներով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից։ Կին նախարար-փոխնախարարների մասին սպառիչ տեղեկություններ փորձեցինք քաղել կառավարության՝ gov.am, կայքից։

Միակ կին նախարարը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է` մասնագիտությամբ լրագրող, որը երկար տարիներ զբաղվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով։ Զարուհի Բաթոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, այդ պաշտոնում նա ԱԺ արտահերթ ընտրություններից հետո փոխարինեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին։ Բաթոյանն ունի մեկ կին տեղակալ՝ մասնագիտությամբ սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը։ Երկու կին փոխնախարար կա առողջապահության նախարարությունում՝ Լենա Նանուշյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալը Իրինա Ղափլանյանն է, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը Քրիստինե Ասատրյանը։ Կրթության եւ գիտության նախարարի տեղակալներից եւս երկուսը կին են՝ Արեւիկ Անափիոսյանը եւ Լուսինե Առաքելյանը։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալը Մանե Ադամյանն է։ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետն է Տաթեւիկ Ռեւազյանը։

Կառավարությունում, թերեւս, ամենաշատը թիրախավորվել եւ քննադատության է արժանացել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, որը մինչեւ նախկին նախարար Լիլիթ Մակունցի՝ ԱԺ պատգամավոր ընտրվելը, նրա տեղակալն էր։ Նազենի Ղարիբյանին քննադատում են մշակութային ՊՈԱԿ-ների վերաբերյալ օպտիմալացման ծրագրի համար, թեեւ նա քանիցս հայտարարեց, որ այն դեռեւս սեւագիր տարբերակն է եւ անհանգստանալու կարիք չկա։ Ըստ ամենայնի՝ մշակույթի նախարարությունը՝ կրթության եւ գիտության նախարարության հետ միավորելուց հետո Նազենի Ղարիբյանը կլինի փոխնախարար։ Իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ԿԳՆ-ի հետ միավորելուց հետո Քրիստինե Ասատրյանը կմնա՞ փոխնախարար, թե՞ ոչ՝ անհայտ է։ Ժամանակ առ ժամանակ սոցցանցերում հրապարակվում են լուսանկարներ, թե ինչպես տարբեր երկրներում կանայք են ղեկավարում պաշտպանության, ներքին գործերի կամ արտաքին գործերի նախարարությունները, կան երկրներ, որոնց նախագահներն ու վարչապետներն էլ են կանայք։

Եթե Գերմանիայի երկարամյա կանցլեր Անգելա Մերկելի գործունեությունը բխում է այդ երկրում ձեւավորված տարիների ժողովրդավարական ավանդույթներից, ապա մեր հարեւան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի ընտրությունն այդ պաշտոնում պետք է, որ մտորումների տեղիք տա։ Թե՛ Լիտվայի Հանրապետությունը, թե՛ Վրաստանը եղել են նախկին սոցճամբարի երկրներ, ինչպիսին Հայաստանն էր։ Լիտվայում բարեփոխումներ սկսեցին ԽՍՀՄ կազմից դուրս գալուց հետո, Վրաստանում այդ բարեփոխումները հիմնականում առնչվում են նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ։ Ըստ երեւույթին՝ 2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարացվող Հայաստանում էլ ապագայում կարող ենք ականատես լինել երկրի նախագահի կամ վարչապետի պաշտոնի կին հավակնորդների։