Թե ինչու Որոտանի թունելով ոչ մի կաթիլ ջուր չի մտել Սևան

Թե ինչու Որոտանի թունելով ոչ մի կաթիլ ջուր չի մտել Սևան

«Հրապարակն» օրերս զրուցել էր ԱԺ նախկին Հանրապետական խմբակցության պատգամավոր, Արփա-Սեւան թունելի նախկին տնօրեն Հակոբ Հակոբյանի հետ, ում փոխանցմամբ՝ 1981 թվականից այս կողմ, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ թունելի շինարարությունը շահագործման է հանձնվել, թունելով 6 միլիարդ խորանարդ մետր ջուր է հոսել դեպի Սեւան։ Ըստ Հակոբյանի՝ թունելից ջրի բացթողումները կազմել են տարեկան միջինը 170-200 միլիոն խորանարդ։ Վերջին տարիներին միայն թիվն իջել է՝ հասնելով 140 միլիոնի։

Չմոռանանք, որ Արփա-Սեւանը Որոտան-Արփա-Սեւան ջրատեխնիկական կառույցների համալիրի մաս էր՝ նախատեսված, որ Որոտանի, Արփայի եւ Եղեգիսի հոսքերի մի մասը (տարեկան գումարային ծավալը՝ 415 միլիոն խմ) տեղափոխվի Սեւանա լիճ՝ վերջինիս մակարդակը բնականին մոտ պահելու համար։ Որոտան-Արփան, որը սկիզբ է առնում Սպանդարյանի ջրամբարից, նախատեսված էր, որ տարեկան 165 միլիոն խմ ջուր պետք է  տեղափոխեր Կեչուտի ջրամբար, այնտեղից՝ Սեւանա լիճ՝ Արփա-Սեւան թունելով։ Ինչպե՞ս է, ուրեմն, պատահել, որ Արփա-Սեւանը լիճ ջուր է տեղափոխել, իսկ 2004-ին կառուցված Արփա-Որոտանը՝ ոչ։ Ինչպես պնդում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը,  Որոտանից Սեւան ոչ մի կաթիլ ջուր չի գնացել այս տարիներին։

Մենք կրկին խոսեցինք Հակոբ Հակոբյանի հետ՝ նրանից ճգրտելով․ «Այսինքն՝ մարզպետի ասածը վերաբերում է 2004-ին շահագործման հանձնված Որոտանի թունելի  բոլո՞ր տարիներին»։ Հակոբ Հակոբյանը հաստատեց․ «Ոչ մի անգամ Որոտանի թունելով դեպի Սեւան ջուր չի գնացել»։ «Բայց ինչպե՞ս է պատահել, որ կառույցը նախատեսված է եղել 2 թունելի համար, բայց տարիներ շարունակ աշխատել է մեկը, բա չէի՞ք հարցնում՝ ինչո՞ւ է մեկն աշխատում»,-հարցրինք Հակոբ Հակոբյանին։ Նա ասաց․ «Այդ ասողը ես չեմ, Ջրպետկոմն է»։ Արփա-Որոտանը գտնվել է Ջրպետկոմի հաշվեկշռում, եւ ջրի տերն էլ այս կառույցն է եղել։

Մեր տեղեկություններով՝ հոսանքի խնդիր է եղել, եւ Որոտան կասկադով շատ ավելի շատ հոսանք է արտադրվում, քան եթե Որոտանով ջուրը բերվում էր Սեւանա լիճ։ Նախագծելիս այս իրողությունը հաշվի չի առնվել, քանի որ թունելի 80 տոկոսը կառուցվել է ԽՍՀՄ տսրիներին, երբ մեկ կիլովատ հոսանքի ծախսը 2 կոպեկ էր, Մեծամորի ատոմակայանի 2 բլոկն էլ աշխատում էին, Հայաստանը ոչ միայն չուներ հոսանքի խնդիր, այլեւ այն արտահանում էր Ստավրոպոլի երկրամաս։ Հենց այդ ժամանակ է տրվել այս կառույցի տնտեսական արդյունավետության գնահատականը, որն արդեն շուկայական տնտեսության պայմանների շրջափակման մեջ գտնվող Հայաստանում վնասով կաշխատեր։

Խոսեցինք նաեւ բնապահպան Կարինե Դանիելյանի հետ, որն ասաց, որ պարբերաբար հարցումներ են ուղարկել Ջրպետկոմ, եւ բնապահպանության նախարարություն, որտեղից տվել են այն բացատրությունը, որ Արփա-Սեւան թունելն այնպիսի վիճակում չէ, որ ընդունի ե՛ւ Արփայի, ե՛ւ Որոտանի ջուրը եւ անընդհատ կապիտալ վերանորոգման կարիք ունի ու ի վիճակի չէ ընդունել այդ քանակի ջուր։ «Բայց, իհարկե, կա նաեւ տեսակետ, եւ այդ հանգամանքն էլ երեւի դեր է ունեցել, որ կասկադը կառուցվել է Որոտանի վրա, եւ մրցակցություն է ստացվում․ ջուրը տեղափոխել դեպի Սեւա՞ն, թե՞ օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու համար։ Եվ, փաստորեն, նախապատվությունը տրվում է կասկադին»։