Մանիպուլյացիայի մեխանիկա

Մանիպուլյացիայի մեխանիկա

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ցույցի՝ համացանցում տեղադրված տեսանյութի մի հատվածը մանիպուլյացիայի դասական օրինակ կարելի է համարել: Մի տիկին հայտարարում է, որ Արցախում եւ Հայաստանում ամեն լավի համար պարտական ենք Ռոբերտ Քոչարյանին: Սա էժանագին հնարք է, որ գործի է դրվել նաեւ այլ դեպքերում եւ դրսեւորվելու է նաեւ ապագայում: Թվում է՝ գործ ունենք շարքային ամբոխավարության հետ, բայց երեւույթը չափազանց խորքային է եւ շոշափում է մեր կայացածության խնդիրը:

Այս իմաստով ուշագրավ է, որ երբ Դավիթ Շահնազարյանը Սասուն Միքայելյանին մեղադրեց Օմարի լեռնանցքը «հանձնելու» մեջ, մամուլում հանդես եկան դեպքերի ականատեսներ, որոնց վկայությունները հիմնովին փոխում են այդ ռազմագործողության եւ առհասարակ պատերազմի մասին պատկերացումները: Անցած քսանհինգ տարիներին այդ թեմայով այնքան «աղբ» է հրապարակվել, որ իրականությունը անսահմանորեն հեռացել է մեզնից, կորսվել հատուկենտ պարկեշտ մարդկանց անձնական հիշողություններում: Այսօր, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, բայց էապես ամեն ինչ կմնա նույնը, եթե նախկին անձնավորվածությունը փոխարինվի նորով, եւ ղարաբաղյան շարժման, պատերազմի պատմությունը չենթարկվի անաչառ եւ ապաքաղաքական հայացքի մանրազնին վերլուծության: Դա սոսկ պատմագիտական խնդիր չէ, այլ՝ քաղաքական, եթե կուզեք՝ իմացաբանական, քաղաքակրթական:

Որովհետեւ հանրային կարծիքի մանիպուլյացիան մի կողմից աղավաղել է անցյալի իրականությունը, մյուս կողմից՝ ստեղծել մի իռացիոնալ «իրականություն», որտեղ ղարաբաղյան պատերազմի բոլոր մասնակիցներն անխտիր «արյուն թափած տղերք են», իսկ քիչ թե շատ աչքի ընկածները՝ «հերոսներ»: Այդ հիերարխիայի ամենավերին սանդղակին կանգնած են պատերազմի դաշտային հրամանատարները, խմբապետերն ու կամավորական ջոկատների առաջնորդները: Նրանք ստվերում են թողել պրոֆեսիոնալ զինվորականներին: Ու՞մ գիտի այսօրվա դպրոցականը ղարաբաղյան պատերազմից, ովքե՞ր են դասագրքային ու պատմագիտական կոչվող գրքերի հերոսները: Անուններ չտամ, բայց այդ շարքում պրոֆեսիոնալ զինվորականներ չկան: Մինչդեռ պատերազմի ամենամեծ ծանրությունը կրել են նրանք:

Որովհետեւ նրանք են եղել բանակի, ինքնապաշտպանության ուժերի ուղեղային կենտրոնը: Եթե պատմաբանը տարրական բարեխղճություն ունենար եւ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության կազմակերպման ռազմական ծրագրովորման գործում բացահայտեր պրոֆեսիոնալ զինվորականներին, ապա մանիպուլյացիայի տեղ չէր մնա եւ չէին հայտարարի, որ պատերազմը Ռոբերտ Քոչարյանն է վարել: Այո, նա եղել է Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ: Նրա ղեկավարությամբ է կազմավորվել կանոնավոր բանակը, ստեղծվել պաշտպանական շրջաններ:

Բայց դա ոչ այնքան ռազմական, որքան զուտ քաղաքական գործունեություն էր, ընդ որում՝ Հայաստանի իշխանությունների բացարձակ աջակցության պայմաններում: Իսկ պատերազմի հարցերը կարգավորվել են ավելի բարձր քաղաքական եւ ռազմական ծրագրավորումների մակարդակում: Փոխված քաղաքական իրավիճակը պահանջում է նաեւ գաղափարա-քաղաքագիտական վերանայումներ: Պատերազմի պատմությունը սպասում է իր ուսումնասիրողին: Որպեսզի կանխվի մանիպուլյացիայի մեխանիկան: