Արսեն Թորոսյանի ներկայացուցչի միջնորդությունները դատարանը մերժել է

Արսեն Թորոսյանի ներկայացուցչի միջնորդությունները դատարանը մերժել է
Արսեն Թորոսյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր շարունակվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի» քաղաքացիական գործով դատական նիստը։ Նիստին Թորոսյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Սարգիս Երիցյանին։ Գյոզալյանն իր միջնորդության մեջ նշեց․ «Դուք ձեր վարքագծով շահագրգռված եք հօգուտ հայցվորի»։ Հայցվոր կողմն առարկեց միջնորդության դեմ։ 

Մենք զրուցեցինք Արա Մինասյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանի հետ։ Նա ասաց․ «Որպես բացարկի միջնորդության հիմք իմ կոլեգայի կողմից ներկայացվել է այն, որ դատարանը մերժել է իրենց 2 միջնորդությունները, բայց դա ինքնաբացարկի հիմք չի կարող հանդիսանալ այն պայմաններում, երբ այդ 2 միջնորդությունները մերժելու մասին որոշումները եղել են օրինական եւ բխել են, ինչպես ՀՀ-ի ներքին օրենսդրությունից, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից, որը մենք գրավոր, մանրամասն դատարանին նեկայացրել ենք։ Պնդումը, որ շահագրգռվածություն ունի դատավորը դեպի հայցվորը, բացառապես հիմնավորվել է այն փաստարկով, որ պատասխանող կողմի երկու միջնորդությունները մերժվել են»։ 
Մենք Վահագն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ կապի մե՞ջ է իր վստահորդի հետ, հայտնի է, որ նա Հայաստանում չէ։ «Ես որպես ներկայացուցիչ, մարտավարական մասը, դատավարության տակտիկան, թե ի՞նչ միջնորդություն պետք է ներկայացնեմ, ինչի՞ դեմ պետք է առարկեմ, ես դա լիազորված եմ ինքնուրույն որոշել։ Շատ-շատ հարցեր կան, որ ես, որպես փաստաբան, իրավունք ունեմ եւ պարտավոր եմ ինքնուրույն որոշել, ինչը ես անում եմ։ Միակ հարցը, որը պետք է ինչ-որ տեղ համաձայնեցնել, դա հայցադիմումն է, մնացած մասերը դատավարական ընթացակարգեր են»,-նշեց նա։ 

Ճշտող հարցին՝ իսկ հայցադիմումը պատրաստելի՞ս է զրուցել Արա Մինասյանի հետ, պատասխանեց․ «Հա, հայցադիմումը պատրաստելիս անհրաժեշտություն է եղել որոշ բաներ ճշտել, դրանից հետո նման անհրաժեշտություն չի եղել»։ Հիշեցնենք՝ Արա Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Արա Մինասյանը զրպարտության և վիրավորանքի համար քաղհայցով դիմել է դատարան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով արված որոշ արտահայտությունների համար՝ պահանջելով հերքում։