Ընդդիմություն չկա՞… Իյա, իրո՞ք

Ընդդիմություն չկա՞… Իյա, իրո՞ք

Անկեղծորեն ուզում եմ հասկանալ իշխանական այն քաղմեկնաբաններին, որոնք ամեն օր հայտարարում են, որ Հայաստանում ընդդիմություն չկա: Ո՞րն է նրանց նպատակը, ի՞նչ խնդիր են լուծում՝ այդ մասին քուն թե արթուն հայտարարելով: Իսկ գուցե նրանք շահագրգիռ են որ ընդդիմություն լինի՞, չէ՞ որ տեսակետ կա, որ ընդդիմությունն ուժեղացնում է իշխանությանը: Այդ դեպքում, սակայն, միանգամայն անհասկանալի է այն քամահրական տոնը, որով իշխանական քարոզիչները խոսում են հայաստանյան ընդդիմության մասին, որ անկախ իրենց կամքից կա և նույնիսկ գործում է՝ անողոք քննադատության ենթարկելով իշխանություններին: Եվ այստեղ, ահա, մենք իրավունք ունենք փոխելու ընդդիմության լինել-չլինելու հարցադրման բովանդակային կողմը և այն ձևակերպել հետևյալ կերպ՝ ՀՀ իշխանությունն, արդյոք, ուզո՞ւմ է ընդդիմություն ունենալու, թե՞ նախընտրում է «անշուն գյուղում անփետ ման եկողի» կարգավիճակը:

Ընդդիմադիրներին «նախկիններ», իսկ նրանց քննադատությունները «նախկին» ռեժիմի վերադարձի փորձ ներկայացնելը Նիկոլ Փաշինյանի իշխանության սուրբ գործերից մեկն է, եթե չասենք «ամենասուրբը»: Այդ «նախկիններն» են, որ այս պահին կարողանում են բացել հանրության աչքերն ու ի ցույց դնել պոպուլիստական իշխանության ողջ սնանկությունը: Իշխանական լրատվամիջոցներից մեկում այսպիսի միտք հանդիպեց. «…որպեսզի որևէ մեկը ընդդիմադիր դիտվի, պետք է ունենա հանրության համակրանքը»: Ինչպես տեսնում եք, մարդը ձին սայլից հետո է կապում՝ չհասկանալով, որ նախ պետք է դրսևորվես որպես ընդդիմություն, որից հետո հանրությունը կորոշի՝ համակրե՞լ քեզ, ընդունե՞լ, թե՞ ոչ: Մի քանի օրում Նիկոլ Փաշինյանի շուրջ գոյացած ամբոխը երկու տարում նոսրացել, չգիտես ինչ է դարձել՝ հասկանալով ու տեսնելով պոպուլիստական իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը: Ո՞վ բացեց հասարակության աչքերը… Դե հիմա ասեք՝ կա՞ ընդդիմություն, թե՞ չկա: Հաստատ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ինքնաքննադատությամբ հրաշքներ են գործում ու խելքի բերում պողոսներին: Ոչ, այդ գործն անում է ընդդիմությունը՝ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ, բազմաթիվ անհատ գործիչներ, որոնք հասկանում են թե Փաշինյանի իշխանության էությունը, թե այդ իշխանության քայլերի տրամաբանությունը:

Ժամանակին, երբ նոր-նոր էր ձևավորվել այս խայտառակ ԱԺ-ն, իմքայլականները հպարտ-հպարտ հայտարարում էին, որ իրենց ընդդիմություն պետք չէ և որ իրենք են լինելու իրենց ընդդիմությունը: Սա տարրական քաղաքական անգրագիտություն էր, որովհետև բոլորն էլ հասկանում էին, որ միանձնյա կառավարություն ձևավորող ուժը չէր կարող ինքն իրեն նաև ընդդիմադիր լինել: Բայց բան էր՝ ասում էին: Իսկ հիմա, երբ կառավարության և նրա ղեկավարի քննադատության պակաս իսկապես չկա, Իմքայլականները կուռկուռի ձագերի պես հավաքվել են Փաշինյանի ստվերում՝ չկարողանալով որևէ հոդաբաշխ խոսք ասել ընդդիմությանը: Նախկին մեծամտությունից ոչ մի նշույլ չի մնացել, բայց նույնիսկ այս իրավիճակում խոսում են ընդդիմություն չունենալուց:
Վախենո՞ւմ են ընդդիմությունից: Այո, և շատ հիմնավոր է այդ վախը:

Դրա ամենավառ ապացույցը անվերջ ձգվող այս արտակարգ դրությունն է, որի ընթացքում արգելվում են միտինգներն ու հանրահավաքները, փողոցային գործողությունները, բոլոր այն ակցիաները, որոնք ենթադրում են հավաքներ: Ձախողված իշխանությունները շատ լավ են հասկանում, որ մեկ անգամ փողոց դուրս գալուց հետո ժողովուրդը տուն չի գնալու, մինչև Փաշինյանին իր թիմով տուն չուղարկի: Ընդդիմությունն, ըստ էության, շատ լավ է աշխատել և այսօր սեղանի վրա են այն բոլոր թերացումներն ու ձախողումները, որ վերջին երկու տարում թույլ են տվել թավշյա հեղափոխականները: Նրանք կուտակել են ծանր սոցիալական խնդիրներ, տապալել երկրի արտաքին քաղաքականությունը, քանդել տնտեսությունը, ոչնչացրել առողջապահության, կրթության և գիտության համակարգերը, թաղվել կոռուպցիայի մեջ, իրականացրել աննախադեպ թալան՝ ինքնապարգևատրումների անվան տակ, օդից ու ցամաքից տոտալ շրջափակման ենթարկել երկիրը: Եվ, իմքայլականների համար թերևս ամենավատ բանը՝ Փաշինյանի վարկանիշը, ասել է թե՝ ողջ իշխանության, մոտեցել է 0-ի: Ո՞վ է արել այս ամենը, եթե ոչ ընդդիմությունը, թող որ առանց դաշինքներ ու զնազան այլ միավորումներ կազմելու:

Միանգամայն այլ հարց է, թե սրանից հետո ինչպես հանդես կգա ընդդիմությունը, որի նպատակը, բնականաբար, մեկն է՝ հասնել իշխանափոխության և կասեցնել երկրի խոտոր ու վտանգավոր ընթացքը: Ի՞նչ է պատրաստվում հակադրել ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանը, որ, թվում է, անսահմանափակ իշխանություն ունի ուժային կառույցների վրա: Մի՞թե բիրտ ուժ: Հազիվ թե: Դա բարդ ճանապարհ է: Ավելի հեշտ է օդը տատանել «նախկինների» վերադարձի ու ռևանշի մասին հայտարարություններով, ասել որ ընդդիմություն չկա, դա Քոչարյանն է անում, Վանեցյանն է անում, Սերժն ու փեսա Մինասյանն են անում: Այսօր էլ այս մասին են բարբաջում իշխանական քարոզիչները: Ըհը՝ Քոչարյանը հարցազրույց տվեց, ըհը՝ առաջադրեց իր թեկնածությունը, ըհը՝ Վանեցյանն ուզում է հանդիպել նախկին նախագահների հետ, որ Նիկոլին քցի, ըհը՝ Միշիկը հոդված գրեց կամ լայվ մտավ… Մի՞թե սա չէ Հայաստանի սորոսական իշխանությունների պատկերացումը ընդդիմության մասին:

Պիտի ասեմ՝ հնացած պատկերացում է, որ պահպանվել է հեղափոխության օրերից:

Ընդդիմությունն այս ընթացքում ջանացել է, որ քաղաքացին նաև այդ հեքիաթներին չհավատա ու, երբ տեղը գա, Փաշինյանին շշպռի ստախոսության և չիրականացրած խոստումների համար՝ ինչո՞ւ բացահայտված չեն մարտի 1-ի իսկական մարդասպանները, ինչո՞ւ չբացահայտվեց հոկտեմբերի 27-ը, ինչո՞ւ օլիգարխներից չվերադարձվեց ժողովրդից թալանվածը, ինչո՞ւ չպատժվեց 2016թ. ապրիլյան պատերազմի կազմակերպիչ Ռուսաստանը, ինչո՞ւ կիրթ Ալիևը հարձակվեց Հայաստանի վրա, ինչո՞ւ ներդրումներ չկան, ինչո՞ւ կրճատվեցին աշխատատեղերը, ինչո՞ւ թանկացավ գազը՝ պատճառ դառնալով նոր գնաճի բոլոր ոլորտներում: Կարո՞ղ ես այս պահանջները դնող ժողովրդին վախեցնել ինչ-որ «նախկինների» վերադարձով, երբ դու երկու տարի շարունակ զբաղվել ես միայն շատախոսությամբ ու պոպուլիզմով:

Հ.Գ. Շարունակեք պնդել, որ ընդդիմություն չկա: Ընդդիմության համար այդպես ավելի հեշտ է աշխատել: