Նորմայից 7-10 բարձր ջերմաստիճանն ու սև հագուստը անհամադրելի են․ ոճաբան

Նորմայից 7-10 բարձր ջերմաստիճանն ու սև հագուստը անհամադրելի են․ ոճաբան

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց Վանեցյանին ու Օսիպյանին՝ ասելով․ «Տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որտեղ իրենց ասելիքը հետևյալն է, որ իրենք պատրաստ են ՀՀ-ում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել։ Մենք ունենք օպերատիվ տեղեկություն, որ որոշ շրջանակներ որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և կփորձեն որոշակի լկտի պահվածք դրսևորել»։

Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ նման փորձ անող ցանկացած մարդ պետք է լրջորեն զղջա իր արածի համար, հանձնարարեց․ «Սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբըչկան կապել՝ հնարավորինս վառ ծաղիկներով, ու ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»։

Հիշեցնենք, որ Հայաստանի նոր քաղաքական իշխանությունը սևեռված է սև գույնի վրա, հերիք չէ՝ հասարակությանը բաժանում է սևերի ու սպիտակների, դեռ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ Հյուսիսային պողոտայում վարձակալած տնտեսվարողներին է խորհուրդ տալիս հանել սև ֆոնով ցուցանակները։
Սևի գույնի ու գունային թրենդերի մասին զրուցել ենք ոճաբան, Hraparak.am-ի բարեկամ Նայկրիսի հետ։

- Նայկրի՛ս, վարչապետը խոսեց հանրապետությունում գոյություն ունեցող սևազգեստ խմբերի մասին։ Ի՞նչ եք կարծում՝ հայերի սիրած սև հագուստ արժի՞ կրել։ Մանավանդ որ բացի խնդրահարույց լինելուց, նաև հարմար չէ, շոգ է։

- Հաշվի առնելով, որ Երևանում հիմա օդի ջերմաստիճանը 7-10 աստիճանով նորմայից բարձր է, սև հագնել չարժե։ Սևը հատկություն ունի արևը կլանելու։ Հատկապես, եթե նյութերը, որից կարված է հագուստը, արհեստական են։ Միանշանակ, պետք է գույնզգույն հագնվել։ Ցանկալի է՝ սպիտակ կամ  քաթանից հագուստ կրել։ Բայց դեմ եմ «բաբըչկային» ու փողկապին՝ ոչ միայն ոճային առումով, այլև՝ առողջական, քանի որ դրանք սեղմող հատկություն ունեն։ Առհասարակ, որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ավելի ազատ հագուստ է պետք հագնել։ 

- Իսկ «ռոզովի կամ գույնզգույն բաբըչկան» համադրելի՞ է  սև հագուստի հետ։

- Անհամադրելի է՝ միանշանակ։ Նաև պետք է հասկանալ, որ գույնզգույնն ու «բաբըչկաները» մի փոքր ասոցացվում են ԼԳԲՏ համայնքի հետ։ Այդ առումով Հայաստանում ռիսկային է հագնվելը։ Ուստի, խորհուրդս հետևյալն է․ թող մեր հակահեղափոխականները սպիտակ հագուստ կրեն՝ քաթանից և բամբակից, մաքսիմալ ազատ։ Եվ, իհարկե, ամառվա տապին աշխատեն դրսում քիչ լինել։