Կամ հրաժարական, կամ իմ թեկնածուն՝ Բակո Սահակյանն ընտրության առաջ

Կամ հրաժարական, կամ իմ թեկնածուն՝ Բակո Սահակյանն ընտրության առաջ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին դեռ շատ կխոսվի, որովհետև դա, ըստ էության, սահմանագծային ելույթ էր: Ինչ է նշանակում սահմանագծայի՞ն: Բացատրեմ: Փաշինյանն արդեն հասել է մի մակարդակի, որից հետո պատրաստվում է անել իր երկրորդ՝ թավշյա հեղափոխությանը ոչնչով չզիջող քայլը: Մենք դա պայմանականորեն կանվանենք Արցախում իշխանությունը վերցնելու կամ՝ Հայաստանում իշխանությունը զավթելու անալոգիայով՝ Արցախում իշխանությունն իրենով անելու ակնհայտ քայլ: Համաձայնե՞ք, թե՞ ոչ, բայց Փաշինյանի ելույթն սկզբից մինչև վերջ այդ մասին է: Պետք է դուռակ լինել՝ չհասկանալու համար, թե ինչ է նշանակում «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը Փաշինյանի կատարմամբ և այն էլ իրեն բնորոշ հիստերիկ բղավոցով: Փաստորեն, Փաշինյանը ժամանել էր Արցախ՝ արցախցիներին հաղորդելու, որ եթե Արցախը Հայաստան է և վերջ, ապա Արցախում ևս պետք է սկսվեն թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում կատարված փոփոխությունները՝ կոռուպցիան պետք է վերանա, օլիգարխներ չլինեն, դատական իշխանությունը պետք է անկախ լինի, ժողովուրդը պետք է որոշի ամեն ինչ, հովանավորչությունը պետք է վերանա և բազում նմանատիպ պահանջներ:

Փաշինյանի այցի քաղաքական մասն այսքանով կարելի է ավարտված համարել: Նրա ելույթի մնացած մասը, որ մի քիչ լիրիկա, մի քիջ դիցաբանություն, մի քիչ մանիպուլյացիա, մի քիչ էլ օստապբենդերականություն էր պարունակում, միտված էր մի բանի՝ թույլ չտալ, որպեսզի արցախցիները սթափվեն ու հարցեր տան թավշյա հեղափոխության վատ կողմերի մասին, որոնք նույնիսկ Փաշինյանն է անկարող մեկնաբանել: Եթե հեղափոխությունն այդքան լավ էր, ապա ինչո՞ւ են շրջափակվում Ազգային ժողովն ու դատարանները,ինչո՞ւ են մարդիկ լցվում բանտերը, ինչո՞ւ ոչ մի հեղափոխական մեղադրանք չի հաստատվում, ինչո՞ւ Հայաստան ներդրումներ չեն գալիս, ինչո՞ւ է քանդվում տնտեսությունը, ինչու են մարդկանց «սևի» և «սպիտակի» բաժանում, ինչո՞ւ Երևանում աղբը չի հավաքվում...  Սրանք պատահական հարցեր չեն, և, պատկերացրեք, յուրաքանչյուր արցախցու համար կարևոր է ունենալ դրանց պատասխանները՝ Հայաստանին միանալուց առաջ: Այլապես, մարդիկ իրենց համար ապրում էին, պայքարում ու մեկ էլ հայտնվում է Փաշինյանն ու իր հեղափոխական պահանջներն է ներկայացնում՝ Արցախը Հայաստանն է և վերջ, միացում և վերջ:

Իսկ ի՞նչ է նախորդելու Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորվելուն: Փաշինյանը չգիտի՞: Արցախցին շշմած է: 30 տարի է ամեն ինչ արվում է գոնե մեկ պետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման համար, իսկ Փաշինյանն, ահա, եկել ու ձայնը գլուխն է գցել՝ Արցախը Հայաստան է և վերջ: Ընդհուպ Բաքվում են անհանգստացել և «հիասթափվել» մինչ այս իրենց մասին հարգանքով արտահայտվող Փաշինյանից:
Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում իր իշխանությունը հաստատել Արցախում: Շատ պարզ մի եղանակով՝ ընտրությունների միջոցով, բայց այնպես, որ այդ ընտրությունները լինեն էյֆորիկ, ինչպես 2018թ. Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններն էին:  

Փաշինյանն արդեն փորձել է  հեղափոխական ճանապարհով Արցախը ենթարկել իրեն, սակայն անհաջողության է մատնվել և ստիպված է եղել բավարարվել Արցախի իշխանություններին ահ տալով, թե Արցախում էլ Ժողովրդին ոտքի կհանի: Մենք մեր աչքի տեսածն ու մեր ականջով լսածն ենք ասում, այնպես որ հնարավոր չէ այդ ամենը ժխտել: Այսօր սակայն, մի տեսակ կոնսենսուս է առաջացել Նիկոլ Փաշինյանի և պաշտոնավարումն ավարտող Բակո Սահակյանի միջև, որ Արցախում ընտրությունները տեղի ունենան 2020 թվականին՝ ինչպես և նախատեսված են:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը դրան համաձայնել է պայմանով, որ Արցախի նախագահի ընտրություններում ֆավորիտ լինի իր հովանավորյալը, այլ խոսքով՝ դրածոն: Բայց մինչ այդ, Փաշինյանն անգործ նստած չի եղել: Դեռ թավշյա հեղափոխության օրերոին Արցախում խժդժություններ հրահրած ուժերի միջոցով, որոնց հետո միացավ նաև Սամվել Բաբայանն իր անկապ պահանջներով, Փաշինյանը հոգեբանական ճնշումներ էր բանեցնում Արցախի գործող իշխանությունների վրա, և դրանց արձագանքները մենք լսեցինք նաև օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այսինքն՝ Փաշինյանը Բակո Սահակյանին իրավահաջորդ ունենալու հնարավորություն գրեթե չի թողել՝ «կամ հրաժարական, կամ իմ թեկնածուն» : Թե ում մասին է խոսքը, արդեն հայտնի է:

Արցախի նախկին վարչապետ և «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությանը, որ մինչ այժմ ակնարկներով էր խոսում  2020 թվականի ընտրություններում Փաշինյանի «ընտրյալը» լինելու մասին, ՀՀ վարչապետի վերջին արցախյան այցի կապակցությամբ ամբողջությամբ բացահայտվեց: Նախ՝ ողջունեց (բացառությամբ միայն ինքը) արցախցիների աչքերի մեջ նայելու և կարևոր բաներ ասելու մասին Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, ապա, թող կոպիտ չհնչի, «ոտքի տակ ընկավ»՝ հայտարարելով, թե 10 հազար մարդ է տանելու հրապարակ՝ Փաշինյանի, այսպես ասենք՝ համահայկական միտինգին: Այսօր արդեն մի տեղ աչքովս ընկավ, որ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ թույլ չեն տալու, որպեսզի Արցախում ՀՀ իշխանությունների դեմ (խնդրում եմ հասկանալ՝ Նիկոլի դեմ) որևէ ուժ կամ շարժում ձևավորվի: Կուզենայի Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել, թե այդ ինչպե՞ս է նախկին պաշտոնյան և քաղաքական ուժի ղեկավարը պատրաստվում լռեցնել այլ քաղաքական ուժերի: Բացի այդ՝ ինչո՞ւ պետք է Արցախում Փաշինյանի դեմ բողոք հասունանա, եթե հայտնի է, որ Փաշինյանը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վարչապետն է:

Այժմ, երբ կրկին համոզվեցինք, որ հնարավոր չէ մախաթը պարկում թաքցնել, մնում է ասել, որ Արցախի նախագահական և ԱԺ ընտրություններին ակտիվորեն պատրաստվում է նաև Նիկոլ Փաշինյանը, որ ցանկանում է ամեն կերպ Արցախի նախագահի աթոռին տեսնել իր մարդուն: Հաջորդիվ մենք կարող ենք ականատես լինել Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան ձևաչափով այլ համատեղ ակցիաների ևս:
Հետաքրքիր է հետևել նաև Սամվել Բաբայանի հետագա գործողություններին՝ կշարունակի՞ պայքարը, թե՞ կքաշվի մի կողմ՝ ցույց տալով, թե Նիկոլը ճիշտ էր:

Մեր համեստ կարծիքով Արայիկ Հարությունյանը, որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ, ավելի լավը չի կարող լինել, քան մնացած իմքայլականները: Հետևաբար, չնայած Արայիկ Հարությունյանի հանդեպ ունեցած իմ անձնական համակրանքին, չէի ցանկանա, որ Արցախում ևս իմքայլական մակարդակի իշխանություն հաստատվեր և Արցախը կանգներ այն նույն խնդիրների առջև, որոնց այսօր բախվում է փաշինյանական Հայաստանը:

Հ.Գ. Միայն 2050 թվականին, երբ աշխարհը ճանչած կլինի Արցախի անկախությունը և մեր եղբայրները կորոշեն վերամիավորվել Հայաստանի հետ, Փաշինյանը կկարողանա հանգիստ խղճով մարզպետ նշանակել Արցախում: Իսկ այսօր նա հաստատ այլ գործով է զբաղված, որ մի պարզ բառով կոչվում է միջամտություն Արցախի ընտրություններին: